ԵՊԲՀ հյուրերն այսօր Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի ներկայացուցիչներն էին` ինստիտուտի տնօրեն, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլենի գլխավորությամբ:
2022թ․ստեղծված Հայաստանի ֆրանսիական ինստիտուտը Ֆրանսիայի դեսպանության լեզվական, համալսարանական և մշակութային քաղաքականությունը վարող բաժինն է: Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի հետ հանդիպման նպատակը համագործակցության հնարավորությունների ուրվագծումն ու քննարկումն էին:
«Մեր փոխհարաբերություններն զարգանում են բազմաթիվ համալսարանական ծրագրերի շրջանակում: Համատեղ համագործակցության արդյունքներից է 2021 թվականի հոկտեմբերին բժշկական համալսարանում Հայ-ֆրանսիական առաջին գիտաբժշկական համաժողովի անցկացումը»,- նշեց Արմեն Մուրադյանը` հավելելով, որ Լեոնի և Մարսելի համալսարանների հետ գործակցությունը մեծ ազդեցություն է թողել համալսարանական գործընթացների վրա:
Ռեկտորը կարևորեց նաև այն հանգամանքը, որ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի` Զինվորի տան գործունեությունը մշտապես ֆրանսիացի գործընկերների ուշադրության կենտրոնում է:
«Հայաստանում մեր հիմնական առաքելությունը ֆրանսերենի ուսուցանումն է, կրթությունը: Եվ մեր այցի հիմքում բժշկական համալսարանում ֆրանսերեն դասերի կազմակերպումն է»,- ասաց Հայաստանի Ֆրանսաիական ինստիտուտի տնօրեն Գիյոմ Նարժոլեն, որը բուհի ռեկտորի և համալսարանի միջազգային կապերի և հետբուհական կրթության պատասխանատուների հետ քննարկեց առաջիկա ծրագրի կյանքի կոչման հնարավորությունները:
Բժշկական բուհի ղեկավարը շեշտեց, որ համալսարանը պատրաստակամ է աջակցել նորաստեղծ ինստիտուտին նախանշված դասընթացների անցկացման հարցում:
Այս գործում նա ընդգծեց մասնակից ապագա բժիշկների լեզվի իմացության որակական փոփոխությունները, որոնք կնպաստեն տարբեր ոլորտներում հենց բժշկական ֆրանսերենի իմացության խորացմանը:
Նախորդ տարի ստեղծված Հայաստանի ֆրանսիական ինստիտուտը սերտորեն համագործակցում է Հայաստանում ֆրանսիական ցանցի այլ կրթական հաստատությունների հետ:
Կառույցը գործունեությունը ծրագրում է իրականացնել հետևյալ երեք ուղղություններով` լեզվի կենտրոնով, Campus France տարածքի ձևավորմամբ և մշակութային ծառայությամբ:
Նախանշվածը ինստիտուտը ծրագրում է կյանքի կոչել կրթության պատասխանատուների (ԿԳՄՍ նախարարություն, տեղական ինքնակառավարման մարմիններ, մշակութային վայրեր, փառատոններ, համալսարաններ) հետ գործընկերությամբ։
Մշակույթին ուղղված` Արմեն Մուրադյանն առաջարկեց կազմակերպել ֆրանսիական արվեստին նվիրված բուհական միջոցառումներ, ինչպես նաև համերգ Զինվորի տանը բուժում ստացող տղաների մասնակցությամբ: