«Հեռացրե՛ք շորերը տուժածի կրծքավանդակից». սա հայալեզու դեֆիբրիլյատորի հրահանգներից է:
Շարունակվում են բժշկական համալսարանի՝ մասնավորապես ԵՊԲՀ շտապ օգնության և աղետների բժշկության ամբիոնի, ինչպես նաև «Հենար» հիմնադրամի համատեղ ջանքերով՝ առաջին բուժօգնության BLS (Basic Life Support) դասընթացները, որոնց շրջանակում գործարկվել է հայալեզու դեֆիբրիլյատորը:
Ծրագրի պատասխանատու, անեսթեզիոլոգ Արմեն Հովհաննիսյանը պարզաբանում է, որ ուսանողների և կլինիկական օրդինատորների շրջանում անգլերեն և ռուսերեն դեֆիբրիլյատոր կիրառելու որևէ խոչընդոտ չկա, սակայն, հաշվի առնելով այլ մասնագիտությունների, օրինակ սպասարկման ոլորտի աշխատողների դիմելիությունը, անհրաժեշտություն է առաջացել ներդնել նաև կյանքին սպառնացող իրավիճակներում առաջին բուժօգության սարքավորման հայերեն հնչողությամբ տարբերակը:
«Մենք նկատեցինք, որ շատ մարդիկ չեն հասկանում ոչ անգլերեն, ոչ ռուսերեն հրահանգները: Սիմուլյացիոն միջավայրում՝ մանեկենի վրա, հրահանգների պատշաճ կատարումը չապահովելու դեպքում, իրական պայմաններում՝ տուժածի նկատմամբ, դրանց արդյունավետ իրականացումն առավել ևս կարող է դառնալ անհնար:
Տուժածին առաջին բուժօգնություն տրամադրելու գործընթացը սթրեսային է, և տեղին չէ սխալ հրահանգ կատարելը կամ հրահանգ չհասկանալը: Մենք եկանք այն եզրակացության, որ Հայաստանում անհրաժեշտ է ապահովել հայերենով դեֆիբրիլյատորների առկայություն՝ թե՛ ուսումնական նպատակներով կիրառվող, թե՛ իրական օգտագործման համար նախատեսված: Ես և Շտապ օգնության և աղետների բժշկության ամբիոնի վարիչ, դոցենտ Արա Ղազարյանը դիմեցինք տարբեր կազմակերպությունների, որոնք զբաղվում են դեֆիբրիլյատորների ներմուծմամբ Հայաստան։ Սակայն հետաքրքրվածությունը մեծ չէր, և գործընթացը զուրկ էր կոմերցիոն գործոնից։ Այդ պատճառով նախաձեռնությունը վերցրինք մեզ վրա և ինքներս սկսեցինք դրա իրականացումը։
Արդյունքում, Չինաստանում գտնվեց մի կազմակերպություն, որը համաձայնեց աջակցել մեզ»,-նշում է Հովհաննիսյանը։
Նրա փոխանցմամբ՝ ինստրուկտորները մշակել են հայերեն լեզվական փաթեթը, իսկ անեսթեզիոլոգ Վլադիմիր Հարությունյանը ձայնագրել է հրահանգները. «Այսպիսով, ստեղծվեց առաջին հայալեզու դեֆիբրիլյատորը, որը «խոսում է» բժիշկ-դասախոսի ձայնով։ Սա ևս կարևոր հանգամանք է, որ դեֆիբրիլյատորի միջոցով հնչող հրահանգները փոխանցվում են մասնագետի կողմից, ոչ թե մեկնաբանի։
Սրանք կամավորների կողմից կատարվող հստակ և կարճ հրահանգներ են։ Այսօր Հայաստանում արդեն առկա են թե՛ ուսումնական, թե՛ իրական դեֆիբրիլյատորներ, որոնք գործում են մեր մայրենի լեզվով։ Նման սարքերի առկայությունը հատկապես կարևոր է հանրային վայրերում՝ սրճարաններում, փողոցներում և այլ մարդաշատ տարածքներում»։
Արմեն Հովհաննիսյանի խոսքով՝ հիվանդանոցից դուրս ցուցաբերվող առաջին օգնության հիմնական նպատակը յուրաքանչյուր մարդու հնարավորություն տալն է արագ արձագանքելու և կյանք փրկելու։ Կյանք փրկող սարքավորումների տեղայնացումն ու ադապտացիան մեր երկրում կարևոր և առաջնահերթ գործընթաց է:
Ծրագրի շրջանակում իրականացվում են 2,5 ժամ տևողությամբ դասընթացներ՝ 15–20 հոգանոց խմբերով։ Դրանցից մոտ մեկ ժամը մասնակիցները զբաղվում են գործնական աշխատանքով՝ ձեռքերի կիրառմամբ։ Դասընթացը կազմակերպված է այնպես, որ դեֆիբրիլյատորի օգտագործումը մասնակցի կողմից հասցվի գրեթե ավտոմատ մակարդակի։
«Ներկայումս ձևավորել ենք թրեյնինգ կենտրոն, և 2025 թվականի հոկտեմբերից մինչև այսօր արդեն վերապատրաստել ենք ավելի քան 700 մասնակցի՝ ուսանողներ, կամավորներ, բժիշկներ և բուժքույրեր, ովքեր անցնում են բազային վերակենդանացման հմտություններ։ Կամավորների համար դասընթացը տևում է 2,5 ժամ, իսկ բուժաշխատողների համար՝ մինչև 6 ժամ՝ նյութի ավելի խորը և լիարժեք յուրացման նպատակով»: