Մայիսի 30-ից հունիսի 5-ը անցկացվել է «Կաթիլ 2022» ամառային ճամբարը Շաքարային դիաբետ տիպ 1 ունեցող երեխաների համար։
Հայաստանի տարբեր մարզերից 35 երեխա մասնակցել է ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի հանրապետական մանկական էնդոկրին դիսպանսերի ամառային ճամբարին, որը 11-րդ անգամ անցկացվեց Արզնի թիվ 1 առողջարանում։
«Ձևավորված ավանդույթի համաձայն ևս մեկ սպասված և կարևոր միջոցառում էինք կազմակերպել փոքրիկների համար։ Ճամբարային առօրյան լի էր դրական էմոցիաներով, նոր ծանոթություններով և հագեցած մշակութային գործունեությամբ»,- պատմում է ԵՊԲՀ էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգիայի կլինիկայի ղեկավար Ելենա Աղաջանովան։
Նրա փոխանցմամբ` ճամբարի վերջին օրը ծնողների և «Մուրացան» հիվանդանոցային համալիրի Էնդոկրինոլոգիական բաժանմունքի բժիշկների համար երեխաները պատրաստել էին տոնական հանդես։
«Երեկոն ավարտվեց արդեն ավանդույթ դարձած խարույկով, որի շուրջ երեխաները պարեցին քոչարի։ Ճամբարը կյանքի կոչվեց շնորհիվ մեր ընկերների` «Կաթիլ» բարեգործական հիմնադրամի, ԱՄՆ-ի AHABA, AAMS կազմակերպություններ և «Մուրացան» համալիրի Էնդոկրինոլոգիական բաժանմունքի բուժանձնակազմի»,- շեշտում է պրոֆեսոր Աղաջանովան` հավելելով, որ ճամբարը բացի ուրախ և զվարճալի լինելուց նաև վայր էր, որտեղ երեխաները ձեռք բերեցին նոր ընկերներ, գիտելիքներ և հմտություններ, լինելով ապահով ձեռքերում։