Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մայիսի 3-ին կայացավ մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի պրոֆեսոր Հ․Ա․ Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիայի XVII միջազգային գիտագործնական համաժողովը՝ այս անգամ «Երևանյան VIII դերմատոսկոպիական ընթերցումներ․ տեսնել և մակաբերել պատկերի տակի պատկերները» խորագրով։
Մաշկավեներաբանության, դերմատոսկոպիայի‚ ուռուցքամաշկաբանության‚ բժշկական կոսմետոլոգիայի հիմնահարցերին նվիրված խոշորագույն միջազգային ֆորումի աշխատանքներին մասնակցում էր շուրջ 250 մասնագետ։
Համաժողովի մասնակիցներին բժշկական բուհի և ռեկտոր Արմեն Մուրադյանի անունի ողջունեց Գիտության գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը։ «Ես կցանկանայի, որ նմանատիպ ֆորումները պահպանեին ժամանակակից բժշկագիտությանը բնորոշ խորությունը: Ի վերջո, երբ մենք քննարկում ենք այս դարի գիտությունը, պարզ է դառնում, որ կենսաբժշկության բարձրագույն ձեռքբերումներն արտացոլվում են գործնական բժշկության մեջ», – նշեց պրոռեկտորը՝ հայ և ռուս գործընկերներին հորդորելով կիսվել մաշկավեներոլոգիայի աշխարհում առկա ձեռքբերումներով և իրենց իսկ բացահայտումներով, իսկ համաժողովին՝ մաղթելով բարի երթ։
Բացման խոսքով հանդես եկավ նաև ԵՊԲՀ մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Խաչիկ Խաչիկյանը։ Համալսարանական մասնագետն անդրադարձավ մաշկային ենթասուր կարմիր գայլախտի կլինիկական, դերմատոսկոպիական և ախտահյուսվածքաբանական առանձնահատկություններին։
Պրիվոլժիեի հետազոտական բժշկական համալսարանի մաշկային և վեներական հիվանդությունների ամբիոնի վարիչ, համալսարանական կլինիկայի մաշկի ուռուցքների ախտորոշման և բուժման գիտագործնական կենտրոնի ղեկավար Իռենա Շլիվկոյի խոսքով՝ սա մասնագետների հանդիպում է, երբ իրենց կաբինետներում նստած և պացիենտներին ընդունող բժիշկները հանդիպում են միմյանց։ «Նրանք բացառիկ հնարավորություն ունեն շփվելու, մասնագիտական նորություններով փոխանակվելու։ Երկրորդ, ֆորումի շրջանակում շատ հետաքրքիր ցուցահանդես է անցկացվում, և առաջատար ընկերությունները ներկայացնում են նորագույն ապրանքները», – շեշտեց մասնագետը։
Համաժողովից առաջ՝ մայիսի վերջին կայանալիք Մելանոմայի օրվա նախօրեին, հայ և ռուս մաշկաբանները վարպետության դաս անցկացրին մաշկի ուռուցքների ախտորոշման վերաբերյալ։ «Այս հանդիպումը ցույց տվեց, որ Հայաստանն առանձնանում է բարձրակարգ մասնագետներով։ Հայ բժիշկներն օժտված են մասնագիտական շատ բարձր որակներով․ նրանք ծանոթ են ամենաժամանակակից միտումներին, նրանց համար հասանելի են ամենաժամանակակից սարքավորումները», – ընդգծեց Իռենա Շլիվկոն։
Նրա զեկույցը կրում էր «Նևուսները՝ երեխաների շրջանում, վարման մարտավարությունը» խորագիրը։
Ռուս մասնագետի գնահատմամբ՝ կարևոր է՝ ինչի վրա ուշադրություն դարձնել, ինչը հանգիստ թողնել, որտեղ մայրը պետք է մտահոգվի, և որտեղ պետք է պարզապես հետևի երեխային և չմիջամտի։ «Սա նաև յուրատեսակ ծնողական և բժշկական իմաստություն է. պետք չէ ամեն ինչ շտկել, երբեմն պետք է ուղղակի հաճույքով դիտել, թե ինչպես են վերափոխվում այդ կազմավորումները», – նշեց Իռենա Շլիվկոն:
ՌԴ ՆԳՆ թիվ 2 Կենտրոնական պոլիկլինիկայի ՄՎ բաժանմունքի վարիչ, ՌԴ ԲԳԱ «Հիմնարար ՄՎ և կոսմետոլոգիա» բաժնի խորհրդատու, դերմատոսկոպիայի և ՄՕԱ ռուսական ընկերակցության վարչության անդամ, «Ոսկե դերմատոսկոպի» ազգային մրցանակի դափնեկիր Միխայիլ Ուստինովի փոխանցմամբ՝ առաջին նմանատիպ ֆորումն անցկացվել էր դեռևս տասը տարի առաջ՝ 2015 թվականին։ «Այդ ժամանակվանից ի վեր մենք կարողացել ենք այս համաժողովն անցկացնել տարին երկու անգամ, բացառությամբ COVID-19-ի համավարակի տարիների։ Սա մասնագիտացման այն ոլորտն է, որն այսօր բժիշկներին տալիս է ախտորոշիչ նոր կարողություններ։ Եթե նախկինում խոսում էինք բացառապես մաշկի ուռուցքների մասին, ապա այժմ խոսքը վերաբերում է նաև դերմատոզներին, տրիխոլոգիական խնդիրներին, դերմատոսկոպիայի ներմուծմանը նաև կոսմետոլոգիայի ոլորտ։ Մեզ համար կարևոր է, որպեսզի դասախոսությունները չկրկնվեն, յուրաքանչյուր նման միջոցառում նոր գիտելիք հաղորդի», – շեշտեց Միխայիլ Ուստինովը, որի զեկույցը վերաբերում էր դեմքի լենտիգինային գոյացությունների տարբերակիչ ախտորոշման մեջ դերմատոսկոպիայի դերին։
Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանի մաշկավեներաբանության և կոսմետոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Իրինա Սմիրնովայի համոզմամբ՝ կոնֆերանսն արտացոլում է բոլոր ժամանակակից միտումները, որոնք ներկայումս առկա են բժշկության և մաշկաբանության մեջ։ Նրա զեկույցը նվիրված էր գլխամաշկի հիվանդություններին, այսինքն՝ տրիխոլոգիական խնդիրներին։ Իրինա Սմիրնովան ներկայացրեց դերմատոսկոպիայի դերն այս կատեգորիայի հիվանդությունների ախտորոշման մեջ։
Համալսարանական հարկի ներքո մասնակիցները քննարկեցին նաև դեմքի մաշկի նորագոյացությունների դերմատոսկոպիան, պորտի մաշկային ախտաբանության դերմատոսկոպիական առանձնահատկությունները, արհեստական ինտելեկտի մարտահրավերներն ու ռիսկերը 21-րդ դարում, երեքնուկանման կառույցները դերմատոսկոպիական սեմիոտիկայում, եղունգների տափակբջջային քաղցկեղը, ցողունային բջիջների կիրառման հեռանկարները մաշկաբանության մեջ, բոտուլինոթերապիայի ներուժային հնարավորությունները բժշկական կոսմետոլոգիայում և բազմաթիվ այլ արդի հիմնախնդիրներ։