Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Հայաստանում 2023-ին` 2022-ի համեմատ արձանագրվել է առաջին անգամ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվածների թվի անկում` ավելի քան  5 անգամ 

Հայաստանում 2023-ին` 2022-ի համեմատ արձանագրվել է առաջին անգամ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվածների թվի անկում` ավելի քան  5 անգամ 

Դեկտեմբերի 3-ը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է: Միավորված ազգերի կազմակերպության կողմից 1992թ.-ից նշվող Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը նշվում է ամեն տարի ԱՀԿ-ի, ՄԱԿ-ի և մի շարք գործընկեր կազմակերպությունների կողմից:

Այս տարի այն անցկացվում է «Հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպչական հմտությունների ամրապնդում՝ ի շահ ընդգրկուն և կայուն ապագայի» խորագրի ներքո:

Այս օրը ԱՀԿ-ն, միանալով աշխարհի մյուս գործընկերներին, կոչ է անում գործողություններ ձեռնարկել հաշմանդամություն ունեցող անձանց համար կայուն զարգացման նպատակներին հասնելու համար` հենց հաշմանդամություն ունեցող անձանց հետ միասին և հանուն նրանց:

Այսօր երկրագնդի բնակչությունը կազմում է ավելի քան ութ միլիարդ մարդ, և ավելի քան 1.3 միլիարդ մարդ, կամ երկրագնդի բնակչության մոտավորապես 16%-ը կամ 6 մարդուց 1-ը, ապրում է ինչ-որ տեսակի հաշմանդամությամբ, նրանց շուրջ 80%-ն ապրում է զարգացող երկրներում: Հաշմանդամություն ունեցող մարդկանց կյանքի միջին տևողությունը շուրջ 20 տարով ավելի կարճ է, նրանք տարբեր հիվանդությունների զարգացման ավելի մեծ ռիսկ և ավելի շատ սահմանափակումներ ունեն առօրյա գործունեության մեջ, քան բնակչության մնացած մասը: Հաշմանդամություն ունեցող անձանց մոտ երկու անգամ ավելի մեծ է այնպիսի հիվանդությունների զարգացման ռիսկը, ինչպիսիք են դեպրեսիան, ասթման, շաքարային դիաբետը, ինսուլտը, գիրությունը կամ ճարպակալումը:

Հաշմանդամություն ունեցող անձանց համար 15 անգամ ավելի դժվար է օգտվել մատչելի տրանսպորտից, քան հաշմանդամություն չունեցող մարդկանց համար:

«Հերացի» վերլուծականը փաստում է, որ առողջության անհավասարությունը տեղի է ունենում հաշմանդամություն ունեցող անձանց առջև ծառացած անարդար պայմանների պատճառով, ներառյալ խարանը, խտրականությունը, աղքատությունը, կրթության և զբաղվածության բացառումը և բուն առողջապահական համակարգի առջև ծառացած խոչընդոտները:

Առողջության այս անբարենպաստ հետևանքները անվանում են «առողջության անհավասարություններ», որոնք պայմանավորված են անարդար գործոններով, ինչպես առողջապահության ոլորտում, այնպես էլ դրանից դուրս այլ ոլորտներում, սակայն դրանցից հիմնականում հնարավոր է խուսափել:

Այս տարի ընտրված խորագիրն արտացոլում է հաշմանդամություն ունեցող անձանց կարևոր դերը բոլորի համար ավելի ընդգրկուն և կայուն աշխարհ ստեղծելու գործում: Այն նաև ընդգծում է հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցության կարևորությունը որոշումների կայացման գործընթացներում, որոնք ազդում են նրանց կյանքի վրա:

Այն արտացոլում է ներկայիս միջազգային քաղաքական և ռազմավարական համատեքստը, մասնավորապես՝ Ապագայի Պակտը և 2025թ.-ին կայանալիք սոցիալական զարգացման համաշխարհային գագաթնաժողովը, 2030 թվականի օրակարգին հասնելու համար նոր թափ առնելու անհրաժեշտությունը: Այս թեման նպատակ ունի ընդգծել հաշմանդամություն ունեցող անձանց կենտրոնական, առաջնորդող դերը այս բոլոր ջանքերում՝ համաշխարհայինից մինչև տեղական:

Հայաստանում, վիճակագրական կոմիտեի տվյալներով, հաշվառված հաշմանդամություն ունեցող անձանց թիվը 2024թ.-նի հուլիսի 1-ի դրությամբ, կազմում է 173.856 մարդ, որից 83.396 կանայք են, իսկ 7642-ը (4.4%) մինչև 18 տարեկան երեխաներ են: Ընդհանուր թվի 50%-ից ավելին` 91.097-ը կենսաթոշակային տարիքի և բարձր անձիք են: Հարկ է նշել, որ 2024թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ ունեցած տվյալների և 2023թ.-ի նույն ժամանակահատվածի տվյալների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ՀՀ-ում հաշվառված հաշմանդամություն ունեցող անձանց ցուցանիշներում նվազում է արձանագրվել. մեծահասակների դեպքում նվազումը կազմել է 7.8%, իսկ մինչև 18 տարեկան երեխաների դեպքում այն կազմել է շուրջ 15%:

Նվազման ակնհայտ միտում կա առաջին անգամ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվածների թվի առումով:  Օրինակ, 2023թ.-ին այն կազմել է 2674,  իսկ 2022թ.-ին այդ թիվը եղել է 13.627, 2021թ.-ին`15.410, 2020թ.-ին`11.555, իսկ 2019թ.-ին`14.021: Դատելով առաջին անգամ հաշմանդամ ճանաչված անձանց թվի` տարեցտարի նվազման ցուցանիշից, կարող ենք ասել, որ 2021թ.-ին գրանցված ամենամեծ` 15.410 թվի հետ համեմատ, 2023թ.-ին գրանցված դեպքերը նվազել են շուրջ 83%-ով, իսկ 2022թ.-ի համեմատ նվազումը կազմել է 80%: Ըստ հաշմանդամության կարգերի` I, II և III, տոկոսային հարաբերակցությունը ունի հետևյալ տեսքը` I կարգ – հաշմանդամություն ունեցող անձանց ընդհանուր թվաքանակի 2.9%, II կարգ`20.6%, և III կարգ`69.4%: Ընհանուր թվից, առաջին անգամ հաշմանդամ ճանաչված անձանց  56.7%-ը աշխատունակ տարիքի մարդիկ են:

Հաշմանդամության պատճառ դարձած հիվանդությունների շարքում (100.000 բնակչի հաշվով) առաջին տեղում են չարորակ նորագոյացությունները` 24.6%, հաջորդը` 24.1% ցուցանիշով արյան շրջանառության համակարգի հիվանդություններն են, երրորդ տեղում են նյարդային համակարգի և զգայական օրգանների հիվանդությունները` 8.8% ցուցանիշով, այնուհետև ոսկրամկանային համակարգի և շարակցական հյուսվածքների հիվանդությունները` 7.6%, իսկ հոգեկան և վարքի խանգարումները կազմում են 6.5%-ը:

Այսպիսով, առողջ և բարեկեցիկ հասարակություն ունենալու համար, որը չի առաջնորդվի խտրական վերաբերմունքով հատուկ կարգավիճակ ունեցող անձանց հանդեպ, նախևառաջ անհրաժեշտ է` 

  • Կրթել, սովորեցնել, իրազեկել հասարակությանը:
  • Վեր կանգնել մարդկանց խարանելու և պիտակավորելու բացասական երևույթից:
  • Նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց առաջնային դերի ընդլայնմանը կյանքի բոլոր ոլորտներում:
  • Հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավվածության ապահովումը հասարակական կյանքի բոլոր ասպեկտներում:
  • Որոշումների կայացման գործընթացներում նրանց մասնակցության ընդլայնումը:
  • Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին իրազեկվածության բարձրացումը:
  • Տոնել, քաջալերել հաշմանդամություն ունեցող անձանց նվաճումները:
  • Գիտակցել, որ բոլոր մարդիկ ունեն միևնույն հավասար իրավունքներն ու պարտականությունները: