Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Հայաստանում մանկական քաղցկեղի՝ տարեկան գրանցված դեպքերի առողջացման ցուցանիշը 75% է

Հայաստանում մանկական քաղցկեղի՝ տարեկան գրանցված դեպքերի առողջացման ցուցանիշը 75% է

Ըստ ԱՀԿ տվյալների` յուրաքանչյուր տարի 0-19 տարեկան 400.000 երեխայի և դեռահասի մոտ ախտորոշվում է քաղցկեղ:

Երեխաների մոտ քաղցկեղի ամենատարածված տեսակներն են`

  • լեյկոզներ,
  • ուղեղի քաղցկեղ
  • լիմֆոմաներ և այնպիսի ուռուցքներ, ինչպիսիք են նեյրոբլաստոման և Վիլմսի ուռուցքները:

Հայաստանում տարեկան արձանագրվում է մանկական քաղցկեղի 80-ից 100 դեպք, որոնց ուղիղ կեսը բաժին է հասնում լեյկեմիաներին և լիմֆոմաներին: Սոլիդ ուռուցքներից առավել տարածված են կենտրոնական նյարդային համակարգի ուռուցքները, ոսկրերի և փափուկ հյուսվածքների ուռուցքները՝ օստեոսարկոման, Յուինգի սարկոման։

Բարձր եկամուտ ունեցող երկրներում, որտեղ ընդհանուր առմամբ հասանելի են բուժօգնության համապարփակ ծառայություններ, բուժվում է քաղցկեղով հիվանդ երեխաների ավելի քան 80%-ը: Ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում բուժվում է 30%-ից պակաս:

Հայաստանում տարեկան գրանցված դեպքերի առողջացման ցուցանիշը 75% է։ Սա նշանակում է, որ 100 երեխայից 75–ն ամբողջապես առողջանում է։ Այսինքն՝ հաջորդ 5 տարիներին հիվանդության կրկնություն նրա մոտ չի արձանագրվում։ Առողջացման 75%-անոց ցուցանիշը շատ մոտ է միջազգային լավագույն ցուցանիշներին։ Օրինակ՝ Գերմանիայում խոսքը 80-85%–ի մասին է, իսկ ԱՄՆ-ում  և Եվրոպայի որոշ զարգացած երկրներում առողջացման ցուցանիշը կազմում է 85%:

Մանկական քաղցկեղի տեսակների մեծ մասը կարելի է բուժել ընդհանուր դեղամիջոցներով և բուժման այլ ձևերով, ներառյալ վիրահատությունը և ճառագայթային թերապիան:

Ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում երեխաների մոտ քաղցկեղից կանխարգելվող մահերի հիմնական պատճառներն են ախտորոշման բացակայությունը, սխալ կամ ոչ ժամանակին արված ախտորոշումը, բուժօգնության հասանելիության խոչընդոտները, բուժումից հրաժարվելը, տոքսիկոզից և ռեցիդիվից մահվան դեպքերը:

Ցածր եկամուտ ունեցող երկրների միայն 29%-ն է հայտնում, որ քաղցկեղի դեմ դեղամիջոցներն, ընդհանուր առմամբ, հասանելի են իրենց բնակչությանը, մինչդեռ բարձր եկամուտ ունեցող երկրների 96%-ին դրանք հասանելի են:

Երեխաների մեծ մասը, ովքեր ապրում են ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում, չեն կարող անընդհատ քաղցկեղի դեմ դեղեր ստանալ կամ իրենց թույլ տալ գնել դրանք: Արդյունքում տարեկան մահանում է մոտ 100.000 երեխա։

Քաղցկեղով հիվանդ 10 երեխայից գրեթե 9-ն ապրում է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում:

Մանկական քաղցկեղի տվյալների հավաքագրման համակարգերում անհրաժեշտ է բուժօգնության ծառայությունների որակի շարունակական բարելավման և կատարելագործման աշխատանքների իրականացում:

Ի տարբերություն մեծահասակների քաղցկեղի՝ մանկական քաղցկեղի դեպքերի ճնշող մեծամասնությունը հայտնի պատճառ չունի: Շատ ուսումնասիրություններ ուղղված են եղել մանկական քաղցկեղի պատճառների բացահայտմանը, բայց երեխաների քաղցկեղի շատ քիչ տեսակներն են պայմանավորված շրջակա միջավայրի կամ կենսակերպի գործոններով: Երեխաների քաղցկեղի կանխարգելման ջանքերը պետք է կենտրոնանան այն վարքագծի վրա, որը կանխելու է երեխայի կանխարգելելի քաղցկեղի զարգացումը հասուն տարիքում:

Որոշ քրոնիկ վարակներ, ինչպիսիք են՝ ՄԻԱՎ-ը, ինֆեկցիոն մոնոնուկլեոզը, մալարիան, երեխաների մոտ քաղցկեղի զարգացման ռիսկի գործոններ են: Դրանք հատկապես արդիական են ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում։ Այլ վարակները կարող են մեծացնել երեխայի հասուն տարիքում քաղցկեղի զարգացման ռիսկը, ուստի կարևոր է պատվաստվել (հեպատիտ B-ի դեմ՝ լյարդի քաղցկեղը կանխելու համար, և մարդու պապիլոմավիրուսի դեմ՝ արգանդի վզիկի քաղցկեղը կանխելու համար) և օգտագործել այլ մեթոդներ, ինչպիսիք են քրոնիկ վարակների վաղ հայտնաբերումը և բուժումը, որոնք կարող են հանգեցնել քաղցկեղի:

Ներկայիս ապացույցները ենթադրում են, որ քաղցկեղով հիվանդ բոլոր երեխաների մոտ 10%-ը գենետիկ գործոնների պատճառով նախատրամադրվածություն ունի: Անհրաժեշտ են հետագա հետազոտություններ` երեխաների քաղցկեղի զարգացման վրա ազդող գործոնները պարզելու համար:

Քանի որ երեխաների մոտ քաղցկեղը կանխարգելելն, ընդհանուր առմամբ, անհնար է, երեխաների մոտ քաղցկեղի բեռը նվազեցնելու և արդյունքները բարելավելու ամենաարդյունավետ ռազմավարությունը ժամանակին, ճիշտ ախտորոշման վրա կենտրոնանալն է, ինչին հաջորդում է արդյունավետ, ապացուցահեն թերապիան և անհատական մոտեցումն ու լրացուցիչ խնամքը:

2018թ. սեպտեմբերին ԱՀԿ-ն հայտարարել է մանկական քաղցկեղի դեմ պայքարի նոր գլոբալ նախաձեռնության մասին, որի նպատակն է մինչև 2030 թվականը հասնել քաղցկեղով հիվանդ երեխաների առնվազն 60% ապրելիության մակարդակի՝ այդպիսով փրկելով ևս մեկ միլիոն կյանք: Այս նոր թիրախին հասնելու համար անհրաժեշտ է կրկնապատկել երեխաների քաղցկեղի բուժմանն ուղղված գլոբալ ջանքերը:

Սիրելի հայրենակիցներ, հիշե՛ք՝ քաղցկեղը դատավճիռ չէ, այն ախտորոշում է, որի վաղ և ժամանակին կատարումը բազմաթիվ կյանքեր է փրկում:

Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա այս տարվա կարգախոսն է «Նվազեցնել ապրելիության բացը»։