«Հերացի» ավագ դպրոցի աշակերտներ Ադրիանան և Ռոբերտը փետրվարի 21-ին մասնակցել են Կորեայի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ազգային Հանձնաժողովի կողմից կազմակերպված Մայրենի լեզվի միջազգային օրվան նվիրված նախաձեռնությանը: Աշակերտները հայերենով ձայնագրել են հատվածներ ֆրանսիացի գրող Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունից, որը տարբեր օտար լեզուներով ամենաշատ թարգմանված գիրքն է, Աստվածաշնչից հետո:
Նախաձեռնությանը, մեր հայ աշակերտների հետ մեկտեղ, մասնակցել են բազմաթիվ երեխաներ՝ իրենց մայրենի լեզվով ընթերցելով հատվածներ այս հանճարեղ ստեղծագործությունից:
«Հերացի» ավագ դպրոցում փետրվարի 21-ն առանձնացավ մայրենիին նվիրված միջոցառումներով: Օրն սկսվեց մայրենիի խորհուրդն իր մեջ կրող երգ-երաժշտությամբ, որն ապահովեց ոսկեղենիկ հայերենի քնարական հնչեղությունն ու հմայքը:
Աշակերտների անմիջական մասնակցությամբ ու մտահղացումներով կազմակերպվեցին տարաբնույթ ինտերակտիվ միջոցառումներով՝ «Ե′կ խոսենք, եղբա′յր իմ, հայերեն», «Ոչ թե…, այլ», «Բառքամոցի», «Շուտասելուկների աշխարհում», «Գտիր հոմանիշը» խորագրերով: Միջոցառումների ընթացքում կարևորվեցին ճիշտ և բազմերամգ խոսքը, լեզվի անաղարտության պահպանման անհրաժեշտությունը:
Կազմակերպվեց նաև «Լեզվի ուժը գրքերի աշխարհում» դաս-միջոցառում, որի ընթացքում աշակերտները, կարևորելով գրքերի լեզուն և խոսքը, մեջբերեցին իրենց հոգեհարազատ գրքերից հատվածներ՝ դրսևորելով սեփական մոտեցումներն ու վերաբերմունքը լեզվի ոճի և գեղեցկության նկատմամբ:
Օրն ամփոփվեց «Հայոց լեզուն հազարագանձ» բաց դասով, որտեղ արժևորվեց մայրենիի միջազային տոնի նշանակությունը՝ յուրաքանչյուր ազգի գոյության և ինքնության պահպանման գործում: