ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից անցկացվել է «Տարվա լավագույնները» մրցույթը, որին ուսուցիչներն ու մանկավարժական խմբերը ներկայացրել են ինչպես անհատական, այնպես էլ համատեղ ծրագրեր:
Մրցույթի «Հանրակրթական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի տնօրեն Նարինե Սարգսյանը:
Ավագ դպրոցի տնօրենը ներկայացրել է «Շրջված դասարան (ուսուցման կազմակերպման տարբեր եղանակներ, հեռավար ուսուցման ձևեր)» նախագիծը, որն արժանացել է հանձնաժողովի բարձր գնահատականին:
«Մեր հիմնական խնդիրն է՝ դպրոցում ստեղծել սովորելու վիրտուալ միջավայր, որից աշակերտը կկարողանա օգտվել օրվա ցանկացած ժամին և ցանկացած տևողությամբ։ Բացի այդ՝ մենք նպատակ ունեինք սովորեցնել ուսուցիչներին և աշակերտներին՝ աշխատել և սովորել «Շրջված դասարանում», ինչպես նաև իրական ժամանակում իրականացնել ուսուցանող գնահատում»,- նշում է Նարինե Սարգսյանը:
Հավելենք, որ մրցույթի նպատակը մանկավարժներին, կառավարման ժամանակակից միջոցներին տիրապետող տնօրեններին, մանկավարժական անձնակազմի աշխատակիցներին խրախուսելն է: Այն թույլ է տալիս տարածել նրանց մանկավարժական և մասնագիտական լավագույն փորձը, նպաստել հասարակության մեջ նրանց հեղինակության բարձրացմանը: