«Հերացի» պոլիկլինիկայի դպրոցի և նախադպրոցական հաստատությունների բաժինը՝ պատասխանատու, բժիշկ Մարինե Նազարյանի գլխավորությամբ, շարունակում է դպրոցականների շրջանում բարձրացնել առողջապահական, բժշկական տարբեր արդի թեմաների շուրջ իրազեկվածությունը:
Բժիշկ-մասնագետների հերթական դասը չուշացավ: «Այս անգամ անդրադարձել ենք վերարտադրողական համակարգի անատոմիային, ֆիզիոլոգիային: Խոսել եմ անհանգստացնող հնարավոր նշանների, փոփոխությունների մասին, որոնք տեղի են ունենում մարմնում»,- պատմում է համալսարանական բժիշկը` հավելելով, որ դպրոցականների հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են անձնական հիգիենային վերաբերող հարցեր:
«Դպրոցականները լսում են շատ ուշադիր, չնայած որ այս տարիքի դեռահասների ուշադրությունը դժվար է նվաճել: Նրանց կողմից հնչեցվում են կարևոր հարցեր: Գուցե ինչ-որ կերպ իրազեկված են, սակայն փորձը ցույց է տալիս, որ առավել պատշաճ ինֆորմացիայի տիրապետելու կարիք ունեն»,- ընդգծում է Մարինե Նազարյանը:
Սեռական հասունացման, վերարտադրողական ֆունկցիայի, անձնական հիգիենայի վերաբերյալ ուսուցողական զրույց է անցկացվել նաև 7-ից բարձր դասարանների աղջիկների հետ՝ այն հանրակրթական դպրոցներում, որոնց առաջնային բժշկական սպասարկումն իրականացվում է «Հերացի» համալսարանական պոլիկլինիայի կողմից:
Պետք է ընդգծել, որ հիգիենայի կանոններին տիրապետելը, այս թեմաներով գիտելիքների հարստացումն աշակերտների շրջանում կարևոր է, քանի որ դա նպաստում է առողջության պահպանմանն ու ամրապնդմանը:
Նշենք, որ պոլիկլինիկայի նախաձեռնությամբ իրազեկման ծրագիրը մեկնարկել էր դեռևս կորոնավիրուսային համավարակից առաջ:
Համալսարանական մասնագետներն արդեն երկրորդ տարին է շարունակում են դասընթացներն ու հանդիպումները դպրոցականների հետ: