Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Հերացիականների ևս մեկ սերունդ ճանապարհվեց դեպի նոր ու պատասխանատու կյանք

Հերացիականների ևս մեկ սերունդ ճանապարհվեց դեպի նոր ու պատասխանատու կյանք

Բժշկական մայր բուհի բակում, բաց երկնքի տակ տեղի ունեցավ ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի ավարտական միջոցառումը: Բժշկական համալսարանի լեփ-լեցուն բակը 183 շրջանավարտի ճանապարհեց դեպի մեծ ու պատասխանատու կյանք: Հիշարժան օրվա տոնական սկիզբն ազդարարեց «Հերացի» ավագ դպրոցի տնօրեն Նարինե Սարգսյանը:

«Եվս մեկ ուսումնական տարի ավարտվեց: Իմ շատ սիրելի շրջանավարտներ, դուք նոր կյանք եք մտնում, ուզում եմ, որ այն լինի արժանապատիվ: Շրջանավարտների շարքում են միջազգային օլիմպիադաների մասնակիցներ և մեդալակիրներ: Փառք ու պատիվ բոլոր այն աշակերտներին, ովքեր վստահաբար նոր կյանք պետք է մտնեն ստացած գիտելիքներով, կրթությամբ և այն արժեքային համակարգով, որը պատիվ կբերի իրենց ընտանիքներին և մեր հայրենիքին: Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում մեր մանկավարժական կոլեկտիվին, որը ոչ մի ջանք չի խնայում, որպեսզի ժպիտով, հարգալից, աշակերտակենտրոն մոտեցմամբ կրթություն մատուցի՝ պատիվ բերելով ավագ դպրոցին»,-նշեց ավագ դպրոցի տնօրենը` շնորհակալություն հայտնելով բժշկական համալսարանին շարունակական աջակցության համար։

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը շնորհավորելով շրջանավարտներին ՝ նորանոր ձեռքբերումներ մաղթեց:

«Մեզ համար այսօր ևս պատվարժան և հիշարժան օր է։ Հերացիականների մեկ սերունդ հանրակրթական փուլն ավարտելով թևակոխում է մեծ կյանք: Կարող ենք արձանագրել, որ 21-րդ դարում մարդն առանց կրթության, անշուշտ, կարող է լինել կենսաբանորեն երջանիկ, բայց նա չի կարող երջանկացնել ոչ իր ընտանիքին, ոչ իր ժողովրդին, եթե չունենա կրթական բարձր ցուցանիշ: Այս հնարավորությունը, որն ընձեռել են ձեզ ձեր ուսուցիչները ամենամեծ հարստություններից է: Երջանկության գրավականն է ՝ կրթություն ստանալ հայրենիքում: Կրթության այս փուլն ավարտելով՝ ձեզնից յուրաքանչյուրի առջև կա հնարավորություն շարունակել ակադեմիական կրթական համակարգում: Այն խստությունը, որը ինչ-որ չափով ձեզ լարվածության էր բերում այս փուլում, երկրորդ փուլում ավելի է բարձրանալու: Ես ուզում եմ, որ դուք այդ խստությանը վերաբերվեք որպես ձեր հնարավորությունների բազմապատկիչ, այդ խստությունը համեմված է գթասրտությամբ, ծնողական հոգատարությամբ»,-ասաց բուհի ղեկավարը՝ ընդգծելով, որ վերջին զանգը ապագայում նորանոր հաջողություններ կերտելու մեկնակետ է։

Տոնական միջոցառմանը ներկա էր նաև կրթության փորձագետ, հասարակական-քաղաքական գործիչ Անահիտ Բախշյանը, որը շնորհավորելով շրջանավարտներին իր բարեմաղթանքները հղեց. «Որպես լավատես մարդ նայում եմ ձեզ և ասում ՝ կեցցե՛ «Հերացի» ավագ դպրոց, որ ձեր պայծառ, անուշ աչքերն այսպես լուսավոր փայլում են»:

Այնուհետև ելույթի խոսքով հանդես եկան և շնորհավորական խոսքեր հնչեցրին նաև «Հերացի» ավագ դպրոցի փոխտնօրեններ Գայանե Աթոյանն ու Անահիտ Զոհրաբյանը, ինչպես նաև դպրոցի ավագ ուսուցիչները:

Ջերմ խոսքերից հետո, շրջանավարտների պարային ֆլեշմոբով և միասնության շուրջպարով ամփոփվեց տոնական ու գեղեցիկ միջոցառումը, որը մշտապես հիշելու առիթներ է պարգևելու հերացիականներին: