Հայատանի ուսանողական 27-րդ մարզական խաղերը դարձան ևս մեկ հարթակ, որտեղ բժշկական համալսարանի ուսանողները ցուցադրեցին իրենց մարզական բարձր պատրաստվածությունը։
Նրանք ուժերը փորձեցին շախմատի և բազկամարտի առաջնությանը՝ արժանանալով պատվավոր մրցանակների։
Շախմատի մրցումներում համալսարանի թիմը գրանցեց նշանակալի հաջողություն՝ թիմային հաշվարկում զբաղեցնելով երրորդ հորիզոնականը։ Թիմի կազմում ընդգրկված էին Ռոբերտ Մուրադյանը, Հակոբ Հակոբյանը, Վարազդատ Հարութինյանը և Վազգեն Խաչատրյանը։
Անհատական պայքարում Արփինե Գրիգորյանը զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ Ռոբերտ Մուրադյանը՝ երրորդ։
Հատկանշական է նաև, որ Վարազդատ Հարութինյանը միջազգային հարթակում ևս հաջողություն է ունեցել՝ դառնալով Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացված շախմատի մրցաշարի հաղթող։
Բազկամարտի առաջնությունում 70+ քաշային կարգում Մարիամ Սարգսյանը հաղթանակ տարավ թե՛ աջ, թե՛ ձախ ձեռքով մրցումներում։ Լիլիթ Խաչատրյանը 60 կգ քաշային կարգում գրավեց առաջին տեղը աջ ձեռքով և երկրորդ տեղը՝ ձախ ձեռքով։
Աննա Հարությունովան 70 կգ քաշային կարգում աջ ձեռքով մրցումներում զբաղեցրեց երրորդ հորիզոնականը։
Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի վարիչ Հարություն Թամիրյանը ընդգծեց՝ մեծ հպարտությամբ է արձանագրում ուսանողների շարունակական հաջողությունները.
«Արդեն հինգերորդ տարին է, ինչ համալսարանի թիմը մասնակցում է այս առաջնությանը և գրավում է պատվավոր տեղեր։Ուսանողների այս հաղթանակները կրկին ապացուցում են, որ ապագա բժիշկները հաջողություններ են գրանցում ոչ միայն մասնագիտության, այլև սպորտի ոլորտում՝ դառնալով օրինակելի և բազմակողմանի զարգացած երիտասարդներ»։