Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Հերացիականներին դեպի մեծ կյանք ճանապարհեցին հիմնանորոգվող դպրոցի շինհրապարակից

Հերացիականներին դեպի մեծ կյանք ճանապարհեցին հիմնանորոգվող դպրոցի շինհրապարակից

ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի «Հրաժեշտ պատանեկությանը» խորագրով ավարտական միջոցառումը բաց երկնքի տակ էր, դպրոցի շինհրապարակում:

Դպրոցի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել էին  2019 թվականի նոյեմբերին, պետք է ավարտվեին 2021 թվականի ամռանը, սակայն դեռ ընթացքի մեջ են:  Քանի որ արդեն շրջանավարտ աշակերտները չունեցան հնարավորություն սովորելու դպրոցի շենքում, որոշեցին ավարտական ուսանողական միջոցառումն անցկացնել հենց  հարազատ կրթօջախի տարածքում:

«Թևակոխում եք կյանքի նոր փուլ, որը հագեցած է լինելու մեծ պատասխանատվությամբ, որոշումներով, ընտրություններ կատարելով: Ձեր ունակություններն ու գիտելիքները, որոնք ձեռք եք բերել այս տարիներին, ծառայեցնելու եք Ձեր երկրին, ժողովրդին, ընտանիքներին»,- դիմելով հերացիականներին նշեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը՝ հավելելով, որ հրաժեշտ են տալիս դպրոցին, բայց ոչ ընկերներին և առավել ևս ուսուցիչներին, որոնց շնորհիվ կարողացել են ամբողջական պատկերացում ստեղծել այն մեծ կյանքի վերաբերյալ, որն այսօրվանից իրենց առջև է:

«Այդ կյանքը շատ հետաքրքիր է, լի դժվարություններով, մարտահրավերներով, հնարավորություններով: Ցանկանում եմ, որ յուրաքանչյուր դժվարություն, որը ձեր առջև ծառանա, դառնա հնարավորություն: Ձեր հնարավորությունները ծառայեցրեք առաջին հերթին հայրենիքին, մեր Հայաստանին, ունենաք երջանիկ, անփորձանք ապագա»,- ընդգծեց բժշկական բուհի ղեկավարը: 

Նրա գնահատմամբ՝ դպրոցում իրականացվող հիմնանորոգումը ևս մեկ օրինակ է, թե ինչպես է պետք պատասխանատու վերաբերվել պարտավորություններին: Օրինակ է նաև ջանքերի, որոնք բժշկական բուհը, դպրոցի ղեկավարությունը ներդնում են սովորողների համար՝ ժամանակակից հարթակների ստեղծման, կրթությունը միջազգային հնարավորություններով համադրելու ուղղությամբ:

«Հայրենիքում աշխատելն առանձնահատուկ երջանկություն է: Ընտրություն կատարելիս միշտ հիշեք, որ այդ ընտրությունը հայրենիքում իրականացնելը երջանկության հիմքն է: Երբեք մի կորցրեք կապը դպրոցի, ուսուցիչների և հայրենիքի հետ: Սա ամուր հաջողությունների գրավականն է»,- հավելեց ռեկտորը:

«Հերացի» դպրոցի հիմնանորոգումն իրականացվում է Ասիական զարգացման բանկի միջոցոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ:

Շինհրապարակում միջոցառման անցկացումը պատահական չէր, այն հատուկ խորհուրդ ուներ. այն է հետագա կյանքը նախագծել ու կառուցել ամուր հիմքերի վրա և որակով:

«Կյանքը, ինչպես և շենքը պետք է ճիշտ նախագծել և կառուցել, որպեսզի ունենաք ամուր կառույց: Մաղթում եմ, որ ստացած գիտելիքները, հայրենասիրությունը, արժեքային համակարգը գլխավորի ձեր հետագա կյանքում և հաջողություններում»,- «Հերացի» ավագ դպրոցի տնօրեն Նարինե Սարգսյանի խոսքն էր ուղղված շրջանավարտներին:

Ինտերակտիվ, տոնական, մշակութային և ազգային շնչով հագեցած բացօթյա միջոցառմանը ներկա էր նաև կրթության փորձագետ, հասարակական-քաղաքական գործիչ Անահիտ Բախշյանը, որը կոչ արեց աշակերտներին լինել  պարտաճանաչ և պատասխանատու:

Նշենք, որ «Հերացի» ավագ դպրոցն այս տարի ունի 160 շրջանավարտ` նրանցից 114 կենսաքիմիական ենթահոսքից: Բժշկական համալսարանի դիմորդ է դպրոցի 107 շրջանավարտ:

Դպրոցը տարիներ շարունակ առանձնանում է հանրապետության դպրոցների շարքում  շրջանավարտների` բարձրագույն ուսումնական հաստատություններ դիմելու հաջողված ցուցանիշներով: