Բժշկական մայր բուհի ուսանողները, կրթության հետ զուգահեռ, շարունակում են ակտիվություն ցուցաբերել նաև սպորտային տարբեր մրցումներում: Ուսանողական մարզական 23-րդ խաղերի շրջանակում հերացիականները մասնակցել են շախմատի և բադմինթոնի առաջնություններին՝ գրանցելով լավագույն արդյունքները:
Բադմինթոնի առաջնությանը տղաների հավաքականից ԵՊԲՀ ուսանողներ Էրիկ Կրբաշյանը և Սաթիշ Կումարը գրավել են առաջին հորիզոնականը, աղջիկների հավաքականից՝ Սակշի Կումարին և Ութթարա Ռամաչանդրան: Բադմինթոնի անհատական մրցումներում Էրիկ Կրբաշյանը գրավել է երրորդ հորիզոնականը, իսկ Ութթարա Ռամաչանդրան՝ երկրորդ:
Արագ շախմատի մրցման ժամանակ երկար պայքարից հետո առաջին հորիզոնականն են զբաղեցրել ԵՊԲՀ ուսանող Հակոբ Հակոբյանը և Վարազդատ Հարութինյանը: Բլից շախմատի մրցման ժամանակ ևս Հակոբ Հակոբյանը բարձր պահելով ԵՊԲՀ-ի պատիվը զբաղեցրել է առաջին, իսկ Արփինե Գրիգորյանը՝ երրորդ հորիզոնականը:
Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի վարիչ Հարություն Թամիրյանը շնորհակալություն հայտնելով բժշկականի ուսանողներին, որոնք մշտապես ակտիվորեն մասնակցում են տարբեր մրցումներին, նշեց, որ հատկապես շախմատի առաջնության ընթացքում գրանցած արդյունքները ԵՊԲՀ-ի համար աննախադեպ հաղթանակ էր: «Այս առաջնությունը ևս մեկ անգամ հնարավորություն տվեց բացահայտելու հերացիականների ձգտումն ու ուժը սպորտի բնագավառում: Նման հաջողությունները նաև դասախոսական կազմի աշխատանքի շնորհիվ է: Դասախոսներ Նելլի Սարգսյանը, Հայկ Մինասյանը, Մարզական ակումբի ղեկավար Նարեկ Շիրինյանը դերն ու աջակցությունը շատ կարևոր էր ուսանողների համար»,-հավելեց նա: