Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Հիմնանորոգված ԵՊԲՀ 8-րդ լսարանն անվանակոչվեց ՀՀ վաստակավոր բժիշկ Ռոբերտ Քարամյանի անունով

Հիմնանորոգված ԵՊԲՀ 8-րդ լսարանն անվանակոչվեց ՀՀ վաստակավոր բժիշկ Ռոբերտ Քարամյանի անունով

Բժշկական համալսարանում այսօր «Վերադարձ» ծրագրի շրջանակում վերբացվեց ԵՊԲՀ 8-րդ լասարանը՝ կրելով ՀՀ վաստակավոր բժիշկ Ռոբերտ Քարամյանի անունը: Քարամյան ընտանիքի միջոցներով հիմնանորոգվել են լսարանն ու նախասրահը՝ վերազինվել ժամանակակից տեխնիկական միջոցներով:

Խորհդանշական կարմիր ժապավենը կտրեցին Ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան Կարինե Բարոյանը և անվանի բժշկի թոռնուհին՝ նույն ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Սոնա Քարամյանը:

«Մեծ պատիվ է, որ պատերազմում զոհված հերոսների սրահում, որը նաև յուրահատուկ սրբավայր է դարձել, «Վերադարձ» ծրագրին համահունչ այսօր բացվում է վաստակաշատ բժշկի անունը կրող լսարան. Ռոբերտ Քարամյանը բժշկական  համալսարանն ավարտել է ուղիղ 60 տարի առաջ»,- ողջունելով ներկաներին՝ նշեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը: Անդրադառնալով անվանի բժշկի անցած ուղուն՝ նա ընդգծեց, որ Ռոբերտ Քարամյանը մեծ ներդրում է ունեցել մեր երկրում ուրոլոգիայի զարգացման գործում: «Անվանի բժիշկը վառ օրինակ է ապագա բժիշկների համար իր աշխատանքով, առաքինի կեցվածքով, բարեպաշտությամբ և համեստությամբ»,-ասաց ռեկտորը:

ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Միքայել Ադամյանի խոսքով՝ լսարանի բացումը վկայում է բժշկական ավանդույթների շարունակականության մասին: Նրա գնահատմամբ՝ ընտանիքի այս քայլը յուրահատուկ հարգանքի տուրք է բժշկական բուհին: Ինչպես նշեց Սրտաբանության ամբիոնի վարիչ Համլետ Հայրապետյանը, լավ օրինակ է բժշկական կրթօջախում բացել գործող, պրակտիկ բժիշկների անունը կրող լսարաններ: Լավ ճանաչելով ավագ գործընկերոջը՝  շեշտեց, որ եթե բժշկական աշխարհում ընդունված է, որ պացիենտները մարզից են գալիս մայրաքաղաքի բժիշկների մոտ խորհրդատվության, ապա Ռոբերտ Քարամյանի դեպքում ճիշտ հակառակն էր. իր հիվանդները Երևանից գնում էին մարզ:

Ռոբերտի Քարամյանի որդին՝ գործարար, բարերար Արսեն Քարամյանը շեշտեց, որ այս լսարանի բացումը միայն անվանակոչման նպատակ չուներ: «Ես՝ որպես կրթության ոլորտի ներկայացուցիչ, առանձհատուկ կարևորում եմ երիտասարդ սերնդի կրթության կազմակերպման գործը՝ պատշաճ նյութատեխնիկական և տնտեսական պայմաններում», – ընդգծեց Արսեն Քարամյանը: «Եթե ռեկտորի կողմից չլիներ սրտացավ մոտեցում, մենք որևէ նման ձեռնարկի չէինք գնա: Վստահ եմ, որ բարի գործ ենք անում, և կենտրոնում դրված է ուսանողի շահը», – ավելացրեց բժշկի որդին:

Նշենք, որ Քարամյան ընտանիքի հետ համագործակցության շրջանակում, 2021-2022 ուսումնական տարվանից սահմանվել է կրթաթոշակ, որի համաձայն կփոխհատուցվի Սյունիքի մարզի Կապան համայնքի ուրոլոգիա մասնագիտությամբ սովորող 3 օրդինատորի ուսման վարձավճարը` մասնակի կամ ամբողջապես՝ կախված ուսման առաջադիմությունից՝ բուհի որոշմամբ:

Ռոբերտ Կոնստանտինի Քարամյանը ծնվել է 1937 թվականի սեպտեմբերի 11-ին Կապանի շրջանի Վաչագան գյուղում (ներկայումս՝ Բանավան): Գյուղի 7-ամյա դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Կապանի թիվ 1 միջնակարգ դպրոցում, որն ավարտել է 1955 թվականին՝ արծաթե մեդալով: Նույն թվականին ընդունվել է բժշկական ինստիտուտի բուժպրոֆիլակտիկ ֆակուլտետը, որն ավարտել է 1961 թվականին:

Ինստիտուտն ավարտելուց հետո աշխատել է Քաջարանի հիվանդանոցում` որպես թերապևտ: 1961 թվականին Երևանում անցել է վիրաբուժության մասնագիտացման դասընթաց, որից հետո աշխատել է Կապանի բուժմիավորումում որպես վիրաբույժ: 1962-2017 թվականներն աշխատել է Կապանի մարզային հիվանդանոցում ՝ որպես վիրաբույժ-ուրոլոգ: 1972 թվականից նաև Ռ. Քարամյանի անձնական ջանքերով Կապանի հիվանդանոցում ստեղծվել է Ուրոլոգիական բաժանմունքը, որը 1977 թվականին դարձել է միջշրջանային` սպասարկելով Զանգեզուրի (Սյունիքի մարզի) ազգաբնակչությանը:

1968-1969 թվականներին Ռոբերտ Քարամյանն անցել է կլինիկական օրդինատուրա՝ «Ուրոլոգիա» մասնագիտությամբ, իսկ 1982 թվականին Կիևում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Արտաքին միջավայրի յոդային անբավարարության դերը միզաքարային հիվանդության էնդեմիայում» թեմայով:

Անցել է ուրոլոգիայի վերապատրաստման դասընթաց Լենինգրադում (1976 թ.): Եղել է ԽՍՀՄ ուրոլոգների 1-ին, 3-րդ և 4-րդ համամիութենական համագումարների պատվիրակ (Բաքու, Կիև, Մոսկվա), Անդրկովկասի հանրապետությունների ուրոլոգների 1-ին համաժողովի պատվիրակ (Սուխումի, 1977 թ.),  որտեղ հանդես է եկել  գիտական զեկուցմամբ՝ միզաքարային հիվանդության էթիպոգիայի վերաբերյալ:  Շուրջ մեկ տասնյակ տպագրված գիտական աշխատանքների հեղինակ է, «Վիրաբույժների հայկական ասոցիացիայի» պատվավոր անդամ:

Հայ-ադրբեջանական կոնֆլիկտի սկզբնական ժամանակահատվածում՝ 1991-1992 թվականներին, եղել է Կապանի էվակուացված հիվանդանոցի գլխավոր բժիշկը, այնուհետև պատերազմի ամենաթեժ շրջանում՝ 1993-1994 թվականներին,  Կապանում կազմավորված զինվորական բրիգադի բժշկական ծառայության պետը:

ՀՀ պաշտպանության նախարարության կողմից պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ», «Ծովակալ Իսակով», «Վազգեն Սարգսյան» մեդալներով: Պարգևատրվել է նաև Ռուսաստանի Բնական գիտությունների ակադեմիայի պատվոգրերով, ՀՀ առողջապահության նախարարի, Սյունիքի մարզպետի, Կապանի զինկոմիսարիատի շնորհակալագրերով:

1986 թվականին Կապանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի որոշմամբ Ռոբերտ Քարամյանին շնորհվել է Կապանի պատվավոր քաղաքացու կոչում:

2012 թվականի սեպտեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Ռոբերտ Կոնստանտինի Քարամյանին շնորհվել է ՀՀ վաստակավոր բժշկի պատվավոր կոչում: Ամուսնացած է, ունի երեխաներ, թոռներ:  

Նշենք, որ «Վերադարձ» ծրագիրը հաստատում է սերունդների միջև կապը: Ծրագիրի շրջանակում ԵՊԲՀ-ում շարունակվելու են բացվել ականավոր ուսուցիչների, բժիշկների անունները կրող լսարաններ։