Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Հնդիկ ապագա բժիշկներն ուղիղ տեսակապով միացան վարչապետի մասնակցությամբ «Pariksha Pe Charcha 2023» միջոցառմանը

Հնդիկ ապագա բժիշկներն ուղիղ տեսակապով միացան վարչապետի մասնակցությամբ «Pariksha Pe Charcha 2023» միջոցառմանը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հնդիկ ուսանողներն ուղիղ տեսակապով միացան Նյու Դելիում անցկացվող «Pariksha Pe Charcha 2023» միջոցառմանը, որի ընթացքում դպրոցականներն ու ուսանողները հնարավորություն ունեին իրենց հետաքրքրող հարցերով դիմելու Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին։

Բժշկական բուհի Էմիլ Գաբրիելյանի անվան լսարանում հնդիկ ապագա բժիշկները՝ Հայաստանում Հնդկաստանի Արտակարգ և լիազոր դեսպան Կիշան դան Դեվալի, փոխդեսպան Թեջաս Պագարի, Միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանի, Օտարերկրացիների ուսուցման դեկանատի ղեկավար Գայանե Ավետիսյանի և Օտարերկրացի ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի ղեկավար Ռահուլ Անիլ Սետհիի մասնակցությամբ, դիտեցին ուղիղ հեռարձակումը և կատարեցին համապատասխան եզրահանգումներ, մասնավորապես՝ քննաշրջանի ընթացքում անհանգստության և սթրեսի ճիշտ հաղթահարման, քննությունների գործընթացին խելամտորեն պատրաստվելու և այն համակողմանիորեն ընկալելու վերաբերյալ։ «Քննության արդյունքներով աշխարհը չի սահմանափակվում։ Աշխատե՛ք քրտնաջան, բայց՝ խելամտորեն։ Ավելի մեծ նպատակների հասնելու համար կենտրոնացե՛ք կոնկրետ ոլորտների վրա», – ընդգծեց Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին՝ կոչ անելով քննությունների ընթացքում երբեք չկիրառել անարդար միջոցներ։ Նա կարևորեց ժամանակի ճիշտ կառավարման անհրաժեշտությունը՝ հորդորելով որոշակի ժամանակ հատկացնել յուրաքանչյուր առարկային։

Ուշագրավ է, որ երբ միջոցառման ընթացքում որևէ ուսանող հարց էր տալիս վարչապետին, քաղաքը կամ նահանգը, որը նա ներկայացնում էր, գեղեցիկ նկարագրվում էր մեկ տողով՝ պարունակելով տվյալ քաղաքի կամ նահանգի մասին ինչ-որ հետաքրքիր փաստ:

Պրոռեկտոր Երվանդ Սահակյանը, դիմելով հնդիկ ուսանողներին, շեշտեց, որ քննությունն առաջնային չէ բուհի համար։ «Կարևորը գիտելիք ձեռք բերելն է, իսկ քննությունն ավելի շուտ կողմնորոշող միջոց է՝ որոշելու ուսանողների գիտելիքները։ Մենք հիմա մտածում ենք քննությունների ձևաչափում որոշակի փոփոխությունների մասին։ Իհարկե, թեստային քննությունը կմնա, բայց ավարտական քննության OSCE ձևաչափը կընդլայնվի։ Ըստ այդմ՝ կպարզվի ոչ միայն այն, ինչ ուսանողը գիտի, այլև այն, ինչ ուսանողը կարող է», – նշեց Երվանդ Սահակյանը։

Նրա խոսքով՝ բժշկական համալսարանն ուշադրություն է դարձնում իր շրջանավարտների՝ այլ երկրներում քննություն հանձնելու գործընթացին։ «Ըստ պաշտոնական տվյալների՝ վերջին 3 տարվա ընթացքում 1000-ից ավելի շրջանավարտ ունեցող 466 համալսարանի շարքում ԵՊԲՀ-ն երկրորդն է FMGE քննության արդյունքներով», – հայտնեց պրոռեկտորը՝ ելույթից հետո պատասխանելով ուսանողներին հետաքրքրող հարցերին։

Հայաստանում Հնդկաստանի դեսպան Կիշան դան Դեվալը նշեց, որ Հայաստանի ուսանողների համար առաջին անգամ է նման միջոցառում կազմակերպվում։ «Ինչպես նշեց վարչապետը, պետք չէ շատ կենտրոնանալ գնահատականների վրա։ Կարևոր է օգտակար լինել հասարակությանը, կարևոր են մարդկային որակները, որոնք հաշվելի չեն և որոնք ձեր ներսում են», – ավելացրեց դիվանագետը։

Օտարերկրացիների ուսուցման դեկանատի ղեկավար Գայանե Ավետիսյանի խոսքով՝ քննությունների սթրեսային լինելը նորմալ է։ «Բայց պետք է սովորել ոչ թե քննությունից քննություն, այլ այդ քննությունների միջև ընկած ժամանակահատվածում։ Եվ, ամենակարևորը, օգտագործե՛ք ձեր ժամանակը գիտելիքների ձեռքբերման և բարելավման համար», – ավելացրեց Գայանե Ավետիսյանը։