Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Հնդիկ ուսանողն իրեն հարազատ է զգում ԵՊԲՀ մեծ ընտանիքում

Հնդիկ ուսանողն իրեն հարազատ է զգում ԵՊԲՀ մեծ ընտանիքում

Լավ բժշկին միշտ հատուկ է անսպառ համբերությունը՝ բացատրելու և կրթելու  հիվանդին: Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող, արվեստի ոլորտում միջազգային մրցանակի դափնեկիր Արաֆաթ Հուսեյնն է այս անգամ կիսվում ԵՊԲՀ մեծ ընտանիք մուտք գործելու իր պատմությամբ:

21-ամյա ապագա կարդիոթորակալ վիրաբույժը Հնդկաստանի հարավից է եկել Հայաստան: «Ծնվել եմ Պոնդիչերրի քաղաքում: Ծնողներս Թամիլ Նադու նահանգի Չիդամբարամ քաղաքից են, որը հայտնի է նաև որպես «Տաճարների քաղաք», իսկ տաճարը Հնդկաստանում խորհրդանշում է իմաստության շունչը: Մենք խոսում ենք «Թամիլ» (தமிழ்) լեզվով, որը համարվում է աշխարհի հնագույն լեզուներից մեկը: Ես շատ հպարտ եմ մեր ավանդույթներով և մշակույթով: Այդպիսին է նաև Հայաստանը՝ հզոր իր պատմությամբ և մշակույթով», – անթաքույց հիացմունքով նշում է Արաֆաթը:

Իր մասին պատմելիս նա հպարտությամբ հիշում է, որ դպրոցում գերազանց ակտիվության համար ուսումն ավարտելուն պես պարգևատրվել է՝ որպես «Լավագույն հեռացող ուսանող»: «Հիմա՝ երբ ազատ ժամանակ եմ ունենում, զբաղվում եմ նաև իմ հոբբիներով. սիրում եմ նկարել, պատկերել դիմանկարներ: Արվեստի ոլորտում ես միջազգային մրցանակի եմ արժանացել: Շատ եմ սիրում ճանապարհորդել և ուսումնասիրել նոր երկրներ, վայելել համեղ սնունդ, թարմ հյութեր և գեղեցիկ երաժշտություն: Եվ ես սիրում եմ սովորեցնել. «Ինստագրամ» սոցիալական կայքի իմ էջում ես պարբերաբար կիսվում եմ բժշկական ոլորտի թարմ տեղեկատվությամբ, ինչպես նաև այն գիտելիքներով, որոնք ստանում եմ համալսարանում», – ասում է Արաֆաթը՝ հույս հայտնելով, որ դա կարող է շատ օգտակար լինել մյուս ուսանողների համար: Հնդիկ ուսանողն ակտիվորեն անդամակցել է նաև ԵՊԲՀ Ֆիզիոլոգիայի կենսաբժշկական ակումբին:

«Իմ մանկությունն անցել է մի փոքր քաղաքում, որտեղ չկային մասնագիտացված հիվանդանոցներ և բժիշկներ: Մի օր, երբ քայլում էի մայրուղու մոտակայքով, հանկարծ հենց իմ աչքի առաջ ավտովթար տեղի ունեցավ. մեքենան, հարվածելով ավտոբուսին, կորցրեց անիվը և բախվեց ծառին: Ես օգնություն կանչեցի, մարդիկ եկան և փորձեցին դուրս բերել մեքենայի ուղևորներին. վերջիններս ծանր վնասվածքներ ունեին և արյունահոսում էին: Նրանք գոռում էին ցավից», – սարսափով հիշում է Արաֆաթը: Մեքենայում գտնվող երեխայի ձեռքն էր վնասվել, շարունակում է նա, իսկ վարորդը, ցավոք, տեղում մահացավ: «Մյուս վիրավորներին շտապօգնության մեքենայով տարան հիվանդանոց, սակայն նրանց վնասվածքներն այնքան ծանր էին, որ մոտակա հիվանդանոցի բացակայության պատճառով նրանք, դժբախտաբար, նույնպես մահացան հիվանդանոցի ճանապարհին: Սա տեսնելուց և զգալուց հետո ես սկսեցի լրջորեն մտածել մարդկային կյանքի արժեքի մասին. այս դժբախտ պատահարը խորը հետք թողեց իմ սրտում: Այդ պահին ես ոչնչով չկարողացա օգնել, սակայն դրանից հետո որոշեցի անպայման բժիշկ դառնալ հետագայում՝ փրկելու մարդկանց տառապանքից և բուժելու նրանց ցավերը», – վստահեցնում է Արաֆաթը:

Մարդկության համար աշխատելը նրա երազանքն է: «Ես սիրում եմ բժշկությունը, սիրում եմ փորձարկումներ անել՝ բացահայտելով մարդու մարմինը: Վստահությունը և քո խորհրդին հետևելու պատրաստակամությունը, երախտագիտությունը՝ ծանր հիվանդության դեպքում օգնություն ցուցաբերելիս. սրանք բաներ են, որոնք երբեք չեն ծերանում: Ես հավատում եմ, որ ցանկացած մարդ կարող է իրականացնել իր երազանքները, եթե օգտվի իրեն տրված հնարավորություններից: Աշխատիր այնքա՛ն քրտնաջանորեն, մինչև որ այլևս կարիք չունենաս ինքդ քեզ ներկայացնելու», – կոչ է անում Արաֆաթը:

Պատմելով, թե ինչու որոշեց Հայաստանում և ԵՊԲՀ-ում շարունակել ուսումը, հնդիկ ուսանողն անկեղծանում է. «Ես միշտ ցանկացել եմ սովորել արտասահմանում: Սկսեցի ուսումնասիրել աշխարհի լավագույն համալսարանները և լավագույն երկրները: Մեր ընտանիքն ունի հայ ընկերներ (աշխարհի ամենահրաշալի մարդիկ): Նրանք պատմեցին մեզ ԵՊԲՀ-ի մասին, որտեղ արդեն իսկ շատ հնդիկներ էին սովորում: Հայրս ուղղակի ասաց. «Այո»: Ի դեպ՝ մենք շատ լավ տեղյակ էինք նաև հայերի՝ չափազանց հյուրասեր լինելու մասին», – ասում է Արաֆաթը: Նա ավելացնում է, որ ինքը նույնպես համացանցից որոշակի ինֆորմացիա հավաքեց ԵՊԲՀ-ի մասին: «Եվ առաջին բանը, որ ես նկատեցի, դա այն էր, թե որքան «տարեց» է մեր համալսարանը: Ես ապշած էի, երբ տեսա, որ ԵՊԲՀ-ն գործում է 1920 թվականից: Պաշտոնական կայքի շնորհիվ ես ավելի շատ ինֆորմացիա ստացա համալսարանի մասին, ծանոթացա ուսանողների, շրջանավարտների կարծիքներին (հատկապես՝ հնդիկ կինոդերասան Բարաթ Ռեդդիի կարծիքին, որը համատեղում էր բժշկի և դերասանի կարիերաները), հետաքրքրվեցի նաև մեր տարածքում ԵՊԲՀ շրջանավարտներից՝ գերազանց բժիշկներից: Եվ որքան ուրախ էի ես, երբ լսեցի միայն հետևյալ կարծիքը. «Ես շատ հպարտ եմ ասել, որ Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտ եմ»: Պետք է նշեմ, որ անցյալ տարի մեր համալսարանը՝ ԵՊԲՀ-ն, ճանաչվեց «Լավագույն օտարերկրյա բժշկական համալսարանը հնդիկների համար» Նյու Դելիում անցկացված «Կրթության գերազանցություն. գլոբալ ընտրություն» մրցանակաբաշխության ընթացքում: Եվ, վերջապես, մեր համալսարանն ինձ ծանոթացրեց բազմաթիվ վստահելի ընկերների և սիրելի դասախոսների հետ», – ուրախությամբ փաստում է Արաֆաթը:

«Ես սիրում եմ Հայաստանը», – խոստովանում է հնդիկ ուսանողը հայերենով: Հայաստանը նրա երկրորդ հայրենիքն է դարձել: Հայաստանը, շարունակում է Արաֆաթը, գեղեցիկ բնություն ունի և մշակույթով ու ավանդույթներով նման է Հնդկաստանին: «Մարդիկ այստեղ այնքան բարի սիրտ ունեն. նրանք վերաբերվում են մեզ ինչպես իրենց ընտանիքի անդամներին: Հայաստանում շատ գեղեցիկ վայրեր կան, օրինակ՝ Արարատի հրաշք տեսարանը: Սիրում եմ Հայաստանի անաղարտ ջուրը, բոլոր փողոցներն ունեն ցայտաղբյուրներ. դա, իրոք, հիասքանչ է: Այս ամենից բացի, ես այնքան ապահով եմ ինձ զգում Հայաստանում», – ընդգծում է նա:

ԵՊԲՀ-ն, ըստ Արաֆաթի, լավագույնն է, քանի որ ունի լավ դասախոսներ, որոնք հստակորեն տալիս են բոլոր հարցերի պատասխաները՝ առանց որևէ կասկած թողնելու: «Եվ չեն վարանում՝ նորից բացատրելու, եթե ինչ-որ բան չենք հասկանում, նրանք կիսվում են մեզ հետ նաև թարմացված տեղեկություններով: ԵՊԲՀ դասախոսները լավագույնն են ոչ միայն իրենց մասնագիտական ունակություններով, այլև հոգատարաությամբ: Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում նրանք մեզ հետ հեռավար դասեր անցկացրին և շատ լավ բացատրեցին ամեն ինչ», – նշում է Արաֆաթը: Իսկ բոլորովին վերջերս, ավելացնում է նա, իրենք վայելում էին իրենց գործնական պարապմունքները: «Հատուկ շնորհակալություն եմ հայտնում իմ դասախոսներին, ովքեր այդքան աջակցում են ինձ բոլոր նախաձեռնություններում», – ասում է Արաֆաթը:

Հնդիկ ուսանողն ապագա կարդիոթորակալ վիրաբույժ է. մասնագիտանալու է սրտի, թոքերի, կերակրափողի և կրծքավանդակի այլ օրգանների վիրաբուժական միջամտություններում: «Ես նախընտրում եմ վիրահատել այն հիվանդությունները, որոնք առաջանում են կրծքավանդակի ներսում գտնվող օրգաններում՝ ոսկրային կառույցներում և հյուսվածքներում, որոնք կազմում են կրծքավանդակի խոռոչը, քանի որ մենք գիտենք, որ սրտանոթային հիվանդություններն աշխարհում մահացության թիվ մեկ պատճառն են: Սրտի հիվանդությունը դեռ աշխարհի ամենամեծ մարդասպանն է», – վերահաստատում է Արաֆաթը: Կորոնավիրուսի հետևանքով առաջացած 5 մահերից 4-ը, ըստ նրա, սրտամկանի կաթվածի հետևանք են, և այս մահերի 1/3-ը ժամանակից շուտ է վրա հասնում 70 տարեկանից ցածր մարդկանց մոտ: «Մենք կարող ենք առանձնացնել կորոնավիրուսի առավելագույն ռիսկի տակ գտնվող անձանց և, ապահովելով նրանց համապատասխան բուժմամբ, կանխել վաղաժամ մահացությունը», – հավելում է Արաֆաթը:

Բժշկությունը, նրա խոսքով, մասնագիտություն չէ, այլ՝ ծառայություն: «Այն ամբողջովին ենթադրում է հոգատարություն. օգնել հիվանդներին՝ նվազագույնի հասցնելու իրենց ցավը և նպաստելու նրանց ավելի արագ վերականգնմանը: Կարևոր է օգնել հիվանդներին, երբ նրանք վիրավոր են կամ հիվանդանում են: Մենք պետք է մխիթարենք նրանց, երբ նրանք վախենում են և տառապում են: Եվ, որ ամենակարևորն է, պետք է պահպանենք նրանց ամենաարժեքավոր ռեսուրսը՝ առողջությունը: Մեր պրոֆեսոր Սամվել Մալխասյանը (ընդհանուր վիրաբուժության դասախոս) միշտ հիշեցնում է մեզ. «Պետք է բուժել ոչ միայն հիվանդությունը, այլև հիվանդին», – ասում է Արաֆաթը:

Բժիշկ դառնալու համար, վստահեցնում է նա, երկար ճանապարհ է հարկավոր անցնել: «Լավ բժիշկ լինելու համար անհրաժեշտ է հարգել մարդկանց, անկախ նրանից՝ առողջ են նրանք, թե հիվանդ, անկախ նրանից, թե ովքեր են նրանք: Բժիշկը պետք է կարողանա սրտացավորեն մոտենալ ինչպես հիվանդի կյանքին, այնպես էլ նրա հիվանդությանը: Եվ լավագույն բժիշկներին միշտ հատուկ է անսպառ համբերությունը՝ բացատրելու և կրթելու  հիվանդին, մինչ դեղեր նշանակելը: Լավ բժիշկ դառնալու բանալին թաքնված է վստահություն ձեռք բերելու մեջ», – անկեղծանում է հնդիկ ուսանողը:

Իսկ վերջում Արաֆաթը բոլոր ապագա բժիշկներին հաջողություն է մաղթում՝ խորհուրդ տալով. «Երբեք մի՛ սահմանափակվեք, հիշե՛ք, որ դժվար ճանապարհները միշտ տանում են դեպի գեղեցիկ նպատակակետ»:

Ապագա կարդիոթարակալ վիրաբույժ և տաղանդավոր դիմանկարիչ Արաֆաթ Հուսեյնի աշխատանքներին կարող եք ծանոթանալ ստորև: Արաֆաթը նաև հետաքրքիր տեսահոլովակ է պատրաստել ԵՊԲՀ կամավորների՝ բժիշկներին հավասար կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծում լինելու մասին:

Հեղինակ՝ Տաթևիկ Ղազարյան