Հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան ամփոփիչ նիստ անցկացվեց

Հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան ամփոփիչ նիստ անցկացվեց

Հոգաբարձուների խորհրդի նիստը, որն անցկացվեց դեկտեմբերի 17-ին, արտացոլում էր բժշկական բուհի վերջին մեկ տարվա գործունեությունը՝ թվերով, փաստերով ու վերլուծությամբ։

«Ուրախ եմ, որ լավ առիթով ենք հավաքվել՝ քննարկելու ընդհանուր արդյունքներն ու տարեկան հաշվետվությունը», – նիստի սկզբում նշեց բժշկական բուհի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Միքայել Ադամյանը։

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, ինչպես նախքան նիստը` Գիտական խորհրդում (հաշվետվությունն առավել մանրամասն ձևաչափով), այնպես էլ Հոգաբարձուների խորհրդի անդամներին հանգամանալից ներկայացրեց կատարած աշխատանքները՝ ըստ կրթական, գիտական, միջազգային, կլինիկական և զարգացման ուղղությունների։

«Առաջնահերթ շնորհակալություն եմ ուզում հայտնել պրոֆեսոր Արթուր Շուքուրյանին, ում սպասում էին և ով այսօր մաս կազմեց հրավիրված նիստի աշխատանքներին», – նշեց ռեկտորը։

Նրա գնահատմամբ՝ ի դեմս Հոգաբարձուների խորհրդի անդամ հանդիսացող լիազոր մարմնի, ՀՀ կառավարության և գերատեսչությունների ներկայացուցիչների՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ նոր օրենքից բխող հնարավորություններով համալսարանի համար ձևավորվել է հարթակ, որի շրջանակում բուհի զարգացումն անխուսափելի է։

«Բոլորի համար չափազանց կարևոր են այն փոփոխությունները, որոնք իրականություն դարձրին բուհի հեռանկարները», – ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով նաև անվանի բժիշկներին, որոնք բժշկական համայնքի անունից գործունեություն են ծավալում խորհրդի կազմում։

«Ի դեմս ուսանողների` տեսնում եմ ապագայի աչքերը, որոնց ներկայությամբ բացարձակ անհարմար չենք զգում նման որոշումների կայացման համար։ Սա ապագայի աչքերն են», – շեշտեց բուհի ղեկավարը՝ նիստին ներկա ապագա բժիշկների օրինակով շնորհակալություն հայտնելով հազարավոր ուսանողների, որոնք մշտապես սատարում են իրականացվող նախաձեռնություններին։

Նրա խոսքով՝ խորհրդին հաջողվել է արդյունավետ աջակցել աշխատանքային ողջ գործընթացին։

«Մյուս տարվա բյուջեն քննարկելիս կցանկանամ ընդգծել, որ այս տարվա ֆինանսական հաջողությունների և ամբողջականության գրավականը եղել է այն, որ անցած տարի ձեզ հետ քննարկել ենք բոլոր հնարավոր մեխանիզմները», – փաստեց բժշկական համալսարանի ռեկտորը՝ մաղթելով, որ ուսանողները գերազանցեն սպասումները, վստահորեն բազմապատկեն հաջողությունները և շտկեն այն բացթողումները, որոնք նման մեծածավալ աշխատանքների ընթացքում անխուսափելի են։

«Որպես թիմի ղեկավար` պետք է նշեմ, որ այս աշխատանքները կատարյալ չեն․ իրականացվող ծավալները, ներգրավվածությունն ու բազմաբովանդակությունը մեծ են՝ սկսած նոր օրենքի առանձին դրույթներից մինչև քննարկումներ ու գրություններ», – նկատեց Արմեն Մուրադյանը։

Լսելով հագեցած զեկույցը՝ Միքայել Ադամյանը և խորհրդի անդամները բարձր գնահատեցին բուհի արձանագրած արդյունքները՝ շեշտելով, որ մայր բուհը բարձր մակարդակով առաջ է շարժվում։

Զեկուցողին հարցեր ուղղեցին խորհրդի անդամները։ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արթուր Հովսեփյանը նշեց, որ բառի լավ իմաստով զարգացման ագրեսիվ դինամիկան և ծագող խնդիրների շուրջ ակնկալվող օպերատիվ լուծումները տպավորիչ են։

Բուհական ֆինանսական գործընթացներին վերաբերող չորս հարց ներկայացրեց Հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանը, իսկ ԵՊԲՀ 2026–2030 թվականների ռազմավարական ծրագրի նախագիծը ներկայացրեց ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լարիսա Ավետիսյանը։