Հոգեբանահոգեբուժական ծառայության բարելավմանն ուղղված հայ ֆրանսիական համագործակցությունը շարունակական է

Հոգեբանահոգեբուժական ծառայության բարելավմանն ուղղված հայ ֆրանսիական համագործակցությունը շարունակական է

Հայ մասնագետները մարտի 27-30-ը փորձի փոխանակման ու գործակցության հնարավորությունների ուրվագծման նպատակով գործուղվել էին Ֆրանսիա` Լիոնի Centre Hospitalier Le Vinatier հոգեբուժական հիվանդանոց: 

Համալսարանական մասնագետներից  Հոգեբուժության ամբիոնի վարիչ Կարինե Թաթարյանին և Բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանին ֆրանսիացի գործընկերները ներկայացրել են հիվանդանոցային համալիրի կառուցվածքը, բուժական, ուսումնական մոտեցումները, ինչպես նաև կատարվող գիտահետազոտական աշխատանքները: 

ԵՊԲՀ ներկայացուցիչներն այցելել են մեծահասակների, ծերերի, մանուկների և դեռահասների, անհետաձգելի օգնության, ինքնասպանության կանխարգելման, ինչպես նաև անազատության մեջ գտնվողների ստորաբաժանումներ: 

Կազմակերպվել են հանդիպումներ աուտիզմի կենտրոնի, մոբիլ խմբի, իմիգրանտների հոգեկան առողջության հարցերով զբաղվող աշխատակիցների հետ: 

Հիվանդանոցի ղեկավար Պասքալ Մարիոտտիի և ստորաբաժանումների ղեկավարների հետ քննարկվել են հետագա համագործակցության նպատակները, որոնք ուղղված կլինեն Հայաստանում հոգեբանահոգեբուժական ծառայության բարելավմանը, ուսանողների, երիտասարդ մասնագետների վերապատրաստմանը` հետագայում ևս փորձի շարունակական փոխանակման նպատակով: 

Պատահական չէր, որ Centre Hospitalier Le Vinatier հիվանդանոցը գտնվում էր ականավոր ֆրանսիացի հոգեբույժ Ֆիլիպ Պինելի անվան թաղամասում, որն աշխատել է հոգեկան հիվանդների՝ շղթաներով կապանքների վերացման ուղղությամբ:

Հիվանդանոցը հիմնադրվել է 1838 թվականին` Անմեղսունակների մասին օրենքի քվեարկությունից հետո, որը հաստատում էր, որ «յուրաքանչյուր բնակավայր պարտավոր է ունենալ հասարակական հաստատություն, որը հատուկ նախատեսված է անմեղսունակներին ընդունելու և բուժելու համար»:

1937 թվականին Բրոնի ապաստանը ստացել է «դեպարտամենտի հիվանդանոց» անվանումը։ Այնուհետև ապաստանի բանջարանոցը, պտղատու այգին՝ մոտ տասը հեկտար խաղողի վազեր, որը և տվել է Վինատիե անունը, վերածվել է հոգեբուժական հիվանդանոցային համալիրի` հասնելով 112 հեկտարի:

1938 թվականին արդիականացման և զարգացման նպատակով ստեղծվել են այսպես կոչված «անվճար և բաց» ծառայություններ երեխաների համար։