Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Հոգեբանությունը` բժշկության մեջ» ուսումնական ձեռնարկը ներկայացվեց հանրության դատին

«Հոգեբանությունը` բժշկության մեջ» ուսումնական ձեռնարկը ներկայացվեց հանրության դատին

Երեք հեղինակ, ԵՊԲՀ երեք դասախոս մեկ գրքում ամփոփել են տարիների աշխատանքի արդյունքը` լույսընծայելով «Հոգեբանությունը` բժշկության մեջ» ռուսալեզու ուսումնական ձեռնարկը, որի շնորհանդեսն էր այսօր: Հեղինակներն են Բժշկական հոգեբանության ամբիոնի դեցենտ Գայանե Ղազարյանը, դասախոսներ Նաիրա Ազատյանը և Նունե Վարդանյանը:

«Այս ձեռնարկի ստեղծմանը պատրաստվել ենք տարիներ շարունակ: Ուրախ ենք տեղեկացնել, որ այսօր ապագա բժիշկները ոչ թե պատճենահանված թղթերով, այլ դասագրքի միջոցով կարող են ուսուցանել առարկան: Դասագիրքը գրել ենք սիրով»,- ասաց Գայանե Ղազարյանը` ողջունելով հայ և օտարերկրացի բոլոր այն գործընկերներին, որոնք աջակցել են նախաձեռնությանը:

Նաիրա Ազատյանը ընթերցեց Ա. Ի. Հերցենի անվ. ՌՊՄՀ կլինիկական հոգեբանության և հոգեբանական օգնության ամբիոնի վարիչ, բ. գ. դ., պրոֆեսոր Անատոլի Ալյոխինի շնորհավորական ուղերձն ուղղված հայ կոլեգաներին ձեռնարկի լույսընծայման առիթով: «Մեր ամբիոնը համալսարանական այն ստորաբաժանումներից է, որտեղ կարևորվում է ազատ մտածողությունը, զարգացումը, ստեղծագործական ծրագրերը: Գրքի, ինչպես նաև մյուս բոլոր նախաձեռնությունների կյանքի կոչման հարցում մեծ է ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանի դերը»,- ասաց Նաիրա Ազատյանը` խոսքը փոխանցելով ամբիոնի ղեկավարին:

«Մեր ամբիոնի գործունեության համար կարևոր իրադարձություն է և, փաստորեն, մենք ևս մեկ քայլ առաջ ենք գնում: Տպագրված գիրքը տարբեր մոտեցումների յուրահատուկ կոմբինացիա է: Ամբիոնը մենք ընտանիքի հետ ենք համեմատում և սա այն վայրն է, ուր վերադառնում ենք սիրով»,- շնորհավորելով կոլեգաներին շեշտեց Խաչատուր Գասպարյանը` շնորհակալություն հայտնելով բոլոր մասնակիցներին:

Գիրքը առաջին հերթին ռուսալեզու ուսուցմամբ ԵՊԲՀ-ում կրթություն ստացող ապագա բժիշկների համար է, հետևաբար Օտարերկրացիների ուսուցման աշխատանքների դեպարտամենտի պետ Գայանե Ավետիսյանը կարևորեց այն ճշմարտությունը, որ բժիշկը ոչ միայն պետք է բուժի, այլև լինի հոգեբան և պացիենտի մոտ ձևավորի վստահության մթնոլորտ:

«Հոգեբանությունը` բժշկության մեջ» ուսումնական ձեռնարկին նվիրված միջոցառմանը ներկա էին ԵՊԲՀ տարբեր ֆակուլտետների դեկաններ, գործընկերներ, ուսանողներ: Գրքի առաջին օրինակները հեղինակները նվիրեցին համալսարանական գործընկերներին, բժշկական համալսարանի գրադարանին: Առաջիկայում Բժշկական հոգեբանության ամբիոնում ծրագրում են ևս մեկ դասագիրք նաև անգլախոս ուսանողների համար հրատարակել: