Բժշկագիտության ոլորտում հեղինակությունները, մարդիկ, որոնց համար բժշկությունը կոչում է, ոչ թե լոկ աշխատանք, շատ են:
Անվանի բժիշկ-գիտնական Հովհաննես Վազգենի Սարուխանյանն հենց այդ անհատականություններից էր: Նա այսօր կդառնար 85 տարեկան:
Մեկ տարի առաջ պրոֆեսորը հեռացավ կյանքից, բայց նրա անունը ինչպես կենդանության օրոք, այնպես էլ հետմահու միշտ ջերմությամբ ու խորը ակնածանքով է հնչում աշակերտների, կրտսեր գործընկերների շուրթերից, բոլոր նրանց, որոնց մասնագիտության կայացման ճանապարհին մեծ դեր են ունեցել Սարուխանյանի տված գիտելիքներն ու խորհուրդները:
Նրա ավանդը մեծ է նաև մեր երկրում վիրաբուժության զարգացման, մասնագետների պատրաստման, բուժման նոր մեթոդների ներդրման գործում:
ԵՊԲՀ վիրաբուժության թիվ 3 ամբիոնի նախկին վարիչն իր օգտակար խորհուրդներով մշտապես կրտսեր գործընկերների կողքին էր:
Կես դարից ավել Հովհաննես Սարուխանյանը ճերմակ խալաթը կրեց պատվով ու հպարտությամբ:
Հովհաննես Սարուխանյանը ծնվել է 1938 թվականին, Երևանում: 1955-1961թթ. սովորել է ԵՊԲՀ բուժկանխարգելիչ ֆակուլտետում: 1961-1963թթ. անցել է կլինիկական օրդինատուրա` ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի վիրաբուժական բաժնում:
1963-1988թթ. ԽՍՀՄ առողջապահության նախարարության Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտի թորակալ վիրաբուժության և անեսթեզիոլոգիայի ամբիոնում անցել է կրտսեր գիտաշխատողից մինչև ամբիոնի պրոֆեսորի վաստակաշատ ուղին: 1965-ին պաշտպանել է թեկնածուական, իսկ 1969թ.-ին` դոկտորական թեզեր:
1988-ից ղեկավարում էր ԵՊԲՀ վիրաբուժության թիվ 3 ամբիոնը, բուհի ընդհանուր բժշկության ֆակուլտետի, գիտական մեծ խորհրդի և վիրաբուժության մասնագիտական խորհրդի անդամ էր, 1987-ից` վիրաբույժների հայկական ասոցիացիայի, 2000-ից` Հայկական վիրաբուժության 21 պրոֆեսիոնալների միության նախագահն էր:
Հովհաննես Սարուխանյանը գիտական աշխատությունների, ուսումնամեթոդական ձեռնարկների,մենագրությունների, ռացիոնալիզատորական առաջարկների, գյուտերի, վիրահատական նոր մեթոդների հեղինակ է:
Նախկին Խորհրդային միության տարիներին պրոֆեսոր Սարուխանյանն առաջինն է մշակել զույգ թոքերի միանվագ տրանսպլատացիայի մոդել, կատարել խոլեդոխոլիթիազի ժամանակ արտամարմնային հարվածող աղիքային լիտոտրիպսիա:
Հայաստանում առաջինն է կատարել պանկրեատոդուոդենալ մասնահատում` ենթաստամոքսագեղձի գլխիկի ուռուցքի և կեղծ ուռուցքային պանկրեատիտների ժամանակ, լյարդի ձախ բլթի մասնահատում` լյարդ-բջջային քաղցկեղի ժամանակ, աջ բրոնխի մասնահատում պլաստիկայով` թոքի քաղցկեղի ժամանակ, վիրահատություններ որովայնի խոռոչի էկտոպիկ ֆեոքրոմոցիտոմայի, հարվահանաձև գեղձի ադենոմայի, ինսուլինոմայի կապակցությամբ: Հովհաննես Սարուխանյանը մշակել է շատ այլ վիրահատությունների նոր մեթոդներ, որոնք ճանաչվել են որպես գյուտեր:
Վաստակաշատ գիտնականն ու բժիշկն արժանացել է «Առողջապահության գերազանցիկ» և «Գյուտարար ռացիոնալիզատոր» կոչումներին: Նա պարգևատրվել է «Աշխատանքային կարմիր դրոշի» շքանշանով, «Մխիթար Հերացի», «Մարշալ Բաղրամյան» մեդալներով, արժանացել ՀՀ առողջապահության նախարարության «Ոսկե մեդալի», ՀՀ կառավարության շնորհակալագրի ու պատվոգրի, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի:
Հովհաննես Սարուխանյանը բժշկական մեծ գերդաստանի երկրորդ սերնդի ներկայացուցիչ էր: Բժշկի ուղին են ընտրել նաև վիրաբույժի որդիները:
Հարցազրույցներից մեկում` հետադարձ հայացք նետելով անցած ուղուն` վիրաբույժը վստահեցրել էր, որ բժշկի մասնագիտությունն Աստծո պարգև է:
2013 թվականին ԵՊԲՀ-ում Վիրաբուժության թիվ 3 ամբիոնի վարիչ, ՀՀ աոռղջապահության նախարարության գլխավոր վիրաբույժ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի ընդհանուր վիրաբուժության կլինիկայի ղեկավար Հովհաննես Սարուխանյանի ծննդյան 75 և աշխատանքային գործունեության 50-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ընթացքում պրոֆեսորը շեշտել էր, որ անցած ուղին եղել է բարդ, ժամանակ առ ժամանակ ծանր, բայց երջանիկ: