Հրդեհի դեպքում արագ և համակարգված արձագանք․ օբյեկտային վարժանք «Մուրացան» հիվանդանոցում

Հրդեհի դեպքում արագ և համակարգված արձագանք․ օբյեկտային վարժանք «Մուրացան» հիվանդանոցում

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրում անցկացվեց օբյեկտային վարժանք՝ «Հրդեհի դեպքում աշխատակիցների և պացիենտների պաշտպանության կազմակերպումը և իրականացումը» թեմայով:

Վարժանքի նպատակն էր կատարելագործել ղեկավար կազմի ունակությունները հրդեհի դեպքում աշխատակիցների ու պացիենտների պաշտպանության միջոցառումների վերաբերյալ որոշումների ընդունման գործում, կազմավորումների գործնական հմտությունները ստեղծված իրավիճակում, ստուգել ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի ԱՌԿ պլանի իրատեսությունը։

Ըստ վարժանքի սցենարի՝ հոսանքի կարճ միացման հետևանքով տարածքում առաջացել է հրդեհ: Վիրաբուժական մասնաշենքի նկուղային հարկում (արխիվի սենյակում) բռնկված հրդեհն անցել է վիրաբուժական մասնաշենքի առաջին հարկ: Մասնաշենքն ամբողջությամբ հայտնվել է ծխապատ գոտում։ Նախնական տվյալներով կա 4 տուժած:

Ստեղծված պայմաններում իրականացվեցին ազդարարման, անձնակազմի հավաքի, պացիենտների տարհանման, տուժածների հայտնաբերման և առաջին բուժօգնության ցուցաբերման, ինչպես նաև հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման գործողություններ։
Վարժանքին մասնակցեցին ԵՊԲՀ արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության շտաբը, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի ղեկավար կազմը, աշխատակիցները, կազմավորումները և Աղետների ռիսկի կառավարման խորհուրդը։

Վարժանքի ավարտին իրականացվեց գործողությունների ամփոփում, գնահատվեց մասնակիցների պատրաստվածությունը, արձագանքման արագությունը։ Քննարկվեցին հետագա անելիքները՝ արտակարգ իրավիճակների դեպքում հիվանդանոցի պատրաստվածության մակարդակի բարձրացման նպատակով։

Նման գործնական վարժանքները կարևոր նշանակություն ունեն բուժհաստատության անվտանգ գործունեության ապահովման, աշխատակիցների մասնագիտական պատրաստվածության բարձրացման և պացիենտների անվտանգության ապահովման գործում՝ նպաստելով արտակարգ իրավիճակներում արագ, համակարգված և արդյունավետ արձագանքմանը։