Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Հուլիսի 28-ը Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Հուլիսի 28-ը Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրը նշվում է հուլիսի 28-ին և նպատակ ունի բարձրացնել բնակչության իրազեկվածությունը վիրուսային հեպատիտի՝ լյարդի բորբոքման մասին, որն առաջացնում է լյարդի ծանր հիվանդություն և քաղցկեղ:

Այս տարվա արշավի կարգախոսն է` «Եկել է գործելու ժամանակը»:

Հաշվի առնելով, որ յուրաքանչյուր 30 վայրկյանը մեկ 1 մարդ մահանում է հեպատիտի հետ կապված հիվանդություններից, պետք է արագացնել կանխարգելման, ախտորոշման և բուժման բարելավման միջոցառումները՝ կյանքեր փրկելու և առողջական վիճակը բարելավելու համար:

«Հերացի» վերլուծականի փոխանցմամբ` ըստ վիճակագրական տվյալների վիրուսային հեպատիտներից մահացությունն աճում է։

187 երկրների նոր տվյալները ցույց են տալիս, որ վիրուսային հեպատիտներից մահացության թիվը 2019 թվականի 1.1 միլիոնից հասել է 1.3 միլիոնի՝ 2022 թվականին:

Ըստ ԱՀԿ-ի թարմացված գնահատականների՝ 2022 թվականին 254 միլիոն մարդ վարակվել է հեպատիտ B-ով, իսկ 50 միլիոնը՝ հեպատիտ C-ով: Քրոնիկ հեպատիտ B-ի և C-ի դեպքերի կեսը տեղի է ունենում 30-54 տարեկան մարդկանց մոտ, 12%-ը՝ 18 տարեկանից ցածր երեխաների մոտ: Տղամարդկանց բաժին է ընկնում բոլոր դեպքերի 58%-ը։ Միասին վերցրած, հեպատիտ B և C–ն ամենատարածված վարակներն են և տարեկան հանգեցնում են 1.3 միլիոն մահվան և 2.2 միլիոն նոր վարակի:

Ամեն օր հեպատիտ B-ից և C-ից մահանում է 3500 մարդ, այսինքն` աշխարհում յուրաքանչյուր 30 վայրկյանը մեկ հեպատիտից մահանում է 1 մարդ: Ամեն օր վիրուսային հեպատիտով վարակվում է ավելի քան 6000 մարդ։

Հեպատիտ B-ով և C-ով ախտորոշված 304 միլիոն մարդուց միայն 7 միլիոնն է բուժում ստանում հեպատիտ B-ի դեմ, իսկ 12.5 միլիոնն արդեն բուժվել է հեպատիտ C-ից:

Հեպատիտով վարակվելու և մահվան դեպքերի հսկայական թիվը կարելի է կանխել։

Հեպատիտը վերացնելու և ԱՀԿ-ի հավակնոտ նպատակներին հասնելու համար մինչև 2030 թվականը վիրուսային հեպատիտների բուժման պարզեցված ծառայությունները պետք է ապահովեն, որ`

  • Բոլոր հղի կանայք, ովքեր ապրում են քրոնիկ հեպատիտ B-ով, ունենան բուժման հասանելիություն, իսկ նրանց երեխաները՝ ծննդյան ժամանակ հեպատիտ B-ի դեմ պատվաստանյութ՝ վարակը կանխելու համար;
  • Հեպատիտ B-ով և (կամ) հեպատիտ C-ով ապրող մարդկանց 90%-ի մոտ վիրուսը պետք է ախտորոշված լինի:
  • Հեպատիտ C ախտորոշված մարդկանց 80%-ը պետք է բուժվեն հեպատիտ C-ից կամ բուժվեն հեպատիտ B-ի դեմ նոր ընդլայնված չափանիշներով:

Չնայած առկա են ուղեցույցներ և գործիքակազմեր քրոնիկ վիրուսային հեպատիտի ախտորոշման, բուժման և կանխարգելման համար, այդ ծառայությունները դեռ շատ հաճախ անհասանելի են բնակչության որոշ մասի համար և երբեմն հասանելի են միայն կենտրոնացված կամ մասնագիտացված հիվանդանոցներում:

Օրվա խորհրդով առաջարկում ենք դիտել «Բժշկություն 5 րոպեում» խորագրի երկրորդ թողարկումը: