Հունիսի 14-ին աշխարհում նշվում է արյան դոնորի օրը։ Այն համակարգվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Կարմիր խաչի և Կարմիր կիսալուսնի միջազգային ֆեդերացիայի, Արյան փոխներարկման միջազգային միության և Արյան դոնորների կազմակերպությունների միջազգային ֆեդերացիայի կողմից:
2005 թվականին Ժնեւում կայացած Առողջապահության համաշխարհային ասամբլեայի նստաշրջանում` ի պատիվ ավստրիացի բժիշկ Կարլ Լանդշտեյների, որը 1930 թվականին Նոբելյան մրցանակ է ստացել մարդու արյան խմբերի հայտնաբերման համար, հունիսի 14-ը հաստատվեց Արյան դոնորի համաշխարհային օր: Իսկ առաջին անգամ արյուն փոխներարկվել է մարդուց մարդուն 1819 թվականին Մեծ Բրիտանիայում:
Հայաստանը ևս ամեն տարի միանում է այս արշավին՝ կազմակերպելով միջոցառումների շարք, որոնց նպատակն է տեղեկացնել հանրությանը արյան դոնորության կարևորության մասին, շնորհակալություն հայտնել մշտական դոնորներին և դիտարկել արյունատվության գաղափարի ինտեգրումը որպես կենսակերպի և մշակույթի մաս մեր երկրում։
Հայաստանում տարեցտարի ավելանում է հավաքագրվող արյան քանակը: Այսպես, եթե 2000-2001 թթ. տարեկան իրականացվում էր մոտ 6000-7000 արյունատվություն, ապա 2020 թ. կատարվել է 25000:
Հիշեցնենք, որ Երևանի կենտրոնում՝ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում, 2017 թվականի հունիսի 14-ից գործում է Արյունաբանական կետ: Այն նպատակ ունի անհրաժեշտ բժշկական օգնությունն առավել օպերատիվ իրականացնել, ինչպես նաև արյան բաղադրամասերի պահպանման համար ապահովել համապատասխան պայմաններ: