Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ինչպես խուսափել ամանորյա թոհուբոհից. խորհուրդներ

Ինչպես խուսափել ամանորյա թոհուբոհից. խորհուրդներ

Տարեվերջին կուտակված և դեռ ավելացող գործերի կույտը, անհանգստությունը, որ ոչինչ չի հաջողվի ժամանակին ավարտելու տոնական պատրաստությունները խուճապ և նախատոնական սթրես են առաջացնում:

ԵՊԲՀ հոգեբուժության ամբիոնի վարիչ Կարինե Թաթարյանը շեշտում է՝ ամենուրեք հասցնում է նա, ով պլանավորում է իր գործողությունները:

Ներկայացնում ենք մասնագետի խորհուրդները՝ ինչ անել, որպեսզի տարեվերջին կիսատ մնացած գործերը ավարտելիս, նոր անելիքները նախագծելիս, միեւնույն ժամանակ օրվա հոգսերի թոհուբոհը մղձավանջ չդառնա մարդկանց համար:

  1. Ցանկալի չէ անելիքները հետաձգել, թողնել «հետո»: Որոշ ժամանակատար գործեր` տան մաքրությունը, առևտուրի որոշ, հատկապես ծավալուն մասը, ամանորյա նվերների գնումը և այլն կարելի է սկսել հենց այսօրվանից: Այդպես նաև կարելի է հանգիստ, համբերատար ընտրություն իրականացնել, այլ ոչ թե ժամանակի սղության պատճառով վերցնել առաջին իսկ ձեռքի տակ ընկածը:
  2. Տոնական սեղանի առևտուրը կատարել նախապես կազմված ցուցակով, ինչը կօգնի զերծ մնալ ավելորդ, ոչ պիտանի «էմոցիոնալ» գնումներից, կազատի այն տհաճ իրավիճակից, երբ այս կամ այն մթերքը վաղաժամ կվերջանա և այլ մանր կենցաղային սթրեսածին գործոններից:
  3. Ամենևին էլ պարտադիր չէ բոլոր գործերը կատարել ինքնուրույն, կարելի է ընտանիքի բոլոր անդամներին ընգրկել այդ տոնական հաճելի գործընթացում:
  4. Բոլորս գիտենք, որ կա վաղուց ձևավորված ավանդույթ` Ամանորը դիմավորել նորովի և գեղեցիկ. նոր զգեստով, կամ զգեստի նոր աքսեսուարով, թեկուզ և տոնական եղևնուն նոր խաղալիք կախելով և այլն: Այդ առումով կարևոր է գտնել ժամանակ սեփական անձի կարիքները հոգալու համար, ուշադրություն դարձնել թե' արտաքին խնամվածությանը, թե' օրվա հանգստի ժամերը լիարժեք և նպատակային օգտագործելուն:
  5. Վերջապես, կարողանալ հասկանալ և ընդունել. միթե՞ չափազանց կարևոր է ամեն ինչ հասցնել մինչև անթերի մակարդակը, կամ ի՞նչ է «անթերի» ասվածը: Նոր տարին կարելի է դիմավորել նաև առանց լրացուցիչ ճոխությունների, առանց ոչ առողջ մրցակցության, առանց անտեղի լարվածության, միայն թե լինի լավ տրամադրութուն և Ձեզ համար հաճելի մարդկանց միջավայր:
  6. Հիշեք, որ տոնը ոչ միայն հյուրերի, այլ նաև Ձեր համար է, աշխատեք ամբողջովին, վայելել այն: