«Երբ դպրոցում կայացրի այդքան պատասխանատու որոշում և ընտրեցի բժշկի մասնագիտությունը, չէի էլ պատկերացնում,թե որքան հետաքրքիր և բովանդակալից ուսումնառության տարիներ են ինձ սպասվում». այս համոզմանն է Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանող Ալիսա Պետրոսյանը, որը «Լևոն Հովհաննիսյանի անվան» կրթաթոշակի է արժանացել 2022-2023 ուսումնական տարում:
«Ամեն նոր ուսումնական տարվա սկզբին, երբ հայացք եմ գցում անցած ճանապարհիս,հասկանում եմ,թե որքան գիտելիք եմ կուտակել և միաժամանակ հայտնաբերում, թե ինչքան նոր բան ունեմ սովորելու և հենց դա է շարժիչ ուժը, որը պիտի ցանկացած ուսանողի առաջ մղի։ Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ ամեն օր մենք կերտում ենք մեր «ես»-ը և ցանկացած նոր գիտելիք և փորձ պետք է ուղղված լինի այն ավելի լավը դարձնելուն»,-նշում է ապագա բժիշկը:
Նա կրտսեր գործընկերներին խորհուրդ է տալիս չբավարարվել օրվա դասով և միշտ փնտրել հավելյալ նյութ, որը կօգնի ավելի լավ ընկալել և հետագայում ավելի հեշտ կիրառել ստացած մասնագիտական տեղեկատվությունը.
«Անընդհատ պետք է կարդալ և դա անել ոչ թե քննությունները հաջող հանձնելու, այլ իրական և մնայուն գիտելիք ձեռք բերելու համար։ Այս դժվարին ճանապարհին անգնահատելի է մեր հարգարժան պրոֆեսորադասախոսական կազմի աշխատանքը, որը ջանք ու եռանդ չի խնայում բանիմաց բժիշկներ կրթելու համար»։
Ալիսա Պետրոսյանը վստահ է, որ բժշկի մասնագիտությունը նաև ապրելակերպ է, հետևաբար բժշկի ուղին ընտրելիս,պետք է գիտակցել ողջ պատասխանատվությունը և պատրաստ լինել այդ ամենին.
«Այս դժվար և միևնույն ժամանակ հետաքրքիր ուղին ընտրելիս,ես առաջնորդվել եմ նախ մարդկանց օգնելու, ինչպես նաև օրգանիզմի կառուցվածքն ու առանձնահատկությունները ուսումնասիրելու մեծ ցանկությամբ։ Դեռ դպրոցական տարիքից ինձ համար հետաքրքիր են եղել մարդու օրգանիզմի նորմալ և անոմալ գործընթացները և ներքուստ միշտ էլ ցանկացել եմ ընտրել հենց այս ճանապարհը»։
Հերացիականին բժշկության բոլոր ճյուղերը հետաքրքիր են խորը ուսումնասիրման համար,սակայն նրան առավելապես հետաքրքրում են ճառագայթային ախտորոշումն ու դրա կարևորությունը ժամանակակից բժշկության զարգացման մեջ։ Ապագայում իրեն պատկերացնում է բժիշկ-ճառագայթաբանի նեղ մասնագիտացմամբ:
Նաև կցանկանար հետագայում, միանալով ավագ գործընկերների կոչերին, հանրությանը իրազեկել բժշկին վաղ դիմելու և վաղ ախտորոշման կարևորության մասին, քանի որ վստահ է՝ դրանք արդյունավետ բուժման կարևոր բաղադրիչներից են:
«էմպաթիայի, պատասխանատվության զգացում, հոգատարություն, ազնվություն, պատրաստակամություն, սեփական գիտելիքների վրա վստահություն. ինքնակրթման անհագ ծարավը վերոնշյալ հատկանիշների հետ կօգնեն կերտել բանիմաց և գթասիրտ բժիշկ»,-շեշտում է Ալիսան:
Անվանական կրթաթոշակառուն ընդգծում է՝ երբ նպատակդ մեծ է, երբ ունես հարազատներ և ընկերներ,որոնք քեզ մոտիվացնում են,և ի վերջո, երբ գլխումդ պտտվում է այն գաղափարը,որ բժիշկ ես դառնալու,աչք ես փակում բոլոր դժվարությունների վրա և առաջ շարժվում։
«Հենց այս ալգորիթմով էլ առաջնորդվելով դարձա անվանական կրթաթոշակի հավակնորդ և այդ պահից սկսած էլ ավելի մոտիվացվեցի ու ավելի մեծ պատասխանատվություն զգացի։ Բժշկական համալսարանում սովորելու ընթացքում համոզվեցի,որ կյանքում ոչինչ հեշտ չի տրվում և լավ գիտելիքի ու փորձի համար պետք է ջանալ ու անընդհատ աշխատել, բայց վստահ եմ նաև,որ այդ աշխատանքը տալու է իր պտուղները և ամեն բուժված պացիենտ ու փրկված կյանք կլինեն դրա ապացույցը»։
Ուսումնառության տարիների ընթացքում, անընդհատ լինելով հիվանդանոցներում, շփվելով պացիենտների հետ, տեսնելով նրանց ուղին ախտորոշումից մինչև բուժում և ի վերջո լրիվ վերականգնում, Ալիսան հասկացել է, որ դա այն է, ինչ ցանկացել է տեսնել ողջ կյանքում, այլ մասնագիտության մեջ իրեն չի պատկերացնում:
Վերջին շրջանում աշխարհում կատարվող գլոբալ իրադարձությունների շնորհիվ ավելի շատ սիրահարվեց այս մասնագիտությանը։ Երբ ամեն օր ականատես էր լինում,թե ինչպես են ավագ գործընկերներ փրկում մարդկանց կորոնավիրուսի համավարակի շրջանում, իսկ հետո նաև կռվում ռազմաճակատում ու փրկում զինվորների կյանքերը, ավելի ու ավելի էր համոզվում բժշկի մասնագիտության յուրահատկության մեջ: