Ամեն տարի «Ինքնասպանությունների կանխարգելման միջազգային ասոցիացիայի» և ԱՀԿ-ի կողմից սեպտեմբերի 10-ին նշվում է Ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օրը: Այն նպատակ ունի հանրության ուշադրությունը հրավիրել ինքնասպանության հիմնախնդրին, բարձրացնել հասարակության իրազեկվածությունը այն մասին, որ ինքնասպանությունը հնարավոր է կանխել:
Ինքնասպանությունը հանրային առողջության լուրջ խնդիր է, որն ունի սոցիալական, հուզական և տնտեսական լուրջ հետևանքներ:
Ըստ ԱՀԿ տվյալների, աշխարհում ամեն տարի ավելի քան 700.000 ինքնասպանության դեպք է գրանցվում, 100 մահերից մեկը ինքնասպանություն է։ Ինքնասպանությունից ավելի շատ մարդ է մահանում, քան ՄԻԱՎ-ից, մալարիայից կամ կրծքագեղձի քաղցկեղից: Նշված դեպքերի մեծ մասը (77%) տեղի է ունենում ցածր կամ միջին եկամուտ ունեցող երկրներում։ Ինքնասպանության պատճառով յուրաքանչյուր մահվան դեպքին ավելի քան 20 ինքնասպանության փորձի դեպք է հասնում։ Ինքնասպանությունը բացասական հետևանքներ է ունենում հասարակության, ինչպես նաև ինքնասպանություն գործած մարդկանց սոցիալական միջավայրի, ընկերների և հարազատների համար։
15-29 տարեկան երիտասարդների մահացության հիմնական պատճառների շարքում ինքնասպանությունը չորրորդ տեղն է զբաղեցնում, զիջելով միայն ճանապարհատրանսպորտային պատահարներից, տուբերկուլյոզից և միջանձնային բռնություններից տեղի ունեցած մահերի դեպքերին։
Ինքնասպանության ցուցանիշների մակարդակը տարբեր է՝ կախված երկրից, տարածաշրջանից, սեռից և տարիքից: Վերջին 20 տարիների ընթացքում երկրների մեծ մասում ինքնասպանությունների մակարդակը նվազել է միջինում 36%-ով, ընդորում, Եվրոպական տարածաշրջանում 47%-ով, Արևմտյան Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ՝ 49%-ով, Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում 17%-ով: Միևնույն ժամանակ Ամերիկայի տարածաշրջանում նույն ժամանակահատվածում ինքնասպանությունների թիվը աճել է 17%-ով։ 2019թ․-ին ինքնասպանությունների մակարդակը ԱՀԿ Աֆրիկյան տարածաշրջանում (11․2/100 000 բնակչի հաշվով), Եվրոպական տարածաշրջանում (10․5/ 100 000), Հարավ-Արևելյան Ասիայի տարածաշրջանում (10․2/ 100 000) բարձր է եղել համաշխարհային միջին մակարդակից (9․0/ 100 000): Ինքնասպանությունների ամենացածր ցուցանիշը գրանցվել է Արևելյան միջերկրածովյան երկրներում (6․4/100 000):
Տղամարդկանց շրջանում ինքնասպանությունները ավելի քան երկու անգամ հաճախ են հանդիպում, քան կանանց մոտ (12․6/100 000 տղամարդկանց և 5․4/100 000 կանանց շրջանում): Ավելի բարձրն են ինքնասպանության ցուցանիշները տղամարդկանց շրջանում բարձր եկամուտ ունեցող երկրներում (միջինում 16․5/100000): Մինչդեռ, կանանց շրջանում ինքնասպանությունների մակարդակն ամենաբարձրն է ցածր եկամուտ ունեցող երկրներում (7․1/100 000):
ՀՀ ՆԳՆ Ոստիկանության տեղեկատվական կենտրոնի տվյալների համաձայն, երկրում վերջին չորս տարիների ընթացքում ինքնասպանություն և ինքնասպանության փորձ կատարած անձանց թիվը աճել է։ 2021թ․-ին ինքնասպանություն գործած անձանց թիվը կազմել է 281, 2022թ․-ին՝ 312, 2023թ․-ին՝ 302, իսկ 2024 թ․-ի առաջին կիսամյակի ընթացքում՝ 422 դեպք։ 2024թ-ի առաջին վեց ամիսներին գրանցված դեպքերից 107-ը եղել են մահվան ելքով։ Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների, ինքնասպանության ամենաբարձր մակարդակը գրանցվել է 30-65 տարեկանների խմբում։ Ինքնասպանության փորձ կատարած անձանց խմբում էլ առաջին տեղում նույնպես 30-65 տարեկան անձինք են, երկրոդ տեղում՝ 18-29 տարեկանները։ Ինքնասպանություն գործած քաղաքացիների մեծ մասը արական սեռի ներկայացուցիչներ են։ 2024թ-ին տեղի ունեցած դեպքերի 69․7% տեղի է ունեցել առական սեռի ներկայացուցիչների խմբում։
Ինքնասպանության կանխարգելման համար բոլոր երկրներում օգտագործվում են ԱՀԿ կողմից առաջարկված մոտեցման 4 արդյունավետ միջոցառումներ՝
Ինքնասպանության հակված շատ մարդիկ չունեն հոգեկան խանգարումներ: Սուիցիդալ ճգնաժամային իրավիճակներում պետք է հաշվի առնել մի շարք պատճառային և նպաստող գործոններ, ինչպիսիք են` սուր հոգեբանական սթրեսի առկայությունը, քրոնիկ ցավը, բռնության փորձը, ինչպես նաև տարբեր սոցիալական գործոնները:
Ինքնասպանությունը կարելի է կանխել՝ մարդուն ճիշտ ժամանակին հոգեբանական աջակցություն ցուցաբերելով։ Ինքնասպանության փորձ կատարած, բայց ողջ մնացած մարդկանց շրջանում իրականացված հետազոտությունները ցույց են տալիս, որ նրանցից շատերը հետագայում ուրախ էին խուսափել մահից:
Անձի մոտ ինքնասպանության մտքերի առկայության մասին են սովորաբար վկայում հետևյալ վտանգավոր նշանները.
Վերջին երեք տարիների ընթացքում Ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օրվա կարգախոսն է՝ «Հույս տալ գործողությունների միջոցով»: Այս կարգախոսը ծառայում է որպես գործողությունների հզոր կոչ և հիշեցում, որ կյանքի նույնիսկ ամենադժվար պահերին կան խնդիրների լուծման այլընտրանքներ, և որ մեր գործողություններով մենք կարող ենք հույս ներշնչել ինքնասպանության հակված անձանց, կարող ենք հասկացնել, որ մենք հոգ ենք տանում նրանց մասին և ցանկանում ենք աջակցել նրանց: