Կանանց դերի կարևորումը՝ ռեկտորատի հերթական նիստում

Կանանց դերի կարևորումը՝ ռեկտորատի հերթական նիստում

Կանանց միջազգային օրվա առթիվ շնորհավորական խոսքով մեկնարկեց ռեկտորատի հերթական նիստը։

«Սիրելի կանայք, դուք ձեր ներկայությամբ լցնում եք մեր առօրյան ջերմությամբ և կյանք եք ներշնչում համալսարանական գործունեությանը՝ դառնալով և՛ զսպող, և՛ առաջ մղող ուժ։ Համոզված եմ, որ հենց ձեր ներկայությունն է մեզ բոլորիս պարտավորեցնում առավել պատասխանատու, զգոն ու աչալուրջ մոտենալ մեր ամենօրյա աշխատանքին»,- ի դեմս ԵՊԲՀ-ում աշխատող բոլոր իգական սեռի ներկայացուցիչների՝ դիմելով ռեկտորատի անդամ կին կոլեգաներին, նշեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը՝ հավելելով, որ պատիվ է աշխատել և արարել նույն հաստատությունում ու զգալ այն շարժիչ ուժը, որը կանայք հանդիսանում են բոլոր ոլորտներում, այդ թվում՝ բժշկագիտության բնագավառում։

Ընթացիկ հարցերին անցնելուց առաջ ռեկտորը տեղեկացրեց, որ նախորդ շաբաթվա վերջին պրոռեկտորների, դեկանների և նրանց տեղակալների մասնակցությամբ քննարկումներ է անցկացրել՝ անդրադառնալով բոլոր ֆակուլտետների կրթական ծրագրերի միջազգայնացմանն ուղղված աշխատանքներին։

Այս առումով, նրա գնահատմամբ, 2026 թվականը կմնա բժշկական բուհի պատմության մեջ որպես միջազգայնացման գործընթացների ամբողջացման և համալրման տարի։  Համալսարանի միջազգային ճանաչմանն ուղղված աշխատանքները ոգևորիչ են և շարունակական։

Առաջիկա ծրագրերի թվում է մարտի վերջին 5-րդ լսարանի բացումը, որի վերանորոգումն ու արդիականացումը իրականացվում է «Վերադարձ» ծրագրի շրջանակում, և այն կրելու է վիրաբույժ Գագիկ Պիվազյանի անունը։

Արմեն Մուրադյանը ռեկտորատի անդամներին ներկայացրեց նաև իր նոր խորհրդականին։ Ուսանողական խորհրդարանի նախագահ Միշել Քոչարյանը նշանակվել է ռեկտորի խորհրդական։

Մասնավորապես, ուսանողների հետ աշխատանքի փորձ ունեցող համալսարանականը աջակցելու է մի շարք ուղղություններով, այդ թվում՝ համալսարանում աֆիլյացիոն գործընթացի, երիտասարդությանը վերաբերող բուհական նախաձեռնություններին և հարցերին։

Ռեկտորն առանձնակի կարևորեց ուսանողության ֆիզիկական առողջությանն ուղղված ծրագրերի իրականացումն ու դրանց շարունակականությունը՝ Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի և դասախոսական կազմի հետ համատեղ։

Միշել Քոչարյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար և պատրաստակամություն հայտնեց կյանքի կոչելու վերոնշյալ նախաձեռնությունները։

Հաջորդիվ համալսարանական երեք հիվանդանոցների գլխավոր բժիշկները ներկայացրին շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները։

Կրթության պատասխանատուները ևս, ըստ ոլորտների, զեկուցեցին ուսումնական գործընթացին վերաբերող ընթացիկ հարցերի մասին։