Բժշկական համալսարանում դեկտեմբերի 8-ին և 9-ին անցկացվեց «Կանխարգելիչ բժշկության ժամանակակից ուղղությունները» միջազգային համաժողովը:
ICreate ծրագրի` «Հետազոտական ներուժի զարգացումը Արևելյան Եվրոպայի երկրներում» նախաձեռնության շրջանակում կայացած երկօրյա միջոցառումը համակարգվում էր Հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնի կողմից:
Ամբիոնի վարիչ Արտաշես Թադևոսյանի խոսքով` ծրագրի շրջանակում բժշկական բուհի հիմնական գործընկերներն են ԱՄՆ Այովայի համալսարանը, Ռումինիայի Բաբեշ-Բոլյայի համալսարանը, Թբիլիսիի պետական համալսարանը, Մոլդովայի պետական և դեղագիտական բժշկական համալսարանը:
«Արդեն տասը տարի մենք այս ծրագրի շուրջ համագործակցում ենք: Հայաստանում արդեն երկրորդ անգամ է անցկացվում նմանատիպ միջոցառում: Ամենաառաջին հանդիպումը ևս անցկացվել է մեր երկրում, հետո` տեղափոխվել Մոլդովա, Վրաստան, Ռումինիա», – նշեց Արտաշես Թադևոսյանը:
Միջազգային հանդիպումը հիբրիդային էր, արտերկրի մասնակիցները միացել էին քննարկմանը տեսազանգով: Ներկայացվեց շուրջ 30 զեկույց, որոնցից 15-ը` հայ մասնագետների մատուցմամբ:
Բժշկական համալսարանից Համլետ Թորոսյանը և Սոֆյա Սեյրանյանը հանդես եկան «Վնասվածքների կառավարումը Հայաստանում. անհամապատասխանություններ Երևանի և գյուղական շրջանների միջև» և «Կենսակերպի ընտրության ազդեցությունը երկարաժամկետ առողջության և կանխարգելման ռազմավարությունների վրա» թեմաներով զեկույցներով համապատասխանաբար:
Թբիլիսիի պետական համալսարանը ներկայացնող Մարիամ Անդրաձեն անդրադարձավ Վրաստանում մանկական այրվածքների միտումներին և կլինիկական բնութագրերին, Մոլդովայի պետական բժշկական և դեղագիտական համալսարանից Իոնելա Տուրկանուն խոսեց հեծանվորդների շրջանում տրավմայի գնահատման մասին, Ռումինիայի Բաբեշ-Բոլյայի համալսարանը ներկայացնող Դանիել Սեբոկի զեկույցը «Ճանապարհատրանսպորտային պատահարները Ռումինիայի ցածր խտությամբ քաղաքներում» թեմայով էր:
Արտաշես Թադևոսյանի փոխանցմամբ` ICreate ծրագիրը ֆինանսավորում է նաև ուսանողական հետազոտական փոքր ծրագրեր` նվիրված հիմնականում բռնության և տրավմատիզմի թեմաներին: «Սա շարունակական և կարևոր համագործակցություն է», – հավելեց նա:
Հաջորդ հանդիպումը կկայանա 2026 թվականի հունիսի 3-5-ը` Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում: