Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Կապույտ հազի համաճարակային իրավիճակը և կանխարգելումը

Կապույտ հազի համաճարակային իրավիճակը և կանխարգելումը

Կապույտ հազը բարձր հպավարակելիությամբ շնչառական վարակ է, այն հեշտությամբ փոխանցվում է օդակաթիլային մեխանիզմով՝ հազի կամ փռշտոցի միջոցով, շնչառական արտազատուկներով: Վարակը վտանգավոր է երեխաների համար, հատկապես՝ վաղ մանկական հասակի, որոնց մոտ բավականին բարձր է նյարդաբանական և շնչառական բարդությունների, հաշմանդամության և մահվան ռիսկը: Կապույտ հազը սկսվում է վարակվելուց 7-10 օր հետո ընդհանուր կատառալ ախտանշաններով, մեղմ հազով, որն աստիճանաբար հարաճում է՝ հանգեցնելով երկարատև նոպայաձև, տանջող հազի՝ «100 օրվա հազ»:

Ըստ ԱՀԿ-ի գնահատման՝ կապույտ հազի ընդհանուր հիվանդացությունը նախահամավարակային փուլում (2019թ.) կազմել է 29.8/1 մլն, որը զգալի նվազեց համավարակի տարիներին՝ 9.2՝ 2020թ. և 4.6՝ 2021թ., իսկ համավարակից հետո սկսեց բարձրանալ՝ հասնելով 10` 2022թ. և 22.8` 2023թ.: Հետհամավարակային փուլում կապույտ հազի համաճարակային իրավիճակը հատկապես լարված էր եվրոպական երկրներում՝ 2023թ. արձանագրվել է 25 000 դեպք, իսկ 2024թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում՝ արդեն 32 000 դեպք: Նշենք նաև, որ նախորդ համաճարակային պիկերը եղել են 2019թ.՝ 34 468 դեպք և 2016թ.՝ 41 026 դեպք: 2011-2022թթ. արձանագրվել է 103 մահվան դեպք, այդ թվում՝ 67%-ը՝ վաղ մանկական հասակի երեխաներ (մեծամասնությունը՝ մինչև 6 ամսական հասակում), իսկ 23%-ը՝ մեծահասակներ: 2023թ. հունվարից մինչև 2024թ. ապրիլ ժամանակահատվածը արձանագրվել է 19 մահվան դեպք, որից՝ 58%-ը վաղ մանկական հասակի երեխաներ, 42%-ը՝ մեծահասակներ: Այսինքն՝ վերջին տարիների նկատվում է կապույտ հազի դեպքերի տարիքային բաշխման փոփոխություններ՝ հիվանդության և մահվան դեպքերի ակտիվացում մեծահասակների շրջանում:

Հարկ է նշել, որ Հայաստանում կապույտ հազի համաճարակային իրավիճակը նույնպես լարված է վերջին 2 տարիներին՝ 2023թ. արձանագրվել է 50 դեպք (2/100 000), իսկ 2024թ. հունվար – հուլիս ամիսներին՝ 98 (3.3/100 000) դեպք: Դեպքերի գերակշռող մասը դիտվել է մինչև 5 տարեկանների շրջանում: Հայաստանում դեպքերի զգալի աճ է դիտարկվել նաև 2014թ.` 85 դեպք (2.8/100 000) և 2018թ.` 174 դեպք (5.9/100 000):

Այսպիսով՝ համաճարակաբանական դիտարկումները փաստում են, որ կապույտ հազի հիվանդացության շարժընթացում ակնհայտ է միջինում 4-5 տարի ինտերվալով պարբերականության զարգացումը, որի բնական զարգացման գործընթացը կարելի է խզել պատվաստումներում բավարար ընդգրկվածության մշտապես ապահովման միջոցով: Քանզի պատվաստումը կապույտ հազի կանխարգելման հիմնական միջոցն է:

Ուստի կարևորվում է կապույտ հազի պատվաստումների նկատմամբ հետևողականությունը:

Հիշեցնենք, որ Հայաստանում կապույտ հազի պատվաստումներն իրականացվում են՝

  •  6, 12, 18 շաբաթականում՝ ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ/ԻՊՊ պատվաստանյութով
  • 18 ամսականում և 6 տարեկանում ԱԿԴՓ/ԻՊՊ պատվաստանյութով
  • 15-16 տարեկանում ՝ ԱԿԴՓ պատվաստանյութով
  • Հղիների շրջանում՝ 27-36 շաբաթականում, ԱՓԴԿ պատվաստանյութով:

Հավելենք, որ Հայաստանում 2023թ-ից իրականացվում են կապույտ հազի պատվաստումները հղիների շրջանում, որն անվտանգ է հղիների համար, ինչպես նաև համարվում է նորածինների ու վաղ մանկական տարիքի երեխաների մոտ կապույտ հազի կանխարգելման ամենաարդյունավետ միջոցը, քանի որ մինչև 3 ամսական երեխաները ամբողջությամբ խոցելի են վերջինիս նակատմամբ: Ապացուցված է, որ այն 90%-ով կնվազեցնի կապույտ հազով հիվանդանալու, իսկ 97%-ով՝ մահվան ռիսկը:

Կապույտ հազի կանխարգելման համար առաջարկվում է.

  • հետևողական լինել պլանային պատվաստումների ժամանակին ստանալու վերաբերյալ,
  • հղիության ընթացքում չխուսափել կապույտ հազի պատվաստումից,
  • կապույտ հազի կասկածելի ախտանշանների առկայության դեպքում՝ 7 օր և ավելի կրկնվող, նոպայաձև հազ, ապահովել մեկուսացումը շրջակա մարդկանցից, պահպանել շնչառական հիգիենան (կրել դիմակ) և դիմել բժշկի խորհրդատվությանը: