Համալսարանական մասնագետների մասնկցությամբ անցկացվեց «Կարմրուկն այսօր. պատվաստումների դերը բժշկության մեջ» թեմայով հանդիպումը, որի ընթացքում ներկայացվեցին «Կարմրուկի կլինիկան և բուժումը», «Արհեստական բանականության դերը կառավարելի վարակիչ հիվանդությունների դեպքում» թեմաները: Հանդիպումը նպատակ ուներ ընդհանուր տեղեկատվություն տրամադրել կառավարելի վարակների վերադերյալ:
ԵՊԲՀ «Հերացի» վերլուծական կենտրոնի ղեկավար, Համաճարակաբանության ամբիոնի վարիչ Մերի Տեր-Ստեփանյանը, շնորհակալություն հայտնեց ուսանողական գիտական ընկերությանը հանդիպումը կազմակերպելու համար՝ նշելով, որ սա ողջունելի նախաձեռնություն է, քանի որ մենք ապրում ենք մի դարաշրջանում, որտեղ ունենք գործիք վարակիչ հիվանդությունները կանխարգելելու համար, սակայն դեռ շարունակվում է քննարկվել դրա արդյունավետությունը՝ տարբեր սոցիալական հարթակներում և տարբեր մակարդակներում:
Սկզբում Մերի Տեր-Ստեփանյանը ներկայացրեց Հայաստանում ներդրված պատվաստանյութերի ժամանակայնությունը՝ նշելով, որ առաջինը եղել է բնական ծաղիկի պատվաստանյութը՝ 1924-1980 թթ., վերջինը՝ ջրծաղիկինը՝ այս տարի:
Ներկայացնելով կարմրուկի համաճարակաբանությունը՝ մասնագետը նշեց, որ վարակի աղբյուր հանդիսանում է բացառապես կարմրուկով հիվանդ մարդը: Մարդը վարակիչ է ցանին նախորդող և հաջորդող 4 օրերի ընթացքում, վարակը փոխանցվում է օդակաթիլային եղանակով: Այն ամենավարակիչ ինֆեկցիոն հիվանդությունն է՝ 1 կարմրուկով հիվանդը կարող է վարակել 18 առողջ մարդու, մարդկանց ընկալունակությունը կարմրուկի նկատմամբ շատ բարձր է՝ 95-96 տոկոս: Երեխաներն ընկալունակ են դառնում 6-7 ասականից, հիվանդությունից հետո ձեռք են բերում կայուն իմունիտետ:
Մերի Տեր-Ստեփանյանի խոսքով՝ մինչև կարմրուկի պատվաստանյութի ներդրումը (1963 թ.) բազմաթիվ բռնկումներ էին զարգանում մոտ 3-4 տարին մեկ՝ հանգեցնելով 2.6 մլն մահվան դեպքերի ամեն տարի: 2000-2018 թթ. կարմրուկի պատվաստանյութը կանխեց 23.2 մլն մահվան դեպքեր: Մահվան ընդհանուր դեպքերը կրճատվեցին մինչև 73 տոկոս՝ 536 000-ից (2000թ.) մինչև 142 000 (2018թ.):
1998 թ. ԱՀԿ-ն ընդունեց կարմրուկի վերացման ռազմավարությունն աշխարհում, որին միացավ նաև Եվրոպական տարածաշրջանը, իսկ Հայաստանը միացավ 2002 թ.-ին:
«2021 թ.-ին 40 մլն երեխա բաց է թողել կարմրուկի պլանային պատվաստումները՝ 25 մլն առաջին դեղաչափը, 14.7 մլն՝ երկրորդը: 2022թ. մոտ 22 միլիոն երեխա բաց է թողել կարմրուկի պատվաստանյութի առնվազն մեկ դեղաչափ: 2021թ. կարմրուկի ընդհանուր ընդգրկվածությունն առաջին դեղաչափի պատվաստումներում կազմել է 81 տոկոս, իսկ երկրորդը՝ 71 տոկոս, ինչն ամենացածր ընդգրկվածության մակարդակն է 2008թ.-ից հետո: 2022թ. երեխաների ընդհանուր ընդգրկվածությունը կարմրուկի առաջին դեղաչափի պատվաստումներում կազմել է 83 տոկոս, իսկ երկրորդը՝ 74 տոկոս: 2022 թ. արձանագրվել են խոշոր բռնկումներ 22 երկրներում: Նույն տարում աշխարհում արձանագրվել է ընդհանուր 171 156 դեպքը, 2023թ.՝ 306 291 դեպք (79 տոկոս դեպքերի աճ): Եվրոպական տարածաշրջանում՝ 2022 թ.՝ 942 դեպք, 2023 թ. ՝ 58 114 դեպք (60 անգամ դեպքերի աճ):
2016թ. -ից սկսած կարմրուկի տեղական դեպքերի տարածումը վերսկսվեց 10 երկրում, որոնք նախկինում համարվում էին էլիմինացված»,- որպես ահազանգող փաստեր ներկայացրեց Մերի Տեր-Ստեփանյանը:
ԱՀԿ իմունիզացիայի ռազմավարական խորհրդատվական փորձագետների խմբի նոր ռազմավարությունը 2021-2030 թթ. համար ներառում է՝ աշխարհն առանց կարմրուկի և կարմրախտի, նոր նպատակն է՝ հասնել և պահպանել կարմրուկի և կարմրախտի տարածաշրջանի էլիմինացիան:
Կարմրուկի կանխարգելումը ներառում է զգայուն համաճարակաբանական հսկողության համակարգի մշտապես ապահվում, պատվաստումների 95 տոկոս և ավելի ընդգրկվածության ապահվում բոլոր համայնքներում: Կարմրուկի պատվաստանյութն ապահովում է 95 տոկոս պաշտպանություն առաջին դեղաչափի և 99 տոկոս՝ երկրորդ դեղաչափի ներմուծման դեպքում:
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ, Բոքսային բաժանմունքի ղեկավար, Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դասախոս Հռիփսիմե Ապրեսյանը խոսեց կարմրուկի կլինիկայի, կանխարգելման, նաև բարդությունների և բուժման առանձնահատկությունների մասին: «Կարմրուկի փոխանցման ուղին օդակաթիլային է, հարուցիչը ՌՆԹ պարունակող վիրուս է, այն ունի չափազանց բարձր վարակելություն: Վիրուսը կայուն վիրուս է, փոփոխականության չի ենթարկվում, պատվաստանյութը ստեղծված է 1961 թվականից և կայուն պահպանվում է մինչ օրս: Կարմրուկի ախտանշաններն են՝ ցան, պրոպոդրոմալ տենդ, հարբուխ, հազ, կոնյուկտիվիդ, շճային կամ շճաթարախային արտադրություն, կոգնիտիվ բծեր: Հիվանդությունը ունի 3 շրջան»,-նշեց համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկը:
Հռիփսիմե Ապրեսյանի խոսքով՝ կատառալ կամ պրոպոդրոմալ շրջանին բնորոշ են խիստ արտահայտված կատառալ սիմպտոմները, այս էտապում կարող է լինել չոր, հաչոցանման հազ, հետո այն դառնալ խորխով. «Պետք է չմոռանալ կարմրուկի ատիպիկ ձևերի մասին, հատկապես պատվաստված մարդկանց մոտ չտեսնել կոնյուկտիվիդ, հետևաբար այս դեպքում առաջնային պետք է դիտարկենք ցանը»:
«Արհեստական բանականության դերը կառավարելի վարակիչ հիվանդությունների դեպքում» թեմայով զեկույցով հանդես եկավ «Հերացի» վերլուծական կենտրոնի առաջատար մասնագետ Կարո Փալայանը՝ կիսվելով կարմրուկի վերաբերյալ անցկացրած հետազոտությունով: «Հայաստանը կարմրուկի վերացման ծրագիրը ընդունել է 2002 թվականին: Եռավալենտ կենդանի կարմրուկի դեմ պատվաստանյութը (MMR) ներդրվել է իմունիզացիայի ազգային օրացույց 2002 թվականին` միավալենտ կարմրուկի դեմ պատվաստանյութի փոխարեն: Կարմրուկի վերջին բռնկումը եղել է 2004-2005 թվականներին»,-նշեց Փալայանը՝ ներկայացնելով հիվանդացության ցուցանիշները բնակչության հաշվով, պատվաստումների ընդգրկվածությունը, արդյունավետությունը:
Մասնագիտական հագեցած զեկույցներից հետո «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի կլինիկական օրդինատորներ Աստղիկ Լևոնյանն ու Սուսաննա Մարգարյանը կլինիկական քեյսերի միջոցով անդրադարձան մի շարք սուր վարակիչ հիվանդություններին, որոնք հնարավոր կլիներ կանխել՝ ժամանակին պատվաստվելու դեպքում:
Այնուհետև բոլոր զեկուցողներն անցկացրին պանելային քննարկում՝ պատասխանելով մասնագիտական բազմաթիվ կարևոր հարցերի:
Պատասխանելով՝ ինչու պատվաստվել հարցին Հռիփսիմե Ապրեսյանը մեջբերեց իր դասախոսներից մեկի խոսքը. «Ով չի սիրում պատվաստանյութը, կարող է փորձել հիվանդությունը»,- շարունակելով, որ չկա այնպիսի հետևանք, որն ավելի ծանր լինի, քանի հիվանդացությունից առաջացած բարդությունները: «Պատվաստվելով մենք ոչ միայն մեր անձն ենք պաշտպանում, այլև շրջապատին, այն անձանց, որոնց տարբեր պատճառներով չենք կարող պատվաստվել»,-ընդգծեց նա:
Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի վարիչ Վիգեն Ասոյանը անդրադառնալով նույն հարցին՝ շեշտեց, որ կառավարվող վարակները, որոնց դեմ ստեղծված են պատվաստանյութեր, որոնք ունեն ապացուցված ազդեցություն, պետք է պատվաստվել:
Նշենք, որ Հայաստանում 2023 թվականին արձանագրվել է կարմրուկի 545 դեպք, որից 80 տոկոսը՝ երեխաների, իսկ 20 տոկոսը՝ մեծահասակների շրջանում: Դեպքերի մոտ 80 տոկոսը հոսպիտալացվել է, գրանցվել է նաև 1 մահվան դեպք:
2024 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ արձանագրվել է 556 դեպք, որից 60 տոկոսը երեխաների, իսկ 40 տոկոսը՝ մեծահասակների մոտ. դեպքերը մեծահասակների շրջանում ակտիվացել են, վարակվածների 77 տոկոսը հոսպիտալացվել է: Չնայած վերջին ամիսներին նկատվում է դեպքերի նվազում, սակայն դեռ շարունակվում է տեղական դեպքերի արձանագրումը: