ԵՊԲՀ բժշկական գենետիկայի ամբիոնի և Բժշկական գենետիկայի ու առողջության առաջնային պահպանման կենտրոնի նախաձեռնությամբ անցկացվեց «Թրոմբոդինամիկա» խորագրով երրորդ գիտագործնական համաժողովը։
Մարտի 31-ին կայացած միջոցառմանը մասնակցում էին արյունաբաններ, գինեկոլոգներ, ընտանեկան բժիշկներ։
Համաժողովի ընթացքում ՌԴ Դագեստանի պետական բժշկական համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ, «Family» բժշկական կենտրոնի գինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Նաիդա Սուլեյմանովան ներկայացրեց «Թրոմբոզային իրավիճակի ախտորոշումը և շտկումը մանկաբարձ-գինեկոլոգի պրակտիկայում» թեմայով զեկույցը։ Մասնագետն անդրադարձավ իր գործունեության ընթացքում տեղ գտած կլինիկական դեպքերին, մասնավորապես՝ հղիների շրջանում։ Դասախոսության ավարտին Նաիդա Սուլեյմանովան ընդգծեց թրոմբոդինամիկայի թեստ անցկացնելու կարևորությունը։
«Թրոմբոզային իրավիճակի ախտորոշումը և շտկումն արյունաբանի պրակտիկայում» վերտառությամբ զեկույցով հանդես եկավ ՌԴ Կազանի դաշնային համալսարանի ֆունդամենտալ բժշկության և կենսաբանության ինստիտուտի ներքին հիվանդությունների ամբիոնի դոցենտ Սվետլանա Սաֆիուլլինան։ Խոսելով անոթների գործունեության շեղումների մասին՝ արյունաբանն ընդգծեց․ «Թրոմբոզը չի առաջանում մեկ վայրկյանում։ Այսօր այն առավել հաճախ կապվում է COVID-19-ի հետ»։ Մասնագետն անդրադարձավ միջին և բարձր ռիսկի թրոմբոզներին՝ իր հերթին կարևորելով առաջնային պրոֆիլակտիկայի անհրաժեշտությունը։ Սվետլանա Սաֆիուլլինան ևս ներկայացրեց կլինիկական դեպքեր, որոնք հանդիպել են իր մասնագիտական գործունեության ընթացքում՝ հավելելով, որ ցանկացած վարակ կարող է հանգեցնել թրոմբոզի առաջացման։