Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Կենսադեղագործական պատրաստուկների ուղղվածության և միտումների մասին դասախոսեց Բագրատ Լալայանը

ԵՊԲՀ-ն այսօր հյուրընկալել էր Վիկտորիա Քոնսալթինգ և Իննովաֆարմ ընկերությունների հիմնադիր, բ. գ. թ., դոցենտ, Ըյսայի ընկերության միջազգային բժշկական գլխավոր տնօրեն Բագրատ Լալայանին, ով հանդես գալով դասախոսությամբ՝ անդրադարձավ բիոտեխնոլոգիական եղանակներով արտադրվող դեղերին, դրանց ուղղվածությանը և միտմանը: 

Բագրատ Լալայանը շնորհակալություն հայտնելով՝ իրեն նման հնարավորություն ընձեռելու համար նշեց, որ բիոտեխնոլոգիաներն բիոլոգիական տարբեր տեսակի նյութեր են, որոնց շնորհիվ կարող են ստանալ անհրաժեշտ բժշկական, գյուղատնտեսական կամ քիմիական դեղամիջոցներ: 

Դեղագործական ընկերությունների հիմնադիրը, խոսելով կենսադեղագործական պատրաստուկների միտումների և ապագայի մասին, շեշտեց նաև դեղագետի մասնագիտության առանձնահատկությունները: 

Նա նշեց, որ դեղագիտական ֆակուլտետի շրջանավարտի համար մասնագիտության մեջ կայանալու բազմաթիվ հնարավորություններ և հեռանկարներ կան: 

«Եթե այստեղ կան մարդիկ, ովքեր փոշմանել են, որ ընդունվել են դեղագիտական, այլ ոչ թե ընդհանուր բժշկության կամ ստոմատոլոգիայի ֆակուլտետ, պետք է նշեմ, որ շատ լավ ընտրություն եք կատարել, ձեր մասնագիտությունն ունի հսկայական կարևորություն առողջապահական համակարգի մեջ: Այն շատ հեռանկարային է, բայց դրա համար անհրաժեշտ է լավ սովորել: Լավ սովորելը նշանակում է գիտելիք, ոչ թե անգիր անել և ստանալ բարձր միավորներ: Դուք ունեք հոյակապ դասխոսներ, նրանք բարձր միջազգային դասի մասնագետներ են, որոնցից շատ բան կարող եք սովորել, պետք է դեռ ուսանողական տարիներից գիտական հոդվածներ ունենաք, ցույց տաք, որ կաք այդ դաշտում, մասնակցեք տարբեր համաժողովների»,-ասաց նա:

Նշենք, որ հանդիպմանը ներկա էին դեղագիտական ֆակուլտետի ուսանողներ, թեմայով հետաքրքրվածներ: