«Հանուն Արդարության և խաղաղության» խորագրով «Ջայ Ջագաթ 2020» քայլարշավի մասնակիցները հյուրընկալվեցին ԵՊԲՀ-ում:
Խաղաղասերներին հայկական ժողովրդական կատարումներով դիմավորեցին արտասահմանցի ուսանողները, որից հետո ցուցադրվեց Հայաստանի, ԵՊԲՀ-ի, համալսարանական հիվանդանոցների մասին պատմող տեսաֆիլմ:
Քայլարշավի ներկայացուցիչները ողջունելով երիտասարդներին՝ նշեցին, որ համախմբման կոչով քայլարշավը նպատակ ունի ձևավորել մարդու իրավունքների գերակայության վրա խարսխված հոգատար միջավայր, որի հիմքում Մահաթմա Գանդիի գաղափարներն են, ով իր ողջ կյանքի ընթացքում պայքարել է հանուն արդարության, հավասարության և խաղաղության`ընտրելով բացառապես ոչ բռնի մեթոդները: «Հայաստանը լավագույն օրինակներից է, որտեղ առանց բռնության տեղի ունեցավ հեղափոխություն: Եվ այն համահունչ է մեր տարածած գաղափաներին», -ասաց քայլարշավի հնդիկ մասնակիցը՝ ավելացնելով, որ «Ջայ Ջագաթ 2020» քայլարշավի մասնակիցները ցանկություն են հայտնել այցելել ԵՊԲՀ, քանի որ բժշկական համալսարանում են սովորում Հայաստանում ամենաշատ՝ ավելի քան 1800 արտասահմանցի ուսանողները, որոնք կարող են միանալ տնտեսական, սոցիալական և շրջակա միջավայրի խորացող խնդիրների շուրջ համամարդկային համախմբման, խաղաղության կոչին և այն տարածել իրենց երկրներում:
Ապագա բժիշկների հետ ջայջագաթցիների հանդիպում եզրափակվեց քայլարշավին նվիրված խաղաղության երգով, որից հետո հյուրերն այցելեցին Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն:
Քայլարշավի աշխարհագրության մեջ ներառված երկրներում Հնդկաստանից և աշխարհի մի շարք այլ պետություններից ժամանած շուրջ 50 մասնակիցներն ու պատվիրակներն իրականացնելու են ոչ բռնի փոփոխություններին նվիրված համաժողովներ, դասընթացներ, թրեյնինգներ, հանրային քննարկումներ և այլ միջոցառումներ:
Խաղաղասերների խումբը փետրվարի 12-ից մինչև ապրիլի 2-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության տարածքով կանցկացնի «Հանուն Արդարության և խաղաղության» խորագրով «Ջայ Ջագաթ 2020» քայլարշավը: Ջայջագաթցիները հայ-իրանական հարավային սահմանից կքայլեն մինչև հայ-վրացական սահման՝ ճանապարհին հյուրընկալվելով Հայաստանի գյուղերում և քաղաքներում, հանդիպելով տեղի բնակչությանը, այցելելով պատմամշակութային հուշարձաններ և կոթողներ:
Նշենք, որ Մահաթմա Գանդիի 150-ամյակին նվիրված քայլարշավը մեկնարկել է 2019 թվականի հոկտեմբերի 2-ին՝ Հնդկաստանի Նյու Դելի քաղաքից: Ներառելով աշխարհի 10 պետություն և անցնելով շուրջ 14 հազար կմ ճանապարհ` քայլարշավի մասնակիցները նախատեսում են հասնել Ժնև 2020թ․ սեպտեմբերին, որտեղ Ջայ Ջագաթի մասնակիցները միանալու են տեղական նախաձեռնությունների 8-օրյա համաժողովին: