Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Խոյ» ազգային պարի խումբը հասցրել է սիրելի դառնալ ապագա բժիշկների կողմից

ԵՊԲՀ ապագա բժիշկները կրթական, գիտական ծրագրերն ուսումնասիրելուց, յուրացնելուց բացի, շարունակում են մշակութային կյանքին ևս ակտիվորեն մասնակցել:

«Խոյ» ազգային պարի խումբը, որն իր շուրջն է համախմբել բազմաթիվ ապագա բժիշկների, արդեն հասցրել է սիրելի դառնալ բուհի կողմից:

Ազգային պարի խմբի անդամ, ԵՊԲՀ ուսանող Խորեն Ամիրխանյանը նշեց, որ խմբի անդամներն անընդհատ ավելանում են, ինչը շատ ոգևորող փաստ է, քանի որ կարողանում են խթան հանդիսանալ, որ ուսանողության շրջանում աճի հետաքրքրությունը ազգային մշակույթի նկատմամբ։

«Գրեթե մեկ տարի առաջ Հայարփի Սահակյանի կողմից կազմակերպված «Իմ տեսանկյունը» ծրագրի շրջանակներում խոսում էի ազգային պարարվեստի մասին, փորձում էի ներկայացնել իմ տեսանկյունից ազգային պարը։ Եվ իմ ընկերների հետ մի պար պարեցինք` այդ ծրագրի շրջանակներում, ու միտք առաջացավ` ինչու չունենալ խումբ, որը շարունակական և երկարատև գործունեություն կծավալի համալսարանի ներսում։ Սա եղավ առիթ, որ խումբը հիմնադրվի։ Խումբը գործում է 2019թ.-ի փետրվար ամսից։ Հիմնական և կարևորագույն նպատակը ազգային պարերի և երգերի տարածումն է»,-ասաց նա:

ԵՊԲՀ ուսանողը նշեց, որ խմբի առաջին հրապարակային ելույթը փետրվար ամսին էր, այնուհետև՝ մայիսին՝ Մայիսյան եռատոնին նվիրված, ինչպես նաև աշխատանքային և հարսանեկան պարերով վերջերս՝ դեկտեմբերի 3-ին էլ ունեցան միջոցառում։

«Գալիք տարի ևս նախատեսում ենք անցկացրել միջոցառումներ։ Փետրվարի 14-ին` խմբի ձևավորման մեկամյակի կապակցությամբ, և եթե հաջողվի տարազներ ձեռք բերել, նաև գարնանը կունենանք միջոցառումներ»,-ասաց նա՝ իր շնորհակալությունն հայտնելով «Կարին» ազգային երգի և պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանին` պարերը սովորելու հնարավորության, ինչպես նաև ազգային պարերի պահպանման և տարածման գործում կատարած կոմիտասյան ահռելի աշխատանքի համար։