Սաթեն Հովհաննիսյանը կլինիկական օրդինատուրայում ուսումնառությունն ավարտել է ընդամենը մի քանի օր առաջ:
Մանկական ուռուցքաբանության ոլորտում, նաև բժշկության տարբեր ասպարեզներում հաջողելու առաջին նախապայմանը նրա համոզմամբ` ազնվությունը, սեփական փորձն ու գիտելիքները փոխանցելու կարողությունն ու պատրաստակամությունն է, որը թիմային աշխատանքի կարևորագույն նախապայմանն է։
«Օրդինատուրայի երեք տարին արգասավոր էր ոչ միայն կլինիկական ոլորտում գիտելիքներ և փորձ ձեռք բերելու, այլև բազմաթիվ գիտական աշխատանքներ իրականացնելու, միջազգային գիտությանը ծանոթանալու, բազմապիսի գիտական ծրագրերի մասնակցելու համար։ Ինչպես և կլինիկական օրդինատուրայի ընթացքում, այնպես էլ հիմա, ես և իմ բոլոր ընկերները՝ մեր ամբիոնի կլինիկական օրդինատորները, առավելագույն ներգրավվածություն ունենք և՛ կլինիկական, և՛ գիտական աշխատանքներում։ Այդպես եղել է մեր օրդինատուրայի առաջին իսկ օրվանից։ Այս մոտեցումը, և այն վստահությունն ու պատրաստակամությունը, որը տեսնում ես ավագ բժիշկների կողմից, քառապատկում են ոգևորությունն ու պատասխանատվությունը ոլորտի զարգացման մեջ քո լուման ներդնելու համար»,- ուրախությամբ է նշում ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի շրջանավարտը:
Մանկական ուռուցքաբանի մասնագիտության ընտրությունը մեկ օրվա որոշում չի եղել նրա համար, և եթե նորից ընտրության առաջ կանգներ՝ կանցներ նույն ճանապարհը:
Բժշկական համալսարանն ավարտելուց հետո ընդունվել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի հանրային առողջության ֆակուլտետ, որտեղ ծանոթացել է գիտական հետազոտությունների մեթոդաբանությանը, ինչը նրան մոտեցրել է գիտությանը. «Ուսումնական պրակտիկայի շրջանում, ես հայտնվեցի «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի քիմիաթերապիայի բաժանմունքում, որտեղ եղել էի տարիներ առաջ, որպես ուսանող, և այս անգամ որոշումս հստակ էր՝ մնալ ոլորտում հենց այս թիմի հետ։ ԵՊԲՀ ուռուցքաբանության ամբիոնի դասախոս Լիլիթ Սարգսյանը առաջիններից էր, որը մեզ ծանոթացրեց ուռուցքաբանության ոլորտին, իսկ հետագայում ուռուցքաբանության ցիկլից ինձ համար ուղենիշ դարձավ՝ քաղցկեղը դատավճիռ չէ սկզբունքը։ Ամերիկյան համալսարանում գիտական ավարտական թեզը մանկական ուռուցքաբանության ոլորտում առկա խնդիրների վերլուծությունն էր, որն ինձ էլ ավելի մոտեցրեց իմ ապագա մասնագիտությանը»:
Սաթեն Հովհաննիսյանը փաստում է՝ կլինիկական ոլորտն իրեն կլանել է հիվանդանոց մտնելու առաջին իսկ օրվանից և դարձել կենսաձև:
«Երեխաների հետ աշխատանքը անչափ պատասխանատու է, բայց նույնչափ հաճելի։ Առավոտյան համայցներին սպասում ես տեսնելու նրանց ժպիտները ու ոգևորված աչքերը, և երբ լսում են, որ կարող են տուն գնալ։ Բոլոր տարիքային խմբերի երեխաներն այնքան լավ են հասկանում, թե ինչ ուղի պիտի անցնենք միասին և շատ կարևոր է բոլոր հարցերում անկեղծ լինել նրանց հետ, հարցնել նրանց կարծիքն ու ցանկությունները և ամենակարևորը՝ երբեք չստել։ Պարզապես բացատրեք նրանց բոլոր վտանգներն ու հետևանքները, երբ որոշ ցանկություններ անկատար ենք թողնում, մի քիչ նեղացած աչքերով լուռ համաձայնում են, իսկ ժամեր անց լայն ժպտում ու հարմարվում իրավիճակին։ Երանի մենք՝ մեծահասակներս նույնքան իմաստուն լինեինք»,- պատմում է բժիշկը` հավելելով, որ չնայած տարիքին բուժառուներից շատերը գիտեն բուժման սխեմաները, ավելի փորձառուներն անգամ մեկնաբանում են սեփական անալիզները և փորձում բանակցել բժիշկների հետ կամ կիսվել սեփական փորձով ոչ այնքան փորձառուների հետ։
Յուրաքանչյուր բուժվող փոքրիկի հետ, բոլորը՝ բուժանձնակազմը, հոգեբանները և ծնողները, անցնում են մի դպրոց, որը յուրահատուկ է և ուսանելի։
Մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ոլորտը սրընթաց զարգացում է ապրում ամբողջ աշխարհում և կարևոր է հաղորդակից լինել գիտական բոլոր նորարություններին և հնարավորության սահմաններում ներդնել դրանք մեր հայրենքիում։
Երիտասարդ մասնագետները մասնակցում են միջազգային տարբեր գիտաժողովների, դիմում են կրթական ծրագրերի՝ ժամանակակից գիտության ուղեծիրը չկորցնելու համար։
Վերջերս Սաթենը եռամսյա վերապատրաստման դասընթաց է անցել Նիդերլանդների Փրինսես Մաքսիմա մանկական ուռուցքաբանության կլինիկայում, որը համարվում է եվրոպական առաջատար կենտրոններից մեկը, թեև բավականին երիտասարդ հաստատություն է։
«Մանկական ուռուցքաբանությունը և արյունաբանությունը կենտրոնացված է միայն այս կենտրոնում, ինչպես և մեզ մոտ՝ Հայաստանում։ Կլինիկական հետազոտությունների և գիտական աշխատանքների ծավալը, բուժման գերժամանակակից մեթոդների կիրառությունը պարզապես նախանձելի էր, սակայն այդ երեք ամիսները ինձ համար դարձան ոչ միայն նոր գիտելիքների աղբյուր, այլև առավել քան հաստատեցին այն սկզբունքը, որ գիտությունն ու կլինիկական ոլորտը միշտ պետք է համատեղել, հակառակ դեպքում, որպես մասնագետ լճանալը սարերի ետևում չէ: Ուրախ եմ, որ մեր ամբիոնում խիստ կարևորվում է գիտական աշխատանքը և մենք գիտական թեզիսներով հանդես ենք գալիս միջազգային գիտաժողովներին, որոնք համագործակցության նոր հարթակ են մեզ համար»,- ասում է ԵՊԲՀ շրջանավարտը:
Սաթենը այս պահին կլինիկական գործունեությունից զատ, աշխատում է մի քանի գիտական ծրագրերի, այդ թվում՝ մանկական քաղցկեղի օժանդակ խնամքի ստանդարտացման և գործելակարգերի ներդրման ուղղությամբ` ԱՀԿ-ի և IARC-ի հետ համատեղ պլանավորելով թիմով միանալ մանկական քաղցկեղի ուշ ախտորոշման դետերմինանտները պարզելու ուղղությամբ իրակացվող գիտական հետազոտությանը, աշխատում է մի քանի գիտական հոդվածների վրա, որոնց հիմնական նպատակը մանկական ուռուցքաբանության վիճակագրական տվյալների վերլուծությունն է, որը հնարավորություն է տալու գնահատել ապրելիության ցուցանիշները և մշակել հետագա քայլերը՝ ցուցանիշները բարելավելու համար։
Երիտասարդ հերացիականը մասնագիտական ուղու մեկնակետում արդեն գիտակցում է, որ բժշկության ոլորտում անչափ կարևոր է պացիենտների հետ աշխատանքում հնարավորինս զուսպ և շրջահայց լինելը, մի քանի քայլ առաջ հաշվարկելը և հնարավոր բոլոր հարցերի համար բացատրություններ ունենալը և, իհարկե, նրանց տեսակետները հարգելը։
Հողարդակցման հմտությունները, մասնագիտական զգուշավորությունը ձեռք ենք բերվում ամենօրյա փորձի և թիմային քննարկումների ընթացքում։
Սեպտեմբերը մանկական քաղցկեղի մասին իրազեկման ամիսն է: Այս ոլորտի ներկայացուցիները վստահ են, որ ամեն օր պետք է հարթել ինքնակատերագործան ուղին, առանց պաթոսի, նվիրված աշխատանքով, համբերությամբ, սթափությամբ և նվիրումով` մշտապես երախտապարտ լինելով բժշկության արվեստը քեզ սովորեցնողներին, քանի որ գիտելիքն անգին է։