Բժշկագիտության ոլորտում այն մասնագետները, որոնց աշխատանքը կապված է մոր և մանկան առողջության պահպանման, մասնավորապես, վերարտադրողական առողջության հետ, աշխատանքային ծանրաբեռնվածության մեջ, ինչպես իրենք են բնորոշում՝ «հրաշքի» հետ առանչվելու հնարավորություն ունեն:
Բժշկական բուհի շրջանավարտ Գրետա Երեմյանի համար յուրաքանչյուր առաջին անգամ լսվող մանկան ճիչ, նոր սկսվող կյանք հույսի և լուսավոր ապագայի խորհրդանիշ է: Առավել պարտավորեցնող և պատասխանատու է, երբ կարևոր դերակատարում ունես երեխայի լույս աշխարհ գալու գործընթացում:
ԵՊԲՀ-ում սովորել է գերազանց առաջադիմությամբ, այժմ կլինիկական օրդինատուրա է անցնում «Բեգլարյան» բժշկական կենտրոնում` մանկաբարձություն և գինեկոլոգիա մասնագիտությամբ:
«Մանկուց երազել եմ բժշկական համալսարանում սովորելու մասին։ 8-րդ դասարանում մարդու անատոմիա անցնելիս հետաքրքրությունս մեծացավ առարկայի նկատմամբ, և 2015 թվականին մայրիկիս հորդորով ընդունվեցի բժշկական համալսարան: 4-րդ կուրսում գինեկոլոգիայի ցիկլերի ժամանակ արդեն որոշել էի շարունակել այդ ուղղությամբ, քանի որ հրաշալի զգացողություն է, երբ ամեն օր տեսնում ու լսում ես մի նոր մանկան ճիչ, մի նոր կյանք, որը լույս աշխարհ է գալիս քո օգնությամբ»,- պատմում է նա:
Հետաքրքրված է, հատկապես, վերարտադրողական բժշկությամբ: Ցանկանում է, որ յուրաքանչյուր կին մայրության բերկրանքը զգալու հնարավորություն ունենա:
Ապագայի հետ կապված շատ ծրագրեր ունի. ցանկանում է արտերկրում վերապատրաստվել ռեպրոդուկտոլոգիայի ուղղությամբ և վերադառնալ հայրենիք` ձեռք բերած գիտելիքներն այստեղ ծառայեցնելու նպատակով:
Բժիշկ-օրդինատորի գնահատմամբ` հիվանդանոցային կյանք մուտք գործելը կյանքի ամենաբարդ փորձություններից է։
«Ժամանակի ընթացքում բացահայտված հետաքրքրություններն ու ձեռք բերած գիտելիքներն աստիճանաբար մեզ տանում են բժշկի մասնագիտության հետևից: Գիտելիքներ ձեռք բերելուն զուգահեռ՝ շատ կարևոր է անձնային աճը։ Պացիենտներն ակնկալում են տեսնել կատարյալ անձ, որն ունի կատարյալ գիտելիք և ամեն իրավիճակում կարողանում է գտնել կատարյալ լուծումներ»,- ասում է Գրետան` հավելելով, որ բժշկությունը պահանջում է լինել լավագույնը, հատկապես, ծննդօգնության ոլորտում, քանզի յուրաքանչյուր մանկաբարձ-գինեկոլոգ պատասխանատու է ոչ թե մեկ, այլ երկու կյանքի համար: