Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Կլինիկական օրդինատորը հաջողությամբ սերտում է արյունաբանության «այբուբենը»

Կլինիկական օրդինատորը հաջողությամբ սերտում  է արյունաբանության «այբուբենը»

Մեծանալով բժիշկների ընտանիքում և տեսնելով նրանց անձնվեր աշխատանքը՝  Ալիսա Մովսիսյանը մանկուց սիրել է այս մասնագիտությունը և ցանկացել է օգնել մարդկանց` կարևորելով բժշկության մարդասիրական կողմը։

Գերազանցությամբ ավարտելով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը` ներկայումս հետբուհական շարունակական կրթություն է ստանում Մանկական արյունաբանության և ուռուցքաբանության ամբիոնում որպես մեծահասակների արյունաբան։ 

«Ուսանողական տարիներից հետաքրքրված եմ եղել բժշկության տարբեր բնագավառներով: Արյունաբանությունն ընտրել եմ, քանի որ այն լուրջ մարտահրավեր է ժամանակակից բժշկության համար: Այն պահանջում է խորը գիտելիքներ բջջային և մոլեկուլյար մակարդակով: Լինելով բժշկության ամենաարագ զարգացող և պահանջված ուղղություններից մեկը` այն լայն ուսումնասիրման ու շարունակաբար բացահայտման կարիք ունի»,- ասում է կլինիկական օրդինատորը, ում համոզմամբ` բժշկի մասնագիտությունը պահանջում է համբերատարություն, կարեկցելու ունակություն և նվիրում: Առհասարակ բժշկության ցանկացած բնագավառում մարդասիրությունը, պատասխանատվության զգացումն ու աշխատասիրությունն առանցքային են:

Ուսումնառության ընթացքում արյունաբանությունն առավել մանրակրկիտ ուսումնասիրելով՝ համոզվել է, որ այն սերտորեն առնչվում է բժշկական այլ մասնագիտությունների հետ։

Արյունաբանության «այբուբենը»՝ արյան ընդհանուր քննությունը, որը պատկերացում է տալիս օրգանիզմում ընթացող բազում գործընթացների և խանգարումների մասին, նրա գնահատմամբ` չափազանց կարևոր է բժշկական գրեթե բոլոր մասնագիտություններում, քանի որ հաճախ պացիենտների հետազոտման, վիճակի հսկման, նախավիրահատական պատրաստության առաջնային և պարտադիր մեթոդն է, որը հաճախ պահանջում է արյունաբանի խորհրդատվություն։

Ալիսա Մովսիսյանի համար պացիենտների հետ աշխատանքը չափազանց պատասխանատու է ոչ միայն բուժման գործընթացի, այլև բուժառուների և նրանց հարազատների հետ շփման առումով.

«Արյունաբանական հիվանդություններով պացիենտները հաճախ երկարատև ստացիոնար բուժման կարիք են ունենում, որն առավել արդյունավետ կազմակերպելու համար կարևոր է ստեղծել բժիշկ-պացիենտ փոխադարձ վստահելի հարաբերություններ։ Կարևորում եմ պացիենտներին «խոսքով չվնասելու և բժշկելու» գաղափարը, որին կարելի է հասնել՝ հղկելով հաղորդակցման հմտությունները։ Պացիենտների հետ սիրով եմ աշխատում, ի վերջո բուժման հաջող ընթացքը և պացիենտի երախտագիտությունը բժշկի աշխատանքի լավագույն գնահատականն են»:

Օրդինատուրայի ծրագրի շրջանակներում  ապագա արյունաբանները ոչ միայն անցնում են կլինիկական և լաբորատոր պրակտիկա՝ մասնակցելով հիվանդության ախտորոշման և պացիենտի վարման բոլոր փուլերին, այլև Մանկական արյունաբանության և ուռուցքաբանության ամբիոնի աջակցությամբ հնարավորություն են ունենում շփվելու և կապեր հաստատելու արտերկրի լավագույն մասնագետների և միջազգային փորձագետների հետ՝ իրականացնելու գիտելիքների և փորձի փոխանակում, բարդ դեպքերի քննարկում։

Հետբուհական կրթություն ստացող սովորողների համար մոտիվացնող և պարտավորեցնող է աչքի առջև  ունենալ  ավագ կոլեգաների աշխատանքի և ձեռքբերումների փայլուն օրինակները, իսկ առավել ոգևորիչ է նրանց կողմից դրսևորած աջակցությունը և պատրաստակամությունը։

Հետբուհական կրթության երկրորդ տարում Ալիսան սովորել է Պորտոյի համալսարանի ուռուցքաբանության մագիստրատուրայում և անցել  ինտերնատուրա Պորտոյի ուռուցքաբանության ինստիտուտում, որը համարվում է կլինիկական հետազոտությունների Եվրոպայի առաջատար ռեֆերենս կենտրոններից մեկը: Հնարավորություն է ունեցել սովորելու կլինիկական այնպիսի մասնագետների և հետազոտողների ղեկավարությամբ, որոնք միջազգային մասշտաբով զգալի ներդրում են ունեցել ուռուցքաբանության և արյունաբանության զարգացման մեջ։ Տեսական դասընթացների, ինչպես նաև կլինիկական և լաբորատոր պրակտիկայի շրջանակներում ձեռք բերած գիտելիքները և փորձը անգնահատելի են նրա համար, և հպարտ է, որ այժմ դրանք ներդնում է հայրենիքում արյունաբանության զարգացման և պացիենտների կյանքի որակի բարելավման գործում։

«Արտերկրում ուսումը կարևորում եմ նաև ոլորտի մասնագետների հետ ծանոթություններով, որոնք կարող են հետագա համագործակցության և փորձի փոխանակման հիմք հանդիսանալ: Պորտուգալիայում վերապատրաստվելու ընթացքը նշանակալի էր ոչ միայն մասնագիտական կատարելագործման տեսակետից, այլև այդ զարմանալի երկրի մշակույթի և մարդկանց բացահայտման, ինչպես նաև այլ ազգերի մշակույթների հետ շփման առումով»,- նկատում է սովորողը:

Նա պարբերաբար մասնակցում է հայաստանյան և միջազգային տարբեր դասընթացներին և ծրագրերին, կատարում գիտական աշխատանքներ և թեզիսներով հանդես գալիս միջազգային համաժողովներում։ Համոզված է, որ ապացուցողական բժշկության դարում գիտությունը պրակտիկ բժշկության հիմքն է և անբաժան մասը, իսկ  երիտասարդ մասնագետները փորձում են հնարավորինս ներգրավված լինել գիտության մեջ:

Ներկայումս աշխատում է մի քանի գիտական ծրագրերի և հոդվածների շուրջ։ Դրանցից է հազվադեպ հանդիպող, սակայն ամբողջ աշխարհում թերախտորոշվող կյանքին սպառնացող հիվանդության` հեմոֆագոցիտար լիմֆոհիստիոցիտոզի վերաբերյալ Elsevier տպագրության կողմից նախատեսվող ձեռնարկի համապատասխան մասը։ Բացի այդ պատրաստվում է հետազոտել նույն հիվանդությունը հայաստանյան պոպուլյացիայում և ձեռնարկել համաշխարհային ռեգիստրի ստեղծումը:

Ամփոփելով վստահեցնում է, որ շարունակաբար զարգացող բժշկագիտության ոլորտում, ինչպես և կյանքում, անհրաժեշտ է նպատակներ դնել և քայլել դրանց իրագործմանն ընդառաջ` չհուսահատվելով դժվարություններից:  Փոքր հաջողությունն անգամ մեծ հաղթանակ է բժշկության մեջ: