Բուժաշխատակիցների հանդեպ բռնության դեպքերը ցավոք շարունակում են տարածված լինել, ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում:
Բրիտանական «The Guardian» հայտնի պարբերականը վերջերս անդրադարձել է բուժաշխատակիցների հանդեպ դրսևորվող ագրեսիայի և բռնության արդի հիմնախնդրին:
Ըստ հոդվածի տվյալների` բրիտանացի բժիշկների կեսից ավելին վերջին մեկ տարվա ընթացքում արժանացել է վատ վերաբերմունքի պացիենտների կամ նրանց հարազատների կողմից, ներառյալ ֆիզիկական և հոգեբանական բռնությունը: Ինչպես ցույց են տվել բժշկական կազմակերպությունների կողմից արված հարցումները և վկայությունները` բժիշկների հանդեպ տարաբնույթ վերաբերմունք են ցուցաբերել` բանավոր սպառնալիքներից մինչև ֆիզիկական բռնության կիրառում:
Բժշկական պաշտպանության հասարակության հետազոտությունը ցույց է տվել, որ հարցված բժիշկների 56%-ը վերջին 1 տարվա ընթացքում ականատես է եղել բանավոր կամ ֆիզիկական բռնության հետ կապված իրավիճակի: Գրեթե կեսը նշել է, որ միջադեպերի համար պատճառ են հանդիսացել բուժանձնակազմի պակասը և երկար սպասելաժամանակը:
Պրոֆեսոր Ջեյն Դակրի` «Բժշկական պաշտպանության հասարակություն» ՀԿ-ի նախագահի կարծիքով՝ չնայած անձնակազմի պակասը և երկար սպասելը կարող են «հիասթափեցնող և սթրեսային» լինել բուժառուների և նրանց ընտանիքի անդամների համար` «առաջնագծում» աշխատող անձնակազմը անում է անհնարինը շատ դժվար պայմաններում` բազմաթիվ կյանքեր փրկելով:
Բուժաշխատակիցների դեմ ուղղված ագրեսիայի վերաբերյալ մտահոգությունը ստիպել է Մեծ Բրիտանիայի կառավարությանը կրկնապատկել այդ արարքի համար սահմանված պատժաչափը: Անձնակազմի հանդեպ բռնությունների մասին ահազանգը պատճառ է հանդիսացել, որպեսզի Լոնդոնի առողջապահական ծառայության ղեկավարներն անցյալ տարի հանդես գան բաց նամակով, որում ասվում է. «Լոնդոնի բուժհաստատություններում աշխատող տասնյակ հազարավոր աշխատակիցներ և գործընկերներ բախվում են հիվանդների և հասարակության անդամների կողմից բռնության և ագրեսիայի պարզապես աշխատանքի գնալու պատճառով. բռնությունները վտանգավոր մակարդակի վրա են»։
Ըստ հարցումների, որն անցկացվել է Մեծ Բրիտանիայի 861 բժիշկների շրջանում, 10 բժիշկներից 3-ը կարծում են, որ ոստիկանությունը բավականաչափ լուրջ չի վերաբերվում նման միջադեպերին:
Չարաշահման դեպքերի աճող թիվը հանգեցրել է նրան, որ առողջապահական որոշ հաստատություններ աշխատակիցներին տրամադրել են մարմնի վրա տեղադրված տեսախցիկներ՝ ագրեսիան զսպելու և ֆիքսելու համար, իսկ մյուսները վարձել են անվտանգության լրացուցիչ աշխատակիցներ և տեղադրել տեսահսկման համակարգեր:
Քանի որ Covid-19 համաճարակն աննախադեպ ճնշում գործադրեց առողջապահական ծառայությունների և անձնակազմի վրա նմանատիպ միջադեպեր արձանագրվեցին ամբողջ աշխարհում: Ըստ բժիշկներից մեկի խոսքերի` համաճարակի վեց ամսվա ընթացքում նրանք ավելի շատ անախորժություններ են ունեցել պացիենտների և նրանց հարազատների հետ, քան իրենց մասնագիտական գործունեության նախորդ 50 տարիների ընթացքում:
2020թ.-ի սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին հարցմանը պատասխանած 1251 բժիշկներից 375-ը (30%) համաճարակի ընթացքում աշխատելիս բանավոր վիրավորանքների և սպառնալիքների են ենթարկվել հիվանդների կամ նրանց հարազատների կողմից, իսկ 63-ը (5%) ենթարկվել են նաև ֆիզիկական բռնության։
Հայաստանում նունյպես գրանցվում են բուժաշխատակիցների հանդեպ բռնության, վիրավորանքների և ագրեսիվ պահվածքի դրսևորումներ:
Ըստ ՀՀ Ոստիկանության վիճակագրական տվյալների 2020թ.-ից մինչև 2022թ.-ի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում, երբ դեռ նախկին Քրեական օրենսգրքում բուժաշխատողի նկատմամբ ուժի կիրառումը որպես քրեորեն հետապնդելի արարք սահմանված էր առանձին հոդվածով, բժիշկների նկատմամբ ուժի կիրառման 4 դեպք է արձանագրվել:
Այնուամենայնիվ, դժվար է գնահատել խնդրի իրական շրջանակը, քանի որ բռնության կիրառման շատ դեպքեր չեն հաղորդվում և առողջապահության ոլորտի աշխատակիցների վրա ֆիզիկական հարձակումների վերաբերյալ վիճակագրական տվյալներ չեն հավաքագրվում:
Ցանկացած պարագայում բուժաշխատողի հանդեպ կատարված որևէ ոտնձգություն դատապարտելի է և այն պետք է հասարակության կողմից համապատասխան արձագանքի արժանանա, անընդունելի է վիրավորական վերաբերմունք ցուցաբերել այն բուժաշխատողների հանդեպ, ովքեր մասնագիտական օգնություն են ցուցաբերում պացիենտներին` նրանց առողջության և կյանքի մասին հոգալով: