Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Բժիշկ-գիտնական Վլադիսլավ Յակովենկոն դասախոսեց բժիշկների և սովորողների համար

Բժիշկների և սովորողների համար դեկտեմբերի 8-ին, 6-րդ լսարանում կայացավ Ուկրաինայից ժամանած անվանի բժիշկ-գիտնական Վլադիսլավ Յակովենկոյի դասախոսությանը, որը նախատեսված էր մասնավորապես  գաստրոէնտերոլոգների, էնդոսկոպիստների, վիրաբույժների, համար, սակայն մասնակցեցին տարբեր նեղ մասնագիտացում ունեցողներ։ 

Վլադիսլավ Յակովենկոն, բժշկական գիտությունների թեկնածու է, Կիև քաղաքի «Օբերիգ» Ունիվերսալ կլինիկայի Էնդոսկոպիայի ու նվազագույն ինվազիվ վիրաբուժության բաժանմունքի վարիչ, Կանխարգելիչ և կլինիկական բժշկության գիտա-գործնական կենտրոնի նվազագույն ինվազիվ վիրաբուժության բաժնի ավագ գիտաշխատող, Ա. Ա. Բոգոմոլցի անվան ազգային բժշկական համալսարանի Վիրաբուժության, անեսթեզիոլոգիայի եւ ինտենսիվ թերապիայի ամբիոնի դոցենտ, «Therapia. Український медичний вісник» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ, ավելի քան 200 գիտական աշխատության և 43 արտոնագրի հեղինակ:

Արտերկրից ժամանած մասնագետը նաև Աղեստամոքսային տրակտի էնդոսկոպիայի եվրոպական ասոցիացիայի, Համաշխարհային էնդոսկոպիայի կազմակերպության, Ուկրաինայի պրոկտոլոգների, Ուկրաինայի բժիշկ-էնդոսկոպիստների ասոցիացիաների անդամ է, միջազգային կլինիկական փորձարկումների մասնակից:

Շվեյցարիայում, Գերմանիայում, Ճապոնիայում, Իսպանիայում, Ուկրաինայում, Բելառուսում, Վրաստանում, Ռուսաստանում ունի միջազգային համաժողովների, գիտաժողովների, վարպետության դասերի անցկացման փորձ:

Նշենք, որ մասնագետը երկօրյա այցի ընթացքում Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում հայ գործընկերների հետ կատարեց նաև էնդոսկոպիկ վիրահատություններ։

Ինստիտուտի Էնդոսկոպիկ ծառայության բժիշկները տպավորված էին արտերկրից ժամանած մասնագետի իրականացրած աշխատանքից։ Վլադիսլավ Յակովենկոն կատարեց ստամոքսաղիքային տրակտի գոյացությունների հեռացում էնդոսկոպիկ սուբմուկոզ դիսսեկցիայի եղանակով։