«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի Դիմածնոտային վիրաբուժության և ԼՕՌ կլինիկայի դիմածնոտային վիրաբույժները, ԵՊԲՀ օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոնի մասնագետները՝ Ռուսաստանից ժամանած անապլաստոլոգ, ԵՊԲՀ շրջանավարտ Արտավազդ Խարազյանի գլխավորությամբ, վերականգնել են ականապայթուցիկ վերքերի և դիմածնոտային շրջանի ուռուցքաբանական վիրահատությունների հետևանքով առաջացած դեմքի արատները։
Մարդու առողջությունը (ինչպես սահմանված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից) լիարժեք ֆիզիկական, մտավոր և սոցիալական բարեկեցության վիճակն է և ոչ միայն հիվանդության կամ թուլության բացակայությունը:
Օգտագործելով բարդ պրոթեզավորման մեթոդը՝ մասնագետները երեք ակտիվ աշխատանքային օրվա ընթացքում կատարված «ոսկերչական» մանրակրկիտ աշխատանքի արդյունքում կարողացան ոչ միայն վերականգնել դեմքի արատները, այլև հիվանդներին վերադարձնել լիարժեք սոցիալական կյանքի։
Նշենք, որ անվճար բուժօգնություն ցուցաբերելու նախաձեռնությունը և անմիջական ղեկավարությունը պատկանում է Մոսկվայի պետական բժշկության և ստոմատոլոգիայի համալսարանի հայազգի մասնագետ Արտավազդ Խարազյանին, որը նաև դասախոսություններով է հանդես եկել ԵՊԲՀ ուսանողների և կլինօրդինատորների համար։