Մեր երկրում կարմրուկի լարված համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ բժշկական բուհում շարունակվում են կանխարգելիչ միջոցառումները: Մոտավորապես 200 օտարերկրացի ուսանող կամավոր կանխարգելիչ նպատակով կարմրուկի դեմ պատվաստվել է մեկ դեղաչափով:
Հաշվի առնելով կարմրուկի բարձր հպավարակությունը՝ ԵՊԲՀ հիգիենիկ և հակահամաճարակային բաժնի պետ, Համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Կարինե Պողոսյանը նկատում է, որ կանխարգելիչ ամենաարդյունավետ միջոցը պատվաստումն է: Կարինե Պողոսյանն ընդգծում է` զբոսաշրջության ակտիվությամբ պայմանավորված՝ ցանկալի է, որ չպատվաստված կամ թերի պատվաստված անձինք հանգստի մեկնելուց առնվազն 10 օր առաջ պատվաստվեն կարմրուկի դեմ: Յուրաքանչյուր անձ, որը չի ստացել կարմրուկի դեմ պատվաստումները, կարող է դիմել տեղամասային պոլիկլինիկա կամ ամբուլատորիա և պատվաստվել:
Հիշեցնենք, որ կանխարգելիչ միջոցառումները մեկնարկել էին ԵՊԲՀ-ում 2023թ. հունիսի 1-ից՝ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի բուժաշխատողների շրջանում: Կարմրուկի պատվաստանյութն ունի բարձր արդյունավետություն, այն 2 դեղաչափի ներմուծման դեպքում ապահովում է 99% պաշտպանություն: