Հունիսի 14-ին ամբողջ աշխարհում նշվում է Արյան դոնորի համաշխարհային օրը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ասամբլեայի կողմից 2005թ. որպես ամենամյա միջոցառում, պաշտոնապես հայտարարված այս օրը հատուկ հնարավորություն է տալիս նշելու և շնորհակալություն հայտնելու կամավոր դոնորներին` արյան նվիրատվության համար:
2023թ. Արյան դոնորի համաշխարհային օրվա արշավի կարգախոսն է՝ «Հանձնիր արյուն, հանձնիր պլազմա, կիսվիր կյանքով, կիսվիր հաճախ»։
Այն կենտրոնանում է կյանքի ընթացքում արյան փոխներարկման կարիք ունեցող պացիենտների վրա, և ընդգծում է այն դերը, որը յուրաքանչյուր անհատ կարող է ունենալ արժեքավոր նվեր տալով` արյան կամ պլազմայի տեսքով, նաև ընդգծում է արյան կամ պլազմայի կանոնավոր նվիրատվության կարևորությունը:
Յուրաքանչյուր տարի նշելով այս օրը` առողջապահական միջազգային կազմակերպությունների հիմնական նպատակներն են՝
Բազմաթիվ երկրներում արյան ծառայությունները բախվում են արյան բավարար քանակի ապահովման, ինչպես նաև դրա որակի և անվտանգության պահպանման խնդրի հետ: Անվտանգ արյան և արյան բաղադրամասերի հասանելիության բացակայությունը, հատկապես ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում, ազդում է բոլոր հիվանդների վրա, ներառյալ նրանց, որոնք կանոնավոր փոխներարկում են պահանջում:
Ըստ միջազգային վիճակագրական տվյալների՝ ամբողջ աշխարհում հավաքված 118.5 միլիոն արյան նվիրատվություններից 40%-ը բաժին է ընկնում բարձր եկամուտ ունեցող երկրներին, որտեղ բնակվում է աշխարհի բնակչության 16%-ը: Ցածր եկամուտ ունեցող երկրներում արյան փոխներարկման մինչև 54%-ը կատարվում է 5 տարեկանից ցածր երեխաների համար, մինչդեռ, բարձր եկամուտ ունեցող երկրներում հիվանդների ամենատարածված փոխներարկվող խումբը 60 տարեկանից բարձր է, որը կազմում է բոլոր փոխներարկումների մինչև 76%-ը:
«Հերացի» վերլուծականի դիտարկմամբ` արյան նվիրատվության մակարդակը բարձր եկամուտ ունեցող երկրներում կազմում է 31.5%, միջինից բարձր եկամուտ ունեցող երկրներում՝ 16.4%, միջինից ցածր եկամուտ ունեցող երկրներում՝ 6.6%, իսկ ցածր եկամուտ ունեցող երկրներում ՝ 5.0%:
2008-2018թթ. գրանցվել է կամավոր չվճարվող դոնորների կողմից արյան նվիրատվության 10.7 միլիոն դեպքերի աճ:
Ընդհանուր առմամբ, 79 երկրներ հավաքում են իրենց արյան պաշարների ավելի քան 90%-ը կամավոր չվճարվող դոնորներից:
Այնուամենայնիվ, 54 երկրներ, այդ թվում և Հայաստանը, հավաքում են իրենց արյան պաշարների ավելի քան 50%-ը հարազատներից կամ վճարովի դոնորներից: Համաձայն վիճակագրության յուրաքանչյուր երրորդ մարդն իր կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ դոնորական արյան կարիք է ունենում։
ԱՀԿ տվյալներով, որպեսզի երկիրը կարողանա ինքնուրույն ապահովել ամբողջական արյան և դրա բաղադրամասերի պահանջները՝ անհրաժեշտ է, որ արյուն հանձնի երկրի բնակչության 2-6%-ը:
Եվրոպայում այս ցուցանիշները տատանվում են 0,4%-ից, օրինակ` Հայաստանում, Տաջիկստանում, մինչև 6,4%՝ Դանիայում, Գերմանիայում, Ռուսաստանում այն կազմում է 1,5%, իսկ ԱՄՆ-ում՝ 6%։
Արյան ծառայության զարգացումը նաև ԵՊԲՀ առաջնահերթություններից է. այդ նպատակով 2017 թվականին «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում բացվեց Արյունաբանական կետ, որտեղ իրականացվում են դոնորական արյան և դրա բաղադրամասերի ընդունման ծառայություններ, որոնք հատկապես մեծածավալ էին 2020թ. պատերազմի ժամանակ:
Հարկ է նշել, որ նույն տարվա սեպտեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածում Արյունաբանական կետում իրականացվել է 1.900 արյունատվություն, ինչը գրեթե 2 անգամ գերազանցել է 2017-2019թթ. տարեկան ցուցանիշները` ապահովելով արյան և նրա բաղադրամասերի մեծ պաշար:
Ներկայումս համալսարանական Արյունաբանական կետում առկա է 650 դոնորից բաղկացած ռեեստր, որի կազմում շուրջ 250-ը բժշկական համալսարանի ուսանողներ են:
Արյան փոխներարկումը կյանքեր է փրկում և բարելավում առողջությունը, սակայն փոխներարկման կարիք ունեցող շատ հիվանդներ ժամանակին չեն ունենում անվտանգ արյան հասանելիություն:
Անվտանգ և համարժեք արյան ապահովումը պետք է լինի յուրաքանչյուր երկրի ազգային անվտանգության և առողջապահական ենթակառուցվածքների անբաժանելի մասը: