Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Համալսարանական հիվանդանոցի սրտաբանը Արցախում 8 օրում կատարել է 13 վիրահատություն

Բժշկական համալսարանի և Արցախի հանրապետական բժշկական կենտրոնի միջև ստորագրված կրթական-կլինիկական համագործակցության մասին հուշագրի շրջանակում Արցախ մեկնած «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի ընդհանուր և ինվազիվ սրտաբանության կլինիկայի սրտաբան Արտյոմ Մելիքյանը 8 օրում կատարել է 13 վիրահատություն՝  հիմնականում սրտի անոթների անգիոպլաստիկա՝ ստենտավորում:

Սրտաբան Արտյոմ Մելիքյանի խոսքով՝ հիվանդների մեծ մասին ցուցված է եղել սրտի անհետաձգելի վիրահատական միջամտություն: «Արցախի հանրապետական հիվանդանոցն ապահովված է անհրաժեշտ բոլոր պայմաններով ու սարքավորումներով, սակայն ինվազիվ սրտաբանության ծառայությունում անհրաժեշտ են վերապատրաստված մասնագետներ»,- ասաց սրտաբանը: Նրա խոսքով՝ քանի որ սրտանոթային հիվանդությունները տարածվածությամբ ամենաշատն են, սրտային հիվանդների թիվը նույնպես քիչ չէ, որոնց մեծ մասը հաճախ անհետաձգելի բուժօգնության կարիք է ունենում: «Տեղում օգնություն ցույց տալու համար արհեստավարժ մասնագետների անհրաժեշտությունը կարևոր խնդիր է ցանկացած հիվանդանոցի, այդ թվում՝ Արցախի հանրապետական բժշկական կենտրոնի համար»,-ընդգծեց սրտաբանը՝ ավելացնելով, որ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել, որի համաձայն՝ Արցախի հանրապետական բժշկական կենտրոնի սրտաբանության ծառայության մասնագետներից մեկը կվերապատրաստվի որպես ինվազիվ սրտաբան, ինչը հնարավորություն կտա սրտի հիվանդություններ ունեցող արցախցի հիվանդներին վիրահատվել Արցախում: «Սրտային խնդիրների դեպքում ամեն րոպեն կարևոր է հիվանդի կյանքը փրկելու համար»,-հավելեց բժիշկը:

Բժիշկների փոխայցերի արդյունքում հնարավորություն կստեղծվի ավելի ակտիվ համագործակության. արցախցի մասնագետներին կփոխանցվի համալսարանական բժիշկների փորձն ու հմտությունները:

Կրթական-կլինիկական համագործակցության մասին հուշագրի շրջանակում Արցախի հանրապետական բժշկական կենտրոն փոխօգնության նպատակով կմեկնի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի ընդհանուր և ինվազիվ սրտաբանության կլինիկայի ինվազիվ սրտաբանության ծառայության ղեկավար Վահան Մխիթարյանը:

Փոխայցերը կկրեն շարունակական բնույթ: