Յուրաքանչյուր մարդ ծնվում է աշխարհը ճանաչելու և գնահատելու իր ուրույն ունակությամբ, որին կյանքի տարբեր փուլերում գումարվում են աշխարհընկալման մի շարք գործոններ, ունակություններ և հմտություններ, ինչին մարդիկ անվանում են կենսափորձ։ Յուրաքանչյուր երևույթ անալիզ է արվում հենց այդ պրիզմայի շեղանկյունով, որը երբեմն խիստ անհատական, երբեմն էլ ամբոխային է։ Շատերը դիմացինի վարքագիծը հասկանալու համար կարդում են բազմաթիվ հոգեբանական գրքեր, դիտում են հաղորդումներ, հիմնվելով ուրիշի փորձի վրա՝ փորձում են գնահատել ու ընկալել աշխարհը։ Սակայն, միևնույն ժամանակ, մարդկանց մի որոշ զանգված, որոնց շարքերում կան նույնիսկ կրթություն չունեցող մարդիկ, ընկալում, վերլուծում ու մեկնաբանում են երևույթները առանց որևէ բարդության և գիտական հիմնքի՝ չսխալվելով դրանում։
Ինչու՞մն է խնդիրը, ի՞նչն է տարբերում այդ մարդկանց իրարից։
ԵՊԲՀ «Հերացի» համալսարանական հիվանդանոցի Նյարդաբանական ծառայության ղեկավար, Նեյրոգիտության լաբորատորիայի ասպիրանտ Եկատերինա Հովհաննիսյանն առաջարկում է այդ ամենին գիտականորեն պատկերացնելու համար, բժշկական բառապաշարով շատ հակիրճ փորձենք հասկանալ, թե ինչ է կոգնիտիվ ֆունկցիան և ինչ ունակություններով են մարդիկ տարբերվում իրարից։
Կոգնիտիվ ֆունկցիան մարդու մտավոր ունակությունները նկարագրող հավաքական տերմին է, որը արտացոլում է ինֆորմացիան (աշխարհը) ընկալելու, հասկանալու և մեկնաբանելու մարդու բարձրագույն մտավոր ունակությունը։ Այն բարդ և բազմաբաղադրիչ պրոցես է բաղկացած հետևյալ հիմնական գործընթացներից՝ ուշադրություն, խոսք, պերցեպցիա (ընկալում), սովորել, հիշել և մտածել (դատողություն, որոշում կայացնել, խնդիր լուծել)։
Այս ունակությունները ծնվում են մարդու հետ, հասունանում են ընտանեկան և սոցիալական դաստիարակության ազդեցությամբ, բայց միշտ մնում են անհատական։ Այդ գործառնական ֆունկցիայի արագությունը միշտ չէ, որ արտացոլում է մարդու ինտելեկտուալ հնարավորությունները։ Այն կախված է ոչ միայն մարդու գենետիկ հնարավորություններից, այլև տարիքից, արտաքին միջավայրի ազդեցությունից, տվյալ ինֆորմացիայի տեսակից, մարդու տրամադրությունից և այլն։ Օրինակ, եթե երեխան ձեռքը ուղղի դեպի կրակը, յուրաքանչյուրին միլիվայրկյաններ են պետք արձագանքելու համար, բայց օրինակ մաթեմատիկական խնդիր լուծելու համար կարևոր են մարդու ուղեղի հնարավորությունները, կրթությունը, խնդրի բարդությունը, տվյալ պահին տրամադրվածությունը և այլն։
Մեր վարքագիծն էլ արտաքին միջավայրի հանդեպ բազմագործոն է։
Եկե՛ք քննարկենք կոգնտիվ պրոցեսների տեսակները։
Ուշադրություն: Սա մարդու ունակությունն է գիտակցությունը սևեռել մեծաքանակ ինֆորմացիայից տվյալ պահին ավելի կարևորի վրա։ Միաժամանակյա ինֆորմացիոն հոսքով ռմբակոծվելու դեպքում, ուղեղն առանձնացնում է մի քանի գիտակցված ընկալիչներ՝ բլոկադայի ենթարկելով մյուսներին (ընտողական ուշադրություն) և արձագանքում է տվյալ պահին իր համար առավել կարևորին (գործառնական ուշադրություն), իսկ որոշ մարդիկ էլ կարողանում են միաժամանակ երկու և ավել խնդիրների լուծման վրա ուշադրություն սևեռել՝ տալով դրանց միաժամանակյա լուծում (հոգեբանները դա կոչում են բազմաֆունկցիոնալ ուշադրություն)։ Համաձայնեք, որ կան մարդիկ, ովքեր երկար ժամանակ չեն կարողանում կենտրոնանալ մի խնդրի լուծման վրա․ օրինակ մեկ կինոնկար նայել մինչև վերջ, որևէ բան պատրաստել, մի դասաժամ նստել հանգիստ և այլ։ Այս մարդկանց մոտ լիարժեք ձևավորված չէ կայուն ուշադրությունը, որը հաճախ հանդիպում է երեխաների մոտ և տարբեր վարքագծային խանգարումների բաղադրիչ է կազմում։ Ուշադրության կենտրոնացման վրա ազդում է ինչպես մարդու հոգեվիճակը, այնպես էլ արտաքին միջավայրի ազդակները։
Խոսքը ձևավորման ընքացքում օգնում է մարդուն հասկանալ աշխարհը և արձագանքել նրան բանավոր կամ գրավոր խոսքի միջոցով ՝ միտքն արտահայտելու ունակությամբ։ Սա աշխարհընկալման և ինքնաարտահայտման մարդու հիմնական գործիքն է։ Երբեմն մարդիկ ծնվում են խոսքի խանգարմամբ, երբեմն այն առաջանում է գլխուղեղի տարբեր ախտահարումների ժամանակ (կաթված, վնասվածք, բորբոքում և այլն), երբեմն էլ կրում է ուղղակի հոգեբանական բնույթ։
Սովորելը մարդու ունակությունն է նոր ինֆորմացիան (գիտելիք, հմտություն, վարքագիծ, արժեք և այլն) ընկալելու, մշակելու և ունեցած գիտելիքների հետ համատեղելու։ Այն օգնում է մարդուն կատարելագործվել ու ավելի լավ ճանաչել աշխարհը։ Վերջինիս կայացման մեջ հիմնական դերը պատկանում է հիշողությանը, որի միջոցով պահպանվում և սեփականացվում են այդ հմտությունները։
Բժիշկ Հովհաննիսյանի խոսքով` կոգնիտիվ ֆունկցիայի ամենաակնհայտ և կյանքի որակը ձևավորող բաղադրիչը հիշողությունն է։ Շատ հաճախ մարդիկ իրենց ուշադրության կենտրոնացման դժվարությունները մեկնաբանում են որպես հիշողության վատացում, բայց իրականում հիշողության խանգարումները ինֆորմացիան մտապահելու ունակության կորուստն է, որի խաթարումը միշտ մասնագետի կողմից գնահատման կարիք ունի։
Ի՞նչ տիպի հիշողության ձևեր գոյություն ունեն։
Կարճատև հիշողությունը (երբեմն անվանում են նաև աշխատանքային հիշողություն, բայց դրանք համարժեք չեն) մի շարք նոր ինֆորմացիայի հիշելու ուղեղի ունակությունն է, որը տևում է վայրկյաններ (միջինում 20-30 վրկ) և խիստ սահմանափակ է։ Սովորաբար մարդու ուղեղն ունակ է միանվագ հիշել մինչև 7±2 նոր ինֆորմացիոն բաղադրիչ։ Օրինակ, ձեզ ասում են հեռախոսահամար և դուք այն հիշելով մուտքագրում և պահում եք ձեր հեռախոսում․ ահա այստեղ ձեզ օգնեց կարճատև հիշողությունը։ Կարճատև հիշողության լավացմանը նպաստում է ինֆորմացիայի կրկնելը և այն կարող է խաթարվել այլ արտաքին ազդակներից։ Նույն հեռախոսահամարը հիշելու համար կարող եք այն անընդհատ կրկնել բարձրաձայն կամ մտքում, սակայն ձեզ ակնթարթորեն կարող է շեղել օրինակ աղմուկը կամ նույն պահին ձեզ ուղղված հարցը։
Սակայն այլ է երկարատև հիշողությունը, որը չունի սահմաններ։ Տարբերում ենք ակնհայտ (explicit memory) և ոչ ակնհայտ (implicit memory) տեսակների երկարատև հիշողություններ։ Ակնհայտը գիտակցված հիշողությունն է, որը կարող է լինել էպիզոդիկ՝ կապված ձեր կյանքի կոնկրետ դեպքերի հետ (օրինակ՝ առաջին դասարան, հարսանիքի օր, առաջին աշխատավարձ և այլն) կամ սեմանտիկ, որը կոնկրետ աշխարհաճանաչումն է, ընդհանուր ինֆորմացիան (օրինակ՝ երկիրը կլոր է, մարդու ուղեղը կազմված է մոտ 90 միլիարդ նեյրոններից և այլն)։ Նեյրոդեգեներատիվ հիվանդությունների ժամանակ (օր․՝ Ալցհայմերի հիվանդության), տուժում է հիշողության հենց այս տեսակը (ակնհայտ, գիտակցված հիշողությունը)։
Ոչ ակնհայտ (չգիտակցված) հիշողությունը ևս ունի տարատեսակներ՝ պրոսեդուրալ, որը օգնում է մարդուն իր ամենօրյա կյանքում, երբ ավտոմատ կատարվում են ծանոթ շարժողական գործողություններ՝ մեքենա վարել, քայլել և այլն, և այսպես կոչված փրայմինգ (priming) հիշողություն, երբ մի ազդակն առաջացնում է այլ ազդակի խթանում, երբ կոնկրետ ազդակը ասոցացնում է կոնկրետ գործողություն, երբ փորձը ազդում է մարդու վարքագծի վրա (օր․՝ ծխող մարդը վառում է գլանակը ուտելուց հետո, մարդն սկսում է քայլել լուսփորի կանաչ լույսի վառվելուց և այլն)։
Սակայն կա նաև հիշողության այնպիսի տեսակ, որը կոչվում է զգայական հիշողություն․ աշխարհաճանաչումն է զգայարանների միջոցով (տեսողական, լսողական, համի, հոտի և շոշափելիքի)։ Մեր կյանքի յուրաքանչյուր վայրկյան լեցուն է նման հիշողություններով, սակայն երկարատև են դառնում հաճախ կրկնվող և էմոցիոնալ տպավորություն առաջացրած հիշողությունները։ Օրինակ, տերևների խշշոց լսելը ոչ միայն ճանաչվում է որպես տերևաթափ, այլև կարող է հիշեցնել ու ասոցացվել որևէ մարդու հետ, ում հետ քայլել եք տերևաթափին, կամ դեղորայքի հոտը հաճախ ասոցացվում է ցավի, հիվանդանոցի հիշողության հետ և այլն․․․․
Բարձրագույն կոգնիտիվ ֆունկցիայի բարձրագույն բաղադրիչը մտածողությունն է, որն օգնում է դատողությամբ որոշում կայացնել, խնդրին լուծում տալ և մարդուն օժտում է ավելի կատարյալի մասին տրամաբանելու։ Մտածողությունը գիտակցված գործընթաց է և կախված է ոչ միայն մյուս բոլոր կոգնիտիվ ֆունկցիաներից, այլև մարդու հոգեվիճակից, ֆիզիկական առողջությունից և արտաքին միջավայրի ազդեցությունից։ Հենց այս ունակությամբ են տարբերվում մարդիկ՝ մտածելու ունակություն, ինչով էլ ուրույն կամ համընդհանուր վերաբերմունք են դրսևորում կյանքի ու աշխարհի երևույթներին։
Ցավո՛ք, թե բարեբախտաբար, բայց մարդու կոգնիտիվ ֆունկցիաները ապրում են էվոլյուցիա կյանքի տարբեր փուլերում և հաճախ ռեգրես կյանքի մայրամուտին։ Եվ դա միշտ չէ, որ կրում է բնականոն ընթացք ու դրսևորվում է ուղղակի հիշողության խանգարումներով, այլ բերում է վարքագծային փոփոխությունների, աշխարհն ու սեփական «ես»-ը ճանաչելու և գնահատելու ունակության կորստի։ Կոգնիտիվ խանգարումները կարող են սկսվել նաև երիտասարդ տարիքում, դրսևորվել սկզբնական շրջանում միայն վարքագծային փոփոխություններով, որին կարող են նպաստել մի շարք պատճառներ (վիրուսային ախտահարում, հիպովիտամինոզներ, տոքսիկ նյութեր, դեպրեսիա և այլն)։
Ուստի, եղե՛ք ուշադիր ձեր անձի և ձեր հարազատների հանդեպ, ճանաչեք և վերլուծեք ցանկացած երևույթ ամբողջության մեջ, փորձե՛ք տեսնել ոչ միայն խավարում վառված լույսը, այլև հասկանալ խավարը, որ լույս սփրեք նրա վրա ու պահպանե՛ք մարդ մնալու կարևորագույն և բարձրագույն ճանաչողական ֆունկցիան։