Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Մանկական էնդոկրին բաժանմունքը բարեկարգված պայմաններով կծառայի բուժվող երեխաներին

Մանկական էնդոկրին բաժանմունքը  բարեկարգված պայմաններով կծառայի բուժվող երեխաներին

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում այսօր բարեկարգված պայմաններով վերաբացվեց Հայաստանում միակ մանկական էնդոկրին բաժանմունքը, որտեղ ստացիոնար բուժում է ստանում տարեկան շուրջ 600 երեխա:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, կարևորելով բաժանմունքի բարեկարգումն ու պայմանների բարելավումը, նշեց, որ Հայաստանում էնդոկրին խնդիրներ ուեցող երեխաների բուժումն իրականացվում է առաջադեմ եղանակներով: «2015 թվականից երեխաները ստանում են անալոգային ինսուլին գրիչ-ներարկիչների միջոցով, որի բարդություններն անհամեմատ քիչ են, ինչը թույլ է տալիս խուսափել բազմաթիվ խնդիրներից»,- ասաց նա՝ ավելացնելով, որ վաղ հասակից ճիշտ, գրագետ և ժամանակակից մեթոդների կիրառումն ամենարդյունավետ բուժման եղանակներից է: Արմեն Մուրադյանի խոսքով՝ բաժանմունքի բարելավված պայմանները վկայում են, որ այսպիսի խնդիրներով երեխաները մշտապես ուշադրության կենտրոնում են: «Այստեղ պատրաստվում են նաև ապագա բժիշկներ, որոնք սովորելուն զուգահեռ՝ կարող են մասնակից լինել ժամանակակից մեթոդների մշակմանն ու ներդրմանը»,-ընդգծեց ռեկտորը:

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգիայի կլինիկայի ղեկավար Ելենա Աղաջանովայի խոսքով՝ բաժանմունքը նոր, բարեկարգված պայմաններով շարունակելու է իր գործունեությունը՝ բուժօգնություն տրամադրելով Հայաստանի բոլոր շրջաններից էնդոկրին խնդիր ունեցող յուրաքանչյուր երեխայի: «Մեր երկրում սա միակ ստացիոնար բաժանմունքն է: Էնդոկրինոլոգիայի կլինիկային կից գործում է նաև մանկական հանրապետական էնդոկրինոլոգիական դիսպանսերը, որտեղ հաշվառված է տիպ 1 շաքարային դիաբետ ունեցող մոտ 526 երեխա»,-նշեց կլինիկայի ղեկավարը՝ հավելելով, որ համալսարանական հիվանդանոցային համալիրի էնդոկրինոլոգիական կլինիկայում ախտորոշվում և բուժում են ստանում շաքարային դիաբետ, վահանաձև գեղձի պաթոլոգիաներ, մակերիկամային անբավարարություն, վաղաժամ սեռական հասունացում ունեցող երեխաները։

Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրվա և բարեկարգված պայմաններով մանկական էնդոկրին բաժանմունքի վերաբացման առթիվ՝ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում բուժվող երեխաների մասնակցությամբ, իրականացավ արդեն ավանդույթ դարձած միջոցառում: Ներկա էին անվան բժիշկներ, հյուրեր, որոնք իրենց գործունեությամբ մշտապես աջակցում և օգնում են բուժվող երեխաներին: