Բժշկական համալսարանի օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ամբիոնի վիրահատարանը դատարկ չէ նույնիսկ տոներին։ Ամբիոնի վարիչ Սեմյոն Օրդույանի գլխավորությամբ ստեղծված այս գեղեցիկ ավանդույթը շարունակում է ամբիոնի ուսումնագիտական խմբակի շրջանակում միավորել բուհի և ԵՊԲՀ քոլեջի ուսանողներին՝ որպես մի մեծ վիրաբուժական ընտանիք, որտեղ նրանք շարունակում են կատարելագործել իրենց վիրաբուժական գիտելիքները՝ ստանալով Հայաստանի առաջատար մասնագետների խորհուրդները:
Ապագա բժիշկների աշխատանքներին ժամանակ առ ժամանակ մասնակցում են նաև անվանի բժիշկներ, որոնք իրենց մասնագիտական հմտություններն ու տարիների փորձն են փոխանցում նրանց:
Արդեն այս տարվա հունվարի 7-ին Օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ամբիոնի ուսումնագիտական խմբակ այցելեց Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նյարդավիրաբուժության ամբիոնի դոցենտ, ՀՀ նյարդավիրաբույժների ասոցիացիայի նախագահության, Եվրոպական և համաշխարհային նյարդավիրաբույժների ասոցիացիայի անդամ Դավիթ Պատրիկյանը։
Բժիշկը խրախուսեց նման նախաձեռնությունը, քանի որ ուսանողները հնարավորություն ունեն ստանալու ոչ միայն տեսական, այլև գործնական գիտելիքներ։
Վիրահատական կազմում էին ԵՊԲՀ և ԵՊԲՀ քոլեջի ուսանողները:
Օպերատիվ վիրաբուժության ամբիոնում ուսանող-բժիշկ հանդիպումները մշտական են, իսկ այդ հանդիպումների արդյունքում ուսանողներն ամրապնդում են ձեռք բերված տեսական գիտելիքները և փորձում գործնական հմտությունները: