Շնորհակալագրեր՝ քույրական գործի մասնագետներին երկարամյա, անձնվեր և բարեխիղճ աշխատանքի համար

Շնորհակալագրեր՝ քույրական գործի մասնագետներին երկարամյա, անձնվեր և բարեխիղճ աշխատանքի համար

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, համալսարանական հիվանդանոցների և ուսանողական հանրակացարանների բուժկետի բուժքույրերին շնորհավորելով մասնագիտական օրվա առթիվ, ռեկտորատի այսօր հրավիրված նիստում շնորհակալագրեր հանձնեց՝ երկարամյա, անձնվեր և բարեխիղճ աշխատանքի համար:

Բուհի ղեկավարը մեկ անգամ ևս կարևորեց և երախտիքի խոսքեր հղեց քույրական գործի մասնագետներին՝ կատարած կարևոր աշխատանքի և նվիրվածության համար։

«Սրտանց շնորհավորում եմ ռեկտորատի և համալսարանի անունից։ Ձեր աշխատանքը ծայրահեղ կարևոր է և գնահատված։ Ձեր աշխատանքի արդյունքը ժողովրդի գթասրտության կիզակետում է գտնվում»,- ընդգծեց բժշկական բուհի ղեկավարը` խնդրելով գնահատանքի խոսքերը փոխանցել նաև մյուս բոլոր գործընկերներին, որոնք իրենց տեղերում պահում են առողջապահական ճակատը, անհրաժեշտ դեպքերում` ռազմաճակատը։

Նա տեղեկացրեց, որ համալսարանի ուշադրության կենտրոնում են քույրական գործի կրթության ձևաչափի փոփոխման, բարձրագույն կրթություն ստանալու ծրագրերը, որպեսզի ոլորտի մասնագետների մեծ փորձն ու գիտելիքները հանգեցնեն նոր ձեռքբերումների։

Ռեկտորատի նիստում Արմեն Մուրադյանն առանձնահատուկ անդրադարձավ բուժաշխատողներին բռնության ենթարկելու այսօր գրանցված արտակարգ դեպքին։

Նա ընդգծեց, որ նման միջադեպերը պատիվ չեն բերում հայ ժողովրդի դարավոր քաղաքակրթությանը։

ԵՊԲՀ ռեկտորը կոչ արեց անտարբեր չանցնել նման դեպքերի կողքով։

Դրանք պետք է արժանանան նախ հասարակության քննադատությանը, ապա իրապահ մարմինների համարժեք գնահատականին։

Բուժաշխատողների մասնակցությամբ հրավիրված ռեկտորատի նիստում նա շեշտեց, որ մարդու կյանքի և առողջության արժեքը գերակա է և առաջնային։

Անդրադարձ կատարվեց նաև ուսումնական գործընթացին վերաբերող կազմակերպչական, կարգապահական հարցերին։

Կրթության, կլինիկական ոլորտի պատասխանատուները` ըստ ոլորտների զեկուցեցին ընթացիկ աշխատանքների և առաջիկա ծրագրերի մասին։