Սրտի մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիային վերաբերող հաճախ տրվող հարցերին է անդրադարձել ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի Ռադիոլոգիայի կենտրոնի ղեկավար Կարինե Գյոզալյանը:
Ի՞նչ է սրտի մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ)
Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան ոչ ինվազիվ ախտորոշիչ մեթոդ է, որի հիմքում ընկած է մանրակրկիտ պատկերի ստացումը մագնիսական դաշտի և ռադիոալիքների միջոցով: «Ոչ ինվազիվ» նշանակում է, որ հետազոտությունը կատարվում է առանց որևէ վիրահատական միջամտության, առանց մաշկի ամբողջականության խախտման: Այս ախտորոշման մեթոդը թույլ է տալիս բժշկին ստանալ մանրակրկիտ պատկեր, պատկերացում կազմել պացիենտի օրգանների կառուցվածքի և ֆունկցիոնալ վիճակի մասին:
ՄՌՏ-ն կարող է կատարվել մարմնի յուրաքանչյուր հատվածում: Իսկ Սրտի ՄՌՏ-ն նախատեսված է հատուկ սրտի և խոշոր անոթների հետազոտության համար: Ի տարբերություն ՀՏ հետազոտության, ՄՌՏ հետազոտության ընթացքում չեն օգտագործվում իոնիզացնող ճառագայթներ:
Հետևաբար սրտի ՄՌՏ հետազոտությունը բավականաչափ անվտանգ է և անհրաժեշտության դեպքում կարող է կիրառվել առավել հաճախակի:
Ո՞ր սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում է կատարվում սրտի ՄՌՏ հետազոտությունը
Սրտի ՄՌՏ հետազոտությունը կատարվում է մի շարք սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում, որոնցից են՝
Սրտի ՄՌՏ հետազոտությունն անփոխարինելի ախտորոշման մեթոդ է հատկապես կարդիոմիոպաթիաների և միոկարդիտների դեպքում, երբ ախտորոշումը հաստատել կամ ժխտել հնարավոր է միայն այս հետազոտության միջոցով։ Վերոնշյալ հիվանդությունների ճշգրիտ ախտորոշումը հնարավորություն է ընձեռում կրիրառել առավել նպատակային բուժական մարտավարություն:
Որո՞նք են սրտի ՄՌՏ հետազոտության ռիսկի գործոնները
Մագնիսական դաշտը և ռադիոալիքները, որոնք կիրառվում են սրտի ՄՌՏ հետազոտության ընթացքում անվտանգ են, չունեն կողմնակի ազդեցություններ, չեն կարող հանդիսանալ քաղցկեղի, բնածին արատների առաջացման պատճառ: Այս հետազոտությունը կարող է կիրառվել նաև հղիների հետազոտության նպատակով, սակայն ցանկալի է հետազոտությունն իրականացնել հղիության առաջին եռամսյակից հետո:
Սրտի ՄՌՏ հետազոտությունը հակացուցված է իմպլանտացված կարդիոստիմուլյատորների, ցանկացած մետաղական իմպլանտատների առկայության դեպքում:
Ներկորոնար ստենտները սրտի ՄՌՏ հետազոտության հակացուցում չեն: Եթե մարմնի որևէ հատվածում ունեք դաջվածք, երբևէ կրել եք հրազենային վնասվածք անհրաժեշտ է տեղյակ պահել բժշկին: