Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ստամոքսի հսկա ուռուցքի վիրահատություն՝ համալսարանական բժիշկների կողմից

Ստամոքսի հսկա ուռուցքի վիրահատություն՝ համալսարանական բժիշկների կողմից

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Վիրաբուժության կլինիկայում կատարվում են տարբեր տեղակայման ուռուցքների վիրահատություններ: Հիվանդանոցի ծառայությունների համատեղ աշխատանքը թույլ է տալիս հասնել լավ արդյունքների, երկարացնել ուռուցքաբանական հիվանդություններ ունեցողների կյանքը:

Վիրաբուժության կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Սուրեն Ստեփանյանի կողմից իրականացվել է հերթական բարդ վիրահատությունը. հեռացվել է ստամոքսի հսկա ուռուցք, որը տարածված էր որովայնի վերին հարկում: Հիվանդի նախավիրահատական հետազոտություններից և նախապատրաստությունից հետո, վիրաբույժների թիմը (պրոֆ. Ս. Ստեփանյան, Հ.Սաֆարյան, Վ. Մանվելյան) իրականացրել է վիրահատություն ընդհանուր անզգայացման տակ (անեսթեզիոլոգ Ա. Ղազարյան): Վիրահատության ժամանակ ռևիզիայով պարզվել է, որ ստամոքսի ուռուցքը սերտ կպած էր փայծաղին, ընդգրկել էր ենթաստամոքսային գեղձի պոչի շրջանը և փայծաղի անոթները:

Ուռուցքի հեռացման համար կատարվել է ստամոքսի պատի ծավալուն մասնահատում, ենթաստամոքսային գեղձի դիստալ մասնահատում, փայծաղի հեռացում, խոլեցիստէկտոմիա: Նշված հյուսվածքները հեռացվել են մեկ բլոկով: Հեռացված մակրոպրեպարատի չափերն էին 35սմх25սմх15սմ:

Հետվիրահատական շրջանն անցել է հարթ, հիվանդը դուրս է գրվել լավացմամբ: Համալսարանական կլինիկայի բժիշկների ևս մեկ դժվարին աշխատանք պսակվեց հաջողությամբ: