Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի պատվիրակությունը՝ ռեկտոր Զուրաբ Վադաչկորիայի գլխավորությամբ, շրջայց կատարեց Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Միքայելյան» հիվանդանոցում։
ԵՊԲՀ սիմուլյացիոն կենտրոնի վերակենդանացման և թերապիայի կաբինետում հյուրերը՝ ԵՊԲՀ զարգացման և մարքեթինգի գծով պրոռեկտոր Արա Ղազարյանի, «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտի գործադիր տնօրեն Էդուարդ Բարսեղյանի, Օտարերկրացիների ուսուցման փոխդեկան Խաչատուր Մարգարյանի ուղեկցությամբ, ծանոթացան հիվանդանոցում սիմուլյատոր-ռոբոտի միջոցով անցկացվող վերակենդանացման գործընթացին, շրջեցին ռազմական բժշկության, գինեկոլոգիայի և մանկաբարձության, վիրաբուժության, մանկաբուժության, լապարասկոպիկ կաբինետներում։
Համալսարանական մասնագետները վրաց գործընկերներին ներկայացրին «Միքայելյան» հիվանդանոցի պատմությունը, կառուցվածքը և հնարավորությունները։
ԹՊԲՀ օդոնտոլոգիայի ամբիոնի վարիչ Մարինա Մամալաձեն հիացմունք արտահայտեց կատարված աշխատանքով․ «Որքան շատ աշխատանք եք հասցրել կատարել այստեղ 3-4 տարվա ընթացքում»։
Միջազգային հարթակներում ակտիվ փոխգործակցության շրջանակում վրաց մասնագետներն արժեքավոր խորհուրդներով կիսվեցին հայ բժիշկների հետ միջազգային հավատարմագրման, մասնավորապես՝ ուսումնական գործընթացում OSCE քննության ներդրման ուղղությամբ։